ԱՍՊԵՏԻ ՍԻՐՏԸ
Նվիրվում է Արմենակ Ուրֆանյանին
Եվ դարե՜ր ի վեր այդպես է եղել.
Հայերս՝ մի բուռ, թուրքը՝ ոհմակով,
Մեր սիրտն է խոցել, մեր հոգին դաղել,
Ազգիս արյունը գետի պես հեղել:
Բայց նո՛ր սերունդ է ասպարեզ եկել,
Հայոց ճակատի շանթե՛րը բեկել,
Ազգի քաջության շերտե՛րը պեղել
Ու նենգ ոսոխի արյո՛ւնն է հեղել:
Մեր Ուրֆանյանը՝ բարության ասպե՛տ,
Ծիածանաթև երազանքի հետ,
Մի հրաշք աղջիկ՝ իր ջահել սրտում,
Դեռ ոչ ոք նրան չէր տեսել տրտում:
Հայրենասերի խոհերի ե՛ռք էր,
Կյանքի պես թա՛նկ էր սիրածի համար,
Արար աշխարհը սիրո մի ե՛րգ էր,
Նա իր մո՛ր համար մի տիեզե՛րք էր:
Քաջակորով էր, անսահման բարի,
Հայաստանով էր իր սիրտը լցված,
Իսկ խոր հայացքում տագնապն էր դարի,
Գոռ Արցախի՛ն էր նա սիրահարված:
Ու քանի՜ անգամ շնագայլերը
Եկան իր դիրքի, տղաների դեմ,
Նա առյուծի պես ահեղ մռնչաց,
Իր կորյուններով ելավ նրանց դեմ:
Այնպե՜ս ծառս եղավ, այնպե՜ս մարտնչեց,
Հանց Սասնա Դավիթ՝ ժանտ Մելիքի դեմ…
Ասես Արցախն էր այդ բերդապատը,
Մայր Հայաստանն էր այդ խրամատը:
…Տղերքը ընկան հերոսների պես,
Եղբայրների պես ընկան քաջաբար,
Ճախրում են նրանց ոգիներն անտես,
Եվ հողն է գրկել նրանց մայրաբար:
Տղերքը ընկան… բայց դիրքը մե՛րն է,
Արցախցին նախնյաց սուրբ հողի տե՛րն է,
Սերունդներ կանցնեն, նորերը կգան,
Քաջանց քաջերի՛ն երանի կտան:
Ռուբեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Խորագիր՝ #03 (1174) 25.01.2017 - 31.01.2017, Հոգևոր-մշակութային