Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԸ



ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԸՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2016 թվականի արդյունքներն ու նախանշվել 2017 թվականի խնդիրները: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհավորելով ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ՝ պաշտպանության նախարար  Վիգեն Սարգսյանը նշել է, որ 2016 թվականի ընթացքում հայոց բանակը պատվով է կատարել իր առաքելությունը՝  ապահովելով  ՀՀ  և  ԼՂՀ անվտանգությունը։

«Իհարկե, 2016 թվականը մեզ համար եղավ նաև որոշակի քննության տարի՝ հաշվի առնելով ապրիլին տեղի ունեցած գործողությունները, հակառակորդի արկածախնդրությունը: Եվ այն պատասխանը, որ տրվեց, այն արձագանքը, որ եղավ՝ շատ հստակ ցույց տվեց, որ մեր զինված ուժերը շարունակում են կատարել իրենց գործառույթը, որպես մարտունակ կառույց»,-նշել է Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ հետևողական և լարված աշխատանքի,  ջանքերի  համադրման և միջազգային լավագույն փորձի ներդրման արդյունքում պետք է արվի ամենայն հնարավորը առկա հաջողությունները բազմապատկելու համար:

Նիստի ընթացքում 2016թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության,  օպերատիվ ու մարտական պատրաստության արդյունքների, ինչպես նաև զինվորական կարգապահության վիճակի և 2017թ. ուսումնական տարվա նախանշված ուղղությունների վերաբերյալ հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ Զեկույցում նշվել է, որ անցած ուսումնական տարվա ժամանակահատվածում պլանային կարգով շարունակվել են մարտական հերթապահության կրման պայմանների և ամրաշինական կառույցների կատարելագործման, զորքերի պատրաստության, զինվորական կարգապահության չափորոշիչների և մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման, զինանձնակազմի կայուն բարոյահոգեբանական վիճակի ապահովման աշխատանքները: Առաջընթաց է արձանագրվել ուսումնանյութական և նյութատեխնիկական բազայի հարստացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ: Գլխավոր շտաբի պետը անդրադարձել  է նաև արձանագրված որոշակի բացթողումներին և դրանց վերացման  հիմնական միջոցներին:

Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարարի տեղակալները, որոնք, ըստ պատասխանատու ուղղությունների, ներկայացրել են 2016 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներն ու կազմակերպված միջոցառումները։

Կոլեգիայի նիստի ավարտին 2016 թվականի ընթացքում մարտական պատրաստությամբ, կարգապահությամբ, ինչպես նաև հայրենիքի սահմանների պաշտպանության գործում աչքի ընկած լավագույն ստորաբաժանումներին  պաշտպանական գերատեսչության ղեկավարը  հանձնել է  պատվո դրոշներ: Մի շարք զինծառայողներ էլ արժանացել են պետական ու գերատեսչական մեդալների, պատվոգրերի  և  արժեքավոր նվերների:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


30/01/2017