Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՂՎԱ ՀԶՈՐ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ



ՎԱՂՎԱ ՀԶՈՐ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸՀայոց բանակի տարեդարձին նվիրված տոնակատարությունները ժողովրդական սիրո ամենամեծ վկայությունն են: Հայկական զինված ուժերի 25-ամյակը մեծ խանդավառությամբ նշվեց ոչ միայն բուհերում ու դպրոցներում, այլեւ՝ նախաուսումնական հաստատություններում:

Կենտրոն վարչական շրջանի թիվ 4 մանկապարտեզում հանդիսավոր միջոցառում է: «Հայկական բանակ» երգի խրոխտ հնչյունների տակ ձիգ ու ամուր քայլքով դահլիճ են մտնում զինվորական հանդերձանք հագած փոքրիկները: Նրանք իրենց անձնվեր երգ ու պարով, որոտան ասմունքով մեծարում են հայրենիքի սահմաններն ամուր և անառիկ պահող զինվորներին, մեր խաղաղության պաշտպաններին:

Պստիկ զինվորների գեղեցիկ, անկեղծ կատարումները ոգևորել, հուզել են ներկաներին. էս ինչքա~ն երգ ու ոտանավոր գիտեն հայրենիքի, բանակի, զինվորի մասին:

-Հայրենասեր սերունդ դաստիարակելու համար պետք է դեռ վաղ տարիքից կաթիլ-կաթիլ, հնարավորինս մատչելի և գրավիչ սերմանել այդ ամենը մեր փոքրիկների մաքրամաքուր հոգիներում,- նշում է մանկապարտեզի տնօրեն Արմինե Զոհրաբյանը:

Դահլիճում տոնական տրամադրություն է թևածում:

Որդիներն ենք մենք քո հողի,

Որդիներն ենք մենք քո շողի,

Ու թոռներն ենք մենք քաջերի

Եվ պաշտպանը մեր մայր հողի…

Առաջին անգամ հայրենիքի զինվորի համազգեստ հագած փոքրիկներն իրենց թոթով լեզվով խոստանում են տեր լինել երկրին, դառնալ վաղվա հզոր բանակի արժանի զինվորներ:

Իսկ ներկաների, հատկապես մայրերի սրտում, մտքում միայն մի ցանկություն է, մի երազանք. «Տա՛ Աստված՝ մեր զավակները լինեն խաղաղ օրերի պահապանը, խաղաղ օրերի զինվորն ու տերը»:

Ա.Ա.

Խորագիր՝ #04 (1175) 01.02.2017 - 07.02.2017, Բանակ և հասարակություն


01/02/2017