Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ



Հունվարի 28-ը Բանակի օրն է: Բանակի ծնունդը անակնկալ չէր: Այն մեր երազն էր, որն իրականություն դարձավ: Բանակը մեր կեցության, հարատեւության, ինքնության երաշխավորն է: Բանակը մեր տունն ու տանիքն է: Հոյաշուք մի տոն, որի առթիվ  խմբագրության փոստը բազում շնորհավորանքներ է ստանում, որոնք էլ շարունակաբար կտպագրենք «Հայ զինվորի» էջերում:

 

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆՄեր պահապան քաջ զինվորին

Բարեւ, սիրելի՛ հայ զինվոր, 25 տարեկան դարձած հայոց բանակի քաջարի մարտիկ: Կարծում եմ` թույլ կտաս քեզ եղբայր կոչեմ, քանի որ այսօր ամեն մի հայի համար դու թե՛ եղբայր ես, թե՛ որդի եւ թե՛ հայր: Ուզում եմ հավատացած լինես, որ քո նվիրումն ու գործը գնահատում է հայ ժողովուրդը: Դու նրա համար ամենասիրվածն ես ու գնահատվածը: Բյուր աղոթքներ են բարձրանում առ Աստված քո բարօրության համար:

Իմ եղբայրն էլ այսօր պատվով ծառայում է հայոց բանակում եւ, ով գիտե, գուցե միասին եք ծառայում հենց նույն զորամասում կամ նույնիսկ ընկերներ եք:

Զինվորի բարձր կոչումը, որը կրում եք դուք, ստիպում է ձեզ հաղթահարել` տան, ծնողների, քույրերի ու եղբայրների հանդեպ ունեցած կարոտը եւ հենակետի տղաներով միասին մի բռունցք կազմած` անցկացնել անքուն գիշերներ հայրենիքի պաշտպանության համար:

Սիրելի եղբայր, ծառայակից ընկերներիդ հետ քեզ ցանկանում եմ առողջություն ու հաջողություն, խաղաղ երկինք ու բարի վերադարձ:

ԼԻԼԻԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

12-րդ դասարան

 

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆՈղջույն հայոց բանակի զինվորին

Ողջո՜ւյն, անծանոթ, բայց հարազատ զինվոր:

Արդեն 25 տարի է, ինչ կա մեր բանակը` ամուր հիմքով ու հավերժ կանգուն մեր հայկական բանակը: Իսկ բանակի հիմքում դու ես եւ այն սպաները, ովքեր ուղղորդում են քեզ: Բայց ասեմ, որ հենց քո կամքը եւ ինքնավստահությունը, քո խիզախությունն են միշտ ոգեւորել, ոգեւորում ու ավելի վճռական դարձնում հրամանատարներին:

Քո շնորհիվ ենք մենք հանգիստ եւ խաղաղ ապրում, արարում: Համոզված եմ, որ մեր հանգստությունն էլ քեզ է փոխանցվում, ուժ ու եռանդ է տալիս, որտեղ էլ լինես` զորամասում, թե սահմանի ամենավտանգավոր տեղում կանգնած:

Սիրելի՛ զինվոր, զգոն, աչալուրջ, անքուն, կարոտից խեղդվող, հոգով միշտ տոկուն զինվոր, հիշի՛ր, որ այս ամենապատասխանատու գործում քո թիկունքին ոչ միայն քո զինակից ընկերն է, սպան, այլեւ ընտանիքդ` ամբողջ ժողովուրդը, ովքեր ուրախանում են քեզ հետ միասին ու տխրում քեզնից էլ շատ… Որքան էլ դժվար է ապրել հեռու ընտանիքից, ընկերներից, սիրած աղջկանից, բայց հիշի՛ր` պետք է համառել ու նեղություն, ամեն-ամեն խոչընդոտ հաղթահարել պատվով` հերոսին վայել պարզ ճակատով:

ԱՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ԵՊՀ, I կուրս

 

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆՆամակ զինվորին

Բարեւ:

Հետաքրքիր է. այսօր այս ցուրտ եղանակին մենք մեր տներում նստած տաք թեյ ենք խմում եւ չենք էլ պատկերացնում, թե ի՞նչ մեծ գործ եք անում մեզ համար: Չենք պատկերացնում` ինչ է նշանակում պահել սահմանը այս ցուրտ եղանակին` հեռու բոլորից` ընտանիքից, ընկերներից, ամենաթանկ մարդկանցից: Սակայն գիտենք, որ ձեր շնորհիվ է մեր երկիրը կանգուն ու ուժեղ:

Ես էլ եմ որոշ ժամանակ անց զինվոր դառնալու, ես էլ եմ սահման պահելու, ու ես ցանկանում եմ նմանվել ձեզ` նրանց, որոնց շնորհիվ ես այժմ նստած եմ իմ փոքրիկ, տաք անկյունում` ընտանիքիս հետ, ըմպում եմ տաք թեյ ու գրում այս նամակը:

Ուզում եմ, որ առողջ լինես, լինես դիմացկուն, համբերատար եւ ուշիմ:

Շնորհավորում եմ մեր բանակի 25-ամյակը. այսինքն` շնորհավոր տոնդ, սիրելի՛ հայ զինվոր:

ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ

12-րդ դասարան

Խորագիր՝ #04 (1175) 01.02.2017 - 07.02.2017, Բանակ և հասարակություն


01/02/2017