Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉՓԱՐԱՏՎՈՂ ԿԱՐՈՏ



ՉՓԱՐԱՏՎՈՂ ԿԱՐՈՏՀերոսի գաղափարը մեր գիտակցության մեջ նույնանում է նահատակի, հայրենիքի համար կյանքը տված մարդկանց հետ, ինչն էլ թերևս իր պատճառներն ունի:

Ովքե՞ր են հերոսները:

Միայն նրանք, ովքեր կռվեցին ու նահատակվեցի՞ն, թե՞ նաև նրանք, ովքեր կռվեցին ու շարունակում են պայքարել` իրենց սրտում կրելով պատերազմի արհավիրքների ողջ ծանրությունը: Մի՞թե հերոսացման համար կշեռքի նժարին պետք է անպայման դրվի մարդու կյանքը. բազմամարդ փողոցներով քայլելիս ու մարդկանց թափառող հայացքներին նայելիս միշտ մտածել եմ՝ գուցե հենց նրանց մեջ է այն հերոսը, որին չենք ճանաչում…

 

Սլավոնական արտաքինով կանաչակն այս տղային քչերն են ճանաչում. չի սիրում աչքի ընկնել, պատմել, խոսել իր արածի ու չարածի մասին: Չափազանց զուսպ, համեստ, ընկերասեր, ներամփոփ, մեղմ ժպիտով… թերեւս այսպես կարելի է բնութագրել մերօրյա հերոս Վակին` Վարդգես Ումրիկյանին: Հաստատ գիտեմ՝ եթե կարդա այս բառերը, նորից ենք վիճելու. ոչ մի դեպքում իրեն հերոս չի համարում ու չի ընդունում, որ որեւէ զինվորի հերոս են անվանում:

Ասում է՝ հերոսները նրանք են, ովքեր նվիրեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի վեհ գաղափարի ու անմահացան: Հերոսներն իր ընկերներն են, որոնց բացակայության հետ երբեք չի հաշտվի… Եթե մի փոքր շուտ հասնեին դիրք, եթե ինքը…

♦♦♦

Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան, Քյարամ Սլոյան, Անդրանիկ Զոհրաբյան, նրանք են իսկական հերոսները, որոնց մասին խոսում ենք, գրում, պատմում, երգեր ձոնում: Նրանք Վակի ամենամոտ ծառայակից ընկերներն էին, Անդրանիկը` նաեւ մանկության ընկերը:

Աբաջյան Ռոբերտի հետ ծանոթացավ, երբ արդեն մեկ տարվա ծառայող էր: Ընկերացան, ժամանակն ամրապնդեց ընկերությունը: Դիրքի ավագի պաշտոնում իրեն արժանի փոխարինող Կյաժին էր տեսնում, անգամ հրամանատարին էր տեղեկացրել, որ կա մեկը, ով կարող է կազմակերպված իրականացնել դիրքի ծառայության ղեկավարումը:

…Վակը մարտական դիրքի ավագն էր: Ասում է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը կատաղի մարտ էր, օժանդակում էին նաեւ մարտական գործողությունների կիզակետ դարձած հաջորդ դիրքին: Բոլորի փամփուշտները վերջացել էին: Միայն առավոտյան, երբ ամենուր գծագրվել ու տարածվել էին պատերազմի ծանրացած օդն ու արյունոտ հետքերը, կարողացան մտնել դիրք… որտեղ ընկերոջ` Քյարամի խոշտանգված դին էր եւ սիրելի հրամանատարը` Արմենակը: Չհասցրեց… Կյաժի ու Անդոյի մարմինները թշնամին կարողացել էր դուրս բերել չեզոք գոտի… Մանկության ու ծառայակից ընկերոջ մահվան բոթը ծնողներին հայտնելը իրեն էր վերապահված…

Հաճախ է կրկնում.

-Այն, ինչ ես եմ տեսել ու զգացել, անգամ թշնամուս չեմ ցանկանա… Չեմ ուզում մտածել, թե սա մեզ համար ցավալի դաս էր, քանի որ շատ հարազատ մարդիկ եմ կորցրել: Դաժան փորձություն էր: Ավելի լավ էր՝ ոչինչ էլ չտեսնեի ու չսովորեի…Բայց ես դեռ կիսատ գործեր ունեմ թշնամու հետ…

♦♦♦

Վակի համար ամենակարեւորը հիմա իր հերոսացած ընկերների ծնողների կողքին լինելն է:

-Զոհված զինվորի ծնողի համար նրա մարտական ընկերը դառնում է հարազատ, նրանից են առնում որդու կարոտը… Ես միշտ նրանց կողքին կլինեմ եւ կանեմ ամեն ինչ՝ ընկերներիս հիշատակը վառ պահելու համար:

Ապրիլյան թեժ օրերին ցուցաբերած արիության եւ խիզախության համար Վակը պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով: Արժանացել է պաշտպանության նախարարության շնորհակալագրի` «Հանուն հայրենիքի կյանքը զոհաբերելու պատրաստակամությամբ իր սահմանադրական պարտքը  կատարելու եւ  վստահված  պետական սահմանի  անձեռնմխելիությունն ապահովելու համար»:

Այժմ շարունակում է կրթությունը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, սակայն այստեղ էլ ոչ բոլորը գիտեն, որ իրենց կողքին համեստ ու խոնարհ հերոս է նստած:

-Երբ հասկանում ես, թե ինչքան հեշտ է մեռնելը, ու մի ակնթարթում տեսնում ես շատերի մահը… սկսում ես կյանքն ավելի արժեւորել:

♦♦♦

Շատ նպատակներ ունի` մարզիկին հատուկ պայքարելու եւ հաղթելու հոգեբանությունն ամուր է նստած նրա մեջ: Ուզում է կյանքում ամեն ինչի հասնել` միայն իր ուժերով, որպեսզի հողը ամուր զգա ոտքերի տակ ու վստահ քայլի: Մի մեծ ցանկություն էլ ունի, թե Աստված կամենա՝ հայ ազգին կնվիրի որդի եւ հերոս ընկերոջ պատվին Ռոբերտ կանվանակոչի:

Եռաբլուրը Վակի համար ուխտատեղի է դարձել… Կարոտում է ընկերներին… Կարոտ, որն այլեւս երբեք չի փարատվի:

Արմինե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #03 (1174) 25.01.2017 - 31.01.2017, Ազգային բանակ


25/01/2017