ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
Հունվարի 28-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովի հետ, որը Հայաստանի Հանրապետություն էր ժամանել ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ռուսական կողմից` ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՌԴ Հարավային զինվորական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռոմանչուկը և այլք:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերի գրեթե ամբողջ ծավալը` ռազմական և ռազմատեխնիկական ուղղություններից մինչեւ հեռանկարային քայլերը:
ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմակայան այցելության ընթացքում ստուգել է զորախմբի օբյեկտները, նյութատեխնիկական բազան, ենթակառույցները, սոցիալ-կենցաղային պայմանները:
ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին նշել է, որ հայ-ռուսական համագործակցությունը և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման կարևոր գործոն են:
Վիգեն Սարգսյանը հայտնել է նաև, որ հայկական կողմը պատրաստ է շարունակելու Սիրիայում մարդասիրական օգնության առաքելությունը և հայկական օգնության հերթական խմբաքանակը մոտակա օրերին պատրաստ կլինի առաքման:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում