ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ
Հայոց բանակի 25-րդ տարեդարձին ընդառաջ՝ մեր հանրապետության քաղաքների և գյուղերի դպրոցներում տոնական տրամադրություն էր տիրում: Հանդիսություններին մեծ խանդավառությամբ էին մասնակցում աշակերտները և ուսուցիչները: Երեխաներին այդ օրը թույլատրված էր դպրոց ներկայանալ զինվորական համազգեստով, և վաղ առավոտյան փողոցներում դպրոց շտապող բազմաթիվ զինվորիկների կարելի էր տեսնել:
Երևանի թիվ 127 ավագ դպրոցում հյուրընկալվել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Բարձրաստիճան զինվորականը, դպրոցի սաներն ու ուսուցչական կազմը, զինծառայությունն օրեր առաջ ավարտած դպրոցի շրջանավարտներն ու կրթօջախում ուսանած, հետագայում հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ արիաբար զոհված զինվորների հարազատները ծաղիկներ խոնարհեցին զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև, եղան դպրոցական թանգարանում, մեկ րոպե լռությամբ հարգեցին խիզախ հայորդիների հիշատակը: Այնուհետև գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը «Արիության դաս» անցկացրեց: Նա փուլ առ փուլ ներկայացրեց բանակի կազմավորման դժվարին ուղին, թշնամուն խաղաղություն պարտադրելու համար իրականացված գործողությունները: ԳՇ պետը գոհունակությամբ նկատեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմը մեկ անգամ ևս աշխարհին ներկայացրեց մեր բանակի ուժն ու մեր զինվորների ոգու ամրությունը։
♦♦♦
Երևանի թիվ 31 հիմնական դպրոցում ենք: Այստեղ հաստատված ավանդույթ կա. բանակի հետ աղերսվող բոլոր տոներին աշակերտներն այցելում են Եռաբլուր՝ իրենց դպրոցի շրջանավարտ՝ Արցախյան պատերազմի հերոսներից Արշակ Ղամբարյանի («Արջ») հիշատակը խնկարկելու: Արշակի մասին աշակերտները հպարտությամբ են խոսում՝ «Նա շատ ուժեղ էր ու քաջ», «Բռնցքամարտիկ էր՝ մկանուտ, թիկնեղ», «Ասում են, որ շատ խիստ էր, երբ զայրանում էր, բայց և ընկերոջ համար հոգի կտար»…»:
Շարժվում ենք ապրիլյան պատերազմի մերօրյա հերոսների վերջին հանգրվանը: Ութերորդ դասարանցի Նարեկ Տիգրանյանը հերոսների շիրիմների մոտ երգում է. «Եղբայրս ու ես…»: Երեխաները լուռ են, լսում են իրենց զինղեկի հորդոր-պատգամը՝ այս հերոսների արյամբ ազատագրված հողը պետք է սրբությամբ պահել…:
Դպրոցում 4-րդ դասարանցիները հատուկ հյուր ունեին՝ իրենց դասընկերուհի Թերեզայի եղբայրը՝ Ենգիբարյան Լևոնը: Քառօրյա պատերազմի օրերին նա ծառայում էր ամենաթեժ կետերից մեկում՝ Հադրութի մատույցներում: Երեք օր երիտասարդի մասին ոչ մի տեղեկություն չի եղել: Եվ ահա իրենց հերոսը նստած է այստեղ՝ ողջ եւ առողջ: Լևոնի խոսքերից, զինվորական բառապաշարից ամեն ինչ չէ, որ հասկանում են, բայց կլանված լսում են: Երեխաների խնդրանքով Լևոնը պատմում է դիրքապահ շան մասին, որի օգնությունն անգնահատելի է եղել այդ օրերին. ցանկացած շարժման, թեթև թխկոցի մասին տեղեկացրել է իր հաչոցով: «Պատերազմի օրերին մենք հասկացանք, թե ինչ կարևոր է համախմբվածությունը,- ասում է Լևոնը:-Տեսանք նաև, թե ինչքան կարևոր է սահմանի ողջ երկայնքով մեր զորքի կազմակերպված պաշտպանությունը: Մեծ ոգևորություն ապրեցինք, երբ դիրքերում մեզ օգնության եկան Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկները: Նրանք մեզ ինքնավստահություն եւ ուժ հաղորդեցին»:
Երեխաներն էլ իրենց հերթին ոգևորված պատմում են, թե այդ օրերին ինչպես են նամակներ գրել զինվորներին, անհրաժեշտ պարագաներ բերել դպրոց, փաթեթավորել սահման ուղարկելու համար: Ոմանք նամակներում նշել էին իրենց հեռախոսահամարները, և զինվորները պատասխանել էին, շնորհակալություն հայտնել ու խոստացել, որ ծառայությունից հետո անպայման կհանդիպեն: «Մեծ հաճույքով կարդում էինք ձեր նամակները, էրեխե՛ք ջան,- ասում է Լևոնը: Հիշում եմ, թե ինչպես ծանրոցներից մեկում յուրահատուկ մի նվեր գտանք. մանկատան մի երեխա իր օրապահիկ թթվասերն ու կոնֆետն էր ուղարկել… Գրություն էր կպցրել վրան. «Տղե՛րք ջան, ես ձեզ հետ եմ…»: Շվարած և հուզված կանգնել էինք՝ չգիտեինք՝ ինչ անենք այդ թանկարժեք նվերը…»:
♦♦♦
Երևանի Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 դպրոցի դահլիճում աշակերտները դիտում էին Բանակի օրվան նվիրված բեմականացումը: Պարային, ասմունքի, ռազմահայրենասիրական երգերի հուզիչ կատարումներով հանդես եկան դպրոցի շնորհալի սաները:
Միջոցառման վերջում դպրոցի տնօրեն Վիկտորիա Սուքիասյանն ասաց. «Շնորհավորելով մեզ երկրի համար կարևորագույն այս տոնի կապակցությամբ՝ բոլորիս ցանկանում եմ կամք, քաջություն, տոկունություն և համբերություն, որովհետև մեր բանակը դեռ շատ հաղթանակներ է տոնելու: Այսպիսի սերունդ, այսպիսի հզոր ներուժ ունեցող ժողովուրդը չի կարող հաղթանակներ չունենալ: Երեխանե՛ր, դո՛ւք եք մեր ապագա այն զինվորները, ովքեր տոնելու են մեր բանակի 50-ամյակը: Ձեզնից հետո էլ գալու են հաջորդ քաջարի սերունդները: Մեզ միայն ռազմի դաշտում չէ, որ հաղթանակներ են պետք, այլ նաև՝ գիտության, սպորտի, բժշկության և այլ ասպարեզներում: Մենք բոլորս էլ զինվորներ ենք՝ ամեն մեկս մեր տեղում»:
♦♦♦
Որդուս դասղեկ Կարինե Վարդանյանի հրավերով եղա նաև Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում: 3/2 դասարանում վարեցի բանակին նվիրված դասը: Դասամիջոց էր. զինվորական համազգեստով շրջող աշակերտների բազմությունից առաջին տպավորությունս այն էր, թե մտել եմ զորամաս՝ փոքրիկ զինվորիկների զորամաս: Համազգեստավոր երեխաները շարային խրոխտ քայլքով հպարտ հետ ու առաջ են անում միջանցքով, ոգեւորված իրար պատվի առնում: Երբ մտնում եմ դասարան, տղաներից մեկը անթերի շարային քայլքով մոտենում է, պատվի առնում ու ներկայանում. «Տիկի՛ն մայոր, գեներալ Պապյանն եմ, թույլ կտա՞ք նստել»: Առաջին պահին չեմ կողմնորոշվում ինչ պատասխանել այս լուրջ գեներալին: «Էդ ես պետք է թույլտվություն խնդրեմ Ձեզնից, պարո՛ն գեներալ»,-պատասխանում եմ հարգանքով: Հետո երեխաների հետ զրուցում ենք ազգային բանակ, անկախություն, հերոսություն, վեհանձնություն, հայրենասիրություն հասկացությունների շուրջ… Իրար հերթ չտալով՝ երեխաները շարադրում են բանակի մասին իրենց պատկերացումները, ես էլ փորձում եմ լրացումներ անել: Հետո միասին դիտում ենք բանակի ձևավորման մասին պատմող տեսաֆիլմ: Երեխաները մեծ ուրախությամբ ճանաչում են մեր հերոսներին՝ Վազգեն Սարգսյան, Մոնթե, Լեոնիդ Ազգալդյան…
♦♦♦
Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առթիվ նմանատիպ միջոցառումներ անցկացվեցին հանրապետության բոլոր դպրոցներում: Ոգեկոչվեցին Արցախյան և ապրիլյան պատերազմներում զոհված պանծալի հերոսները: Աշակերտները մեկ անգամ եւս տեսան իրենց դպրոցների շրջանավարտ հերոսներին, նրանց, ովքեր ծառայության մեջ էին ապրիլյան դժվարին օրերին և պաշտպանում էին մեր հայրենիքի սահմանները: Հանդիպեցին Արցախյան պատերազմի մասնակից զինվորականների, բարձրաստիճան սպաների հետ, որ «Արիության դասեր» էին տալիս: Շատ կրթօջախներում էլ նվերներ ու քաղցրավենիք էին հավաքում՝ սահմանամերձ զորամասեր ուղարկելու համար: Երեխաները նվերների հետ խնամքով տեղավորում էին նաև զինվորներին ուղղված իրենց նամակները՝ սրտառուչ խոսքերով ոգևորելու տղաներին և հայտնելու, որ հայրենիքը պաշտպանելու իրենց հերթին են սպասում:
Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #04 (1175) 01.02.2017 - 07.02.2017, Բանակ և հասարակություն