ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 118 ՕՐԸ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ՊՆ վարչական համալիրում հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախարարը ամփոփեց իր պաշտոնավարման հարյուր տասնութ օրը, անդրադարձավ ձեռքբերումներին, մեկնարկած ծրագրերին ու անելիքներին:
Նախարարը կարեւորեց իր երկու այցելությունները պաշտպանության բանակ, որտեղ մանրամասն քննարկումներ են ծավալվել թե՛ խնդիրների, թե՛ ծրագրերի շուրջ: Ապա մատնանշեց Երեւանում կայացած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որը լավ հնարավորություն էր ծանոթանալու բոլոր գործընկերների հետ, ինչպես նաեւ պայմանավորվածություններ ձեռք բերելու հետագա փոխգործակցության համար: Նախարարը առանձնացրեց իր պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օրակարգում էին ինչպես ռազմաարդյունաբերական ոլորտում հնարավոր փոխգործակցության հարցերը, այնպես էլ սպառազինությունների համալրման, ուսումնական ծրագրերը, համատեղ զորախմբի ձեւավորումը եւ ՀՕՊ միասնական համակարգի աշխատանքի մեկնարկը: Հունաստանում եւ Վրաստանում էլ քննարկվել են համագործակցության նոր հնարավորությունները. «Վրաստան այցը գնահատում եմ դրական: Մենք կարողացել ենք վերահաստատել մեր հարաբերությունները, հազարամյա բարեկամությունը եւ արձանագրել ենք, որ ունենք նույն շահը՝ դա անվտանգ եւ կայուն տարածաշրջանն է: Օրերս կմեկնարկի իմ պաշտոնական այցը Իրան: Մենք ունենք բազմաթիվ համատեղ անվտանգային խնդիրներ այս տարածաշրջանում»:
Անդրադառնալով զինվորական կրթությանը՝ նախարարն ընդգծեց, որ մեծ ուշադրություն է դարձնում ռազմաուսումնական հաստատություններին եւ, որպես առաջին քայլ, իր հայացքը ուղղել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին, քանի որ ապագա կուրսանտների մեծ մասն այստեղ է կրթություն ստանում. «Մեր գլխավոր նպատակը Մոնթե Մելքոնյան վարժարանը այս տարվա ընթացքում Հայաստանի առաջատար եւ ամենաուժեղ ավագ դպրոց դարձնելն է: Ես դիմել եմ հանրապետության նախագահին, որպեսզի Դիլիջանում կառուցված ՊԵԿ ուսումնական կենտրոնը հանձնվի վարժարանին: Եղավ լայն քննարկում հասարակության շրջանում՝ արդյո՞ք նպատակահարմար է յոթաստղանի հյուրանոցի փոխանցումը ռազմակրթական հաստատությանը: Ես առիթ եմ ունեցել ձեր գործընկերներից հրավիրել այնտեղ, և էլի կկազմակերպենք նման այց: Դուք կտեսնեք, որ դա ոչ յոթ, ոչ էլ հինգաստղանի հյուրանոց է։ Դա շատ լավ ուսումնական կենտրոն է՝ կառուցված մտածված ձևով»:
Ավարտական փուլին է մոտենում նաեւ զոհված եւ հաշմանդամություն ստացած զինծառայողների ապահովագրման հիմնադրամի ձեւավորումը. «ՊՆ-ի համար չափազանց կարեւոր է այս հիմնադրամի գերթափանցիկ աշխատանքը: Հասարակությունը չպետք է որեւէ կասկած ունենա: Եթե չկարողանանք ապահովել թափանցիկություն, ուրեմն դա կլինի մեր ամենամեծ բացթողումներից մեկը»,-նշեց նախարարը:
Վիգեն Սարգսյանը կարեւորեց նաեւ գնումների գործընթացի վերանայումը: Քանի որ բանակը պետությունում ամենախոշոր գործատուն է, նաև՝ խոշորագույն գնում կազմակերպող կառույցը, ուստի կարևոր է, որ գնումները լինեն արդյունավետ եւ ապահովեն լավագույն որակ նվազագույն գնով. «Մեր հիմնական սկզբունքը լինելու է այն, որ բացառենք միջնորդ կազմակերպությունների գործունեությունը. բանակի մատակարարը պետք է լինի այս կամ այն ապրանքի արտադրողը կամ ներկրողը»:
Նախարարը տեղեկացրեց, որ մի հարց այս տարվա ընթացքում կունենա չափելի արդյունք՝ կբարելավվի զինվորական կոշիկների որակը.«Ուզում եմ, որ հայկական բանակի կոշիկը լինի միջազգայնորեն ճանաչված բրենդ, որ այն հաճույքով հագնեն ոչ միայն զինվորները, այլեւ քաղաքացիական անձինք, որ այն լինի հարմարավետ եւ հասանելի: Այդ ուղղությամբ արդեն քայլ արել ենք»: Նոր կոշիկների բնական կաշվի մասն ավելի մեծ է լինելու, ավելի հարմարավետ. «Սակայն դա չի գոհացնում, մինչև տարեվերջ ունենալու ենք նոր մոդել, որպեսզի մեր զինվորները կրեն առավել հարմարավետ կոշիկներ»,- հավելեց նախարարը:
Որպես կարևոր ձեռքբերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը առանձնացրեց նաեւ թեժ գծի ստեղծումը. «1-28 համարով թեժ գիծը շատ ինտենսիվ է աշխատում: Օրական ունենում ենք 120-150 հեռախոսազանգ: Թեժ գծի թիմը համագործակցում է մեր բոլոր ստորաբաժանումների հետ, փորձում է օր առաջ, վայրկյան առաջ գտնել բարձրաձայնվող խնդրի լուծումը»:
Նախարարը խորապես համոզված է, որ լավագույն վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ կարող է իրականացնել զինծառայողի, հատկապես շարքային զինվորի ընտանիքը. «Իմ մեծ ցանկությունն է, որ երկու տարվա ընթացքում զինվորը ավելի հաճախ կարողանա տեսնել իր հարազատներին: Հիմա քննարկում ենք տարբեր մոտեցումներ, լուծում դեռ չունենք, բայց փորձելու ենք ստանալ արդյունք»:
Ամփոփելով իր ղեկավարման այս ժամանակահատվածը՝ Վիգեն Սարգսյանը նշեց, որ աշխատանքային առօրյան հագեցած էր. «Այս ընթացքում ունեցել եմ միայն վարսավիրի ծառայությունից օգտվելու եւ կիրակի օրերը ընտանիքիս հետ մի փոքր շփվելու հնարավորություն»:
Հ. Գ.- Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ «ՀայՓոստը» թողարկել է երկու նամականիշ, որոնց վրա պատկերված է ՀՀ ԶՈՒ զինանշանը: Այսօր պաշտպանության նախարարությունում նամականիշները մարվեցին եւ շրջանառության մեջ դրվեցին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Նարեկ Մալխասյանի մասնակցությամբ: Նամականիշներն ունեն 280 դրամ անվանական արժեք:
Ասուլիսի մասին առավել մանրամասն կարդացեք «Հայ զինվորի» առաջիկա համարում:
Շուշան Ստեփանյան
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում