Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉԸ ՇԻՐԱԿՈՒՄ



ԶՈՐԱԿՈՉԸ ՇԻՐԱԿՈՒՄՄեկնարկեց ձմեռային զորակոչը, որը  Շիրակի մարզում ինքնատիպ տոնի է վերածվում: Նորակոչիկներին «Մայր Հայաստան» հուշահամալիրից երգ ու պարով, բարեմաղթանքներով ու օրհնանքներով ճանապարհեցին ծնողներն ու հարազատները, տեղական ինքնակառավարման մարմինների, զինկոմիսարիատի ներկայացուցիչները:

Կենտրոնական հավաքակայան մեկնելուց առաջ տղաները բուժզննում անցան, իսկ նրանց ծնողները հատուկ կահավորված սպասասրահում ծանոթանում էին եւ հպարտությամբ պատմում իրենց որդիների մասին: Ծնողների հուզմունքը կրկնապատկվում էր զինկոմիսարիատի բակում հնչող հայրենասիրական երգերի եւ սպասասրահում ցուցադրվող ֆիլմերի ազդեցությամբ: Պաշտպանության նախարարի հրամանով այս զորակոչին առաջին անգամ ծնողներին սպասասրահներ են տրամադրվել, որտեղ նրանց ուշադրությանն են ներկայացնում բանակաշինությանը, Հայաստանի եւ Արցախի անկախությանը նվիրված վավերագրական ֆիլմեր:

Շիրակցին ոչնչից ու ոչ մեկից չի վախենում, իսկ նրա մարտական ոգին միշտ բարձր է: Ահա այսպես են բնութագրում իրենց տղաներին ձմռան անասելի ցրտին բանակ ուղարկող ծնողները: Ի՞նչ զգացողությամբ են տղաները մեկնում ծառայության, եւ ի՞նչ մտահոգություններ ունեն ծնողները, փորձեցինք պարզել տեղում:

Կարապետյան Ռազմիկ, զինակոչիկ.

-Գիտենք, որ հայրենիքը պիտի պաշտպանենք, կերթանք էլի: Վախ չունինք… հանուն մեր հայրենիքի:

Պողոսյան Լյովա, զինակոչիկ.

-Շատ լավ տրամադրություն ունիմ, եկել եմ Ռուսաստանից, որ երթամ ծառայեմ հայրենիքիս:

Զինակոչիկների հարազատների խոսքում միախառնվել էին հուզմունքն ու հպարտությունը:

Երանոսյան Մարզպետ, զինվորի հայր.

ԶՈՐԱԿՈՉԸ ՇԻՐԱԿՈՒՄ-Ցանկանում ենք, որ բոլոր հայ երեխաները անփորձանք ծառայեն, կռիվ չեղնի, հանգիստ ծառայեն, գան հայրենի օջախներ: Մեկս ծառայել եկել է, մեկս էլ ծառայության մեջ է՝ Մարտակերտ է: Ցանկանում ենք անփորձանք ծառայություն: Աստված իրանց հետ եղնի:

Պողոսյան Զինա.

-Թող միայն խաղաղություն լինի, բոլորի երեխեքը անփորձանք ծառայեն, Աստված իրենց պահապան, հպարտ ենք, որ այսպիսի երեխեք ունենք, որ կամավոր եկել են ծառայելու: Բարի ծառայություն:

Ավալյան Արփինե.

-Եղբորս ճանապարհում եմ ուրախ տրամադրությամբ: Զինվոր տղաներին մաղթում եմ առողջություն, բարի ծառայություն, մայրերին էլ՝ համբերություն:

Մարգարյան Սամվել.

-Այսօր բոլորիս համար ուրախալի օր է, մենք մեր զավակներին բանակ ենք ճանապարհում, բանակ, որ մեր ազգի սրբությունն ու գոյության խորհրդանիշն է….

Գյումրիի զինվորական կոմիսար, գնդապետ Գագիկ Խաչատրյանն իր վերլուծությունն ունի. նախորդ տարիների համեմատ, այս տարի առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների թիվը շատ փոքր է: Նկատելիորեն աճել է արտերկրից վերադարձող եւ հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարել ցանկացող երիտասարդների թիվը: Այդ օրը ծառայության մեկնելու համար երկու երիտասարդ էին վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից:

Զինկոմը մեկ այլ դիտարկում էլ է անում՝ ապրիլյան պատերազմից հետո հայրենասիրական ոգին շատ է բարձրացել պատանիների շրջանում: Նախորդ տարի Գյումրիից ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվողների թիվը 33 էր, իսկ ապրիլյան պատերազմից հետո արդեն դարձավ 47:

 

Հարություն ՉԱՔՄԻՇՅԱՆ

Խորագիր՝ #02 (1173) 18.01.2017 - 24.01.2017, Ազգային բանակ


18/01/2017