Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԹԵ ՀԱՎԱՏԱՍ ԻՆՁ, ԵՍ ԿՀԱՂԹԵՄ



ԵԹԵ ՀԱՎԱՏԱՍ ԻՆՁ, ԵՍ ԿՀԱՂԹԵՄԲանակի ծնունդն է՝ 25-ամյակը։ 25 տարեկան էր Արցախան պատերազմում քաջի մահով ընկած ազատամարտիկ Կարեն Ավետիսյանը, որը կրակեց մինչեւ վերջին փամփուշտը, կռվեց մինչեւ սրտի վերջին զարկը, բայց դիրքը չտվեց թշնամուն։ Գուցե հենց այդ պահի՞ն ծնվեց հայոց բանակը, սրտին դիպած թշնամու գնդակով Հայրենիքի պաշտպան օծվեց Երրորդ Հանրապետության առաջին զինվորը։

25 տարեկան էր վաշտի հրամանատար Վահե Խաչատրյանը, որը քառօրյա պատերազմի ժամանակ իր զորքը տարավ մարտի, կենաց-մահու կռիվ տվեց թշնամու դեմ եւ վերադարձավ անկորուստ ու հաղթանակած։

25 տարեկան է առաջնագծում կանգնած իմ զարմիկը՝ Վարդան Սիմոնյանը, որը գերազանցությամբ ավարտեց բակալավրիատն ու մագիստրատուրան, բայց մերժեց ասպիրանտուրա ընդունվելու առաջարկը, ասաց՝ քսանյոթս կլրանա, չեմ հասցնի բանակ գնալ։ Կատակեց՝ իմ բաժին սահմանը ուրիշին չեմ տա։ Ու գնաց բանակ։

Կարենի, Վահեի, Վարդանի… Իմ ու քո բանակի տարեդարձն է։ Մեր թերթում հոբելյարների հետ հարցազրույց անելու ավանդույթ կա։ Բայց իմ դիմացի աթոռը դատարկ է։ Մի հնար լիներ՝ ՀՈԲԵԼՅԱՐԸ գար, նստեր դիմացս։ Պատմեր: Ինչպես մյուս հոբելյարներին՝ նրան էլ խնդրեի. «Այն, ինչ պաշտոնական տեղեկագրերում գրված է, բոլորս գիտենք, ես ուզում եմ, որ պատմես այն ամենը, ինչը քո հոգում է, թվեր-փաստերի լուսանցքներում։ Քո ուրախությունների ու ցավի մեջ, քո պայքարի, քո պարտությունների ու հաղթանակների, քո հիասթափությունների ու երազանքների»։ Միասին «անցնեինք» կորուստների ու հաղթանակների, ձախողումների ու ձեռքբերումների, սխալների ու շտկումների 25-ամյա ճանապարհով։

-Ծնունդդ շնորհավոր, Բանա՛կ։ Հրաշալի տարիք է քսանհինգը՝ ամենագեղեցիկ, ամենաուժեղ, ամենաեռանդուն տարիքը։ Հաղթելու տարիք է։ Դու էլ քո հասակակիցների նման պատերազմի սերունդ ես, իսկ պատերազմի սերունդը շուտ է հասունանում, որովհետև ստիպված մեծ բեռ է վերցնում իր ուսերին։ Այդ պատճառով էլ տարիքիցդ անհամեմատ մեծ ես երևում, քունքերդ էլ ժամանակից շուտ են ճերմակել։

-Ես երկար սպասված զավակ եմ։ Ինձ 600 տարի սպասել են, 600 տարի երազել են իմ մասին։ Գիտես՝ ծնողները ոնց են սիրում երկար սպասված զավակին, ոնց են փայփայում։ Նրան իրենց սիրտն ու հոգին են տալիս անմնացորդ։ Այդպես իմ ծնող-ժողովուրդը ինձ տվեց իր ամբողջ արյունը, երբ ես արնաքամ էի լինում Արցախն ազատագրելիս… Երբ ես, հազար տեղից խոցված, փորձում էի ոտքի կանգնել պատերազմից հետո։ …Երբ գերմարդկային ճիգերով շտկել էի մեջքս ու մտքիս դրել էի չափվել աշխարհի հզոր բանակների հետ։ Երբ թշնամու անքանակ զենքի ու զորքի առաջ՝ որպես վահան իմ սիրող սիրտն էի պարզել ու իմ քաջությունը։

-600 տարվա երազանք՝ ասում ես։ Բանակն ազգի արու զավակն է: Միակը:

-Ու այդ արու զավակը հայի գոյության իրավունքն է ու արժանապատվությունը, արու զավակը հայի օջախի սյունն է, օջախի պաշտպանը։ Օջախի կրակը վառ պահողն ու ծուխը շարունակողը։ Առանց արու զավակի հայի տունը անտեր ու անպաշտպան է։ Ով ասես՝ կգա, տեր ու իշխան կդառնա գլխիդ քո տան մեջ, եթե պաշտպան չունենաս։ Օտարը քեզ չի սիրի։ Կավերի ու կգնա, կթալանի ու կտանի։ Արու զավակը հայի ուժն է ու հպարտությունը։

-Դժվար էր քո ծնունդը։ Ես հիշում եմ՝ երկրաշարժը մեզ ծնկի էր բերել, սով էր, ցուրտ էր, խավար…

-Իմ ծնող-ժողովուրդը այնքան սեր, ցասում, ցավ, ըմբոստություն, կարոտ, նվիրում, երազանք էր ամբարել հարյուրամյակներ շարունակ, ինձ ունենալու այնքան մեծ տենչանք, որ ոչ մի ցուրտ, սով կամ երկրաշարժ չէր կարող փակել իմ ճանապարհը։

-Պահը անպատեհ էր…

-Բայց եւ օրհասական էր։ Կամ պիտի ծնվեի այդ ժամանակ կամ պիտի մնայի որպես հայի անկատար երազանք՝ պատմության դասագրքերին պահ տրված։ Ես հայի վերջին զարկն էի՝ վերջին հնարավորությունը: Իսկ դու գիտես, որ հայի վերջին զարկը անվրեպ է. էպոսը հիշիր։ Մոնթեն էր ասում՝ կամ պիտի հաղթենք այս պատերազմում, կամ պիտի շրջենք հայոց պատմության վերջին էջը։ Պապենական թշնամին չոքել էր մեր բկին։ Այդ էր պատճառը, որ ո՛չ Ազատության հրապարակում սեփական արժանապատվությունը կռող ժողովրդին ուղղված խորհրդային տանկերի մահաբեր փողերը, ո՛չ երկինք ակոսող ուղղաթիռների ահարկու սլացքը, ո՛չ սումգայիթյան սպանդի սարսափները, ո՛չ էլ Արցախ մտած պապենական թշնամու բազմաքանակ ու մինչև ատամները զինված զորքը չկարողացան վախեցնել մեզ։ Ես ծնվեցի, որ պաշտպանեմ իմ տունն ու իմ ծնողին։

-Մենք այլընտրանք չունեինք, մեր հույսը մեր նորածին բանակի վրա էինք դրել։

-Եթե պետք է, մենք խախտում ենք բոլոր օրինաչափություններն ու Սասունցի Դավթի պես ժամ առ ժամ ենք մեծանում։ Սկզբում ազատամարտիկներն էին՝ խենթ, ազնիվ ու հերոսական։ Գրիչը, բահը, քանոնը, ջութակը, վրձինը նետեցին, զենք առան, հասան մարտադաշտ…

-Երևի շատերը կյանքում զենք բռնած չկային։

-Նրանց զենքը քաջությունն էր ու անսահման սերը հայրենիքի հանդեպ։ Նրանց զենքը իրենց տղամարդկային արժանապատվությունն էր ու սեփական ժողովրդի ազատության համար զոհվելու պատրաստակամությունը։ Դրանով էլ հաղթեցին: Հետո, մի՛ մոռացիր, որ պատերազմելու տաղանդը մեր արյան մեջ է։

-Բա ասում են՝ մենք արարող ազգ ենք, կռվել չենք սիրում։

-Կռվել չենք սիրում, բայց երբ մեզ կռիվ են պարտադրում, կռվում ենք նույնքան լավ, որքան մշակույթ ու արվեստ ենք արարում։ Մենք մեր զենքերը լիցքավորում ենք հայրենիքի հանդեպ սիրով, կորուստների անամոք ցավով, մեր գերեվար հողի կարոտով, մեր հոգում մխացող վրիժառությամբ…

-Այդ փամփուշտները ոչ մի փողով չես գնի։ Դրա համար էլ չլսված ու չտեսնված ասքեր են ծնվում պատերազմի դաշտում։

…Բայց, այնուամենայնիվ, կռիվը գիտություն է, զինվորականներն են այդպես ասում։ Պատերազմը արվեստ է, որին պիտի տիրապետես, իսկ դու միայն հայրենասիրության ու քաջության մասին ես խոսում։

-Մենք արհեստավարժության պակաս չունենք, որովհետև շատ հայ զինվորականներ թողեցին պաշտոնները խորհրդային բանակում, հարմարավետ, անհոգ կյանքը, եկան կռվելու հայրենիքի համար։ Նրանք խորհրդային բանակի համազգեստը փոխարինեցին հայկական բանակի համազգեստով ու կամովի իրենց ուսերին առան պատերազմի դաշտում բանակ ստեղծելու ու այդ նորաստեղծ բանակով թշնամուն հաղթելու ծանր բեռը։ Նրանք իրենց արհեստավարժությանը գումարեցին ազատամարտիկների խիզախությունը։

-Նրանք էլ էին խիզախ…

-Իհարկե, խիզախ էին։ Ասածս այն է, որ մենք պատերազմի դաշտում և՛ խիզախություն ունեինք, և՛ արհեստավարժություն։

-Դժվարությունը հետո պիտի գար, երբ խաղաղության ժամանակ խորհրդային բանակը լքած արհեստավարժները և պատերազմի դաշտում սխրանքներ գործած, հայրենիքի սահմանները արյամբ գծած ազատամարտիկները սկսեին ճշտել սեփական կշիռը։

-Բայց բախում չեղավ, որովհետև նրանք բոլորը պատերազմ տեսած քաջեր էին ու գիտեին խաղաղության գինը։ Եվ հանդուրժեցին միմյանց, ներեցին մեկը մյուսի սխալները, սիրեցին իրար։ Ֆիդայիներն ասացին՝ առանց կադրային սպաների ռազմական գիտելիքների դժվար կլիներ, արհեստավարժներն ասացին՝ առանց ազատամարտիկների քաջության չէինք կարող։ Այդպես, միմյանց լրացնելով, իրար օգնելով, շարժվեցինք առաջ։

-Պատերազմից անմիջապես հետո բանակ կառուցելը պիտի որ ավելի հեշտ լիներ՝ քանի դեռ հաղթանակի խանդավառությունը չէր մարել:

-Հերոսների շիրիմներին ծաղիկներն էլ դեռ չէին թառամել։ Հարյուրավոր ընտանիքներ զրկվել էին կերակրողից, շատ մայրեր սև էին հագել, երիտասարդ կանայք էին այրիացել, երեխաներ էին որբացել։ Մի կողմից պետք էր բուժել պատերազմի վերքերը, տեր կանգնել զոհվածների ընտանիքներին, մյուս կողմից՝ պաշտպանել հայրենիքի սահմաններն ու զրոյից կանոնավոր բանակ ստեղծել…

-Իսկապես, անհավատալի է, որ անցանք այդ ամենի միջով և հասանք այսօրվան։

-Պատմածս ծանր իրականության ու բազում հոգսերի չնչին մասն է միայն։ Զինվորական դարձած ազատամարտիկներին էր պետք մասնագիտացնել, սովորեցնել զինվորական գործը. կռիվը մի բան է, բանակաշինությունը, զինվորական մասնագիտությունը՝ այլ։ Այդ տարիներին բանակում ծառայելը իսկական հերոսություն էր. սպաները տքնում էին օրը 24 ժամ, զինվորները դիմանում էին ծանր պայմաններին ու պահում էին սահմանը։

…Սխալներ էլ եղան։

-Սխալներ չէին կարող չլինել. փորձ չունեինք։ Առաջին անգամ էինք անցնում այդ ճանապարհը:

-Սահմանը պահելու ջանքը երբեմն ետին պլան մղեց մի շարք կարեւոր հարցեր, օրինակ՝ միջանձնային հարաբերությունների շտկման խնդիրը, դրանից էլ խաղաղ պայմաններում զինվորներ զոհվեցին։ Մինչև ուշքի եկանք, մինչև փորձեցինք շտկել բացթողումը, տեսանք՝ հիվանդությունը այնքան է խորացել, որ մինչ օրս դրա շորշոփները չեն վերանում։ Չնկատեցինք, թե ինչպես դրսից արատավոր բարքեր մտան բանակ։

-Կամ նկատեցինք, բայց ավելի կենսական խնդիրներ ունեինք լուծելու։

-Հնարավոր է և այդպես։ Բանակ սողոսկեցին որոշ պատեհապաշտ մարդիկ։ Նրանք եկան ոչ թե կառուցելու, այլ թալանելու։ Ստվեր գցեցին հազարավոր նվիրյալների տքնաջան աշխատանքի վրա, մեր համազգեստի պատվի վրա… Ապօրինի տարկետումներ զորակոչի ժամանակ, հրամանտարի հովանու ներքո արտոնյալ պայմաններում ծառայող կամ հոսպիտալները հանգստյան տուն դարձրած զինվորներ… Խարդախեցին ու հարստացան բանակի հաշվին, զինվորի համար նախատեսված, մեր ժողովրդի՝ իր բերանից կտրած ու բանակին տված փողով…

-Բայց այդ սխալները շտկեցիր, չէ՞… Ինքնամաքրվելով, դաժան պայքար մղելով բացթողումների ու թերացումների դեմ։ Եվ սա քո ամենամեծ հաղթանակն էր խաղաղ բանակաշինության տարիներին: Այսօր զինվորի բաժինը անխաթար հասնում է տիրոջը, այսօր գրեթե ոչ ոք կաշառքով, ապօրինի տարկետում չի ստանում, զինվորը հենց զորահավաքակայանում փափուկ, տաք, հարմարավետ հագուստ է ստանում ու մեկնում բանակ։ Այսօր ո՞ր սպան սիրտ կանի ձեռք բարձրացնել զինվորի վրա։ Իսկ երկրի նախագահն ասում է, որ զինվորականությունն է դառնալու հասարակության էլիտան, առաջընթացի շարժիչն ու բարոյականության չափանիշներ հուշողը։ Սա արդեն ավելին է, քան հաղթանակը: Զինվորականությունը, որն ընդամենը 25 տարվա կենսագրություն ունի, կերտել է իր ազնիվ, ազգանվեր ու հերոսական դիմագիծը։ Երբ նույնիսկ մի կարգին սերնդափոխություն չի եղել։ Բանակի առաջին սպաներից ոմանք դեռ շարքերում են։

-Անելիքներ շատ ունենք։ Այնքան շատ են նպատակներն ու գործերը, դեռ շատ հեռու ենք կատարելությունից։

-Ադրբեջանը միշտ պարծենում էր իր փողերով, իր մեծաքանակ զենքով ու զորքով, բայց ապրիլյան պատերազմի ժամանակ մեր զինվորն ու սպան ավելի պինդ ու մարտունակ դուրս եկան, քան ադրբեջանական նավթադոլարներով սնված, Թուրքիայում պատրաստություն անցած հատուկջոկատայինները։

-Որովհետև բանակի մարտունակությունը միայն զենքի առատությամբ չի պայմանավորված։ Հայտնի խոսք է՝ զենքը քաջի ձեռքին է հզոր, մեր բանակի զենքը քաջերի ձեռքին է։ Ու ապահով են ժողովուրդն ու հայրենիքը: Բայց մենք պիտի այնպես անենք, որ մեր քաջերը ավելի ու ավելի պաշտպանված լինեն:

-Մի տեսակ տոնական հարցազրույց չստացվեց, խոսքիդ մեջ խանդավառություն չկա, ցնծություն չկա։ Ծնունդդ է, չէ՞, տոն է։

-Մեկ տարի չկա, ինչ ապրիլյան պատերազմում 100-ից ավելի հերոս զինվոր ու սպա կորցրի։ Այս զրույցը ապրիլյան պատերազմից առաջ լիներ, ավելի շատ կխոսեի հաղթանակների ու ձեռքբերումների մասին, ավելի մեծ ցնծությամբ։ Իսկ հիմա ավելի շատ իմ խնդիրների մասին եմ ուզում խոսել: Գալիք մարտահրավերներին պիտի դիմակայենք ավելի քիչ կորուստներով։ Ու պիտի զոհված զինվորների ընտանիքներին ու վիրավորներին տեր կանգնենք ավելի մեծ պատասխանատվությամբ ու ավելի երևելի աջակցությամբ։

-Դա հո միայն բանակի խնդի՞րը չէ։ Ժողովուրդն էլ պիտի տեր կանգնի իր պաշտպաններին, իր խաղաղ ու արժանապատիվ գոյության համար սեփական կյանքն ու առողջությունը զոհած զինվորների ընտանիքներին։

Ես ժամանակին մի հրապարակախոսություն էի գրել այսպիսի վերնագրով՝ «Մենք գումարվելիս բազմապատկվում ենք»։

-Այդպես էր Արցախյան պատերազմի ժամանակ, այդպես եղավ քառօրյա պատերազմի ընթացքում։ Հիշո՞ւմ ես՝ ապրիլյան կռվի օրերին կամավորականները ինչպիսի՜ նվիրումով կանգնեցին սահմանը պաշտպանող զինվորների ու սպաների կողքին։ Միասնականությունը պակաս կարևոր չէ նաև խաղաղության ժամանակ։ Այո՛, մենք գումարվելիս բազմապատկվում ենք, որովհետև մեր միասնությունից ինքնավստահություն է ծնվում, հավատ, սեր, համարձակություն…

-Այսօր քո ռազմական կրթօջախները հետ չեն մնում հարյուրամյակների կենսագրություն ունեցող արտասահմանյան ռազմական բուհերից։ Այսօր ամենազարգացած երկրների զինվորականներն են փաստում, որ դու 21-րդ դարի բանակ ես, ու քո զինվորականները իրենց արհեստավարժությամբ չեն զիջում ամենազարգացած երկրների զինվորականներին։ Վկան՝ բազմաթիվ մեծամասշտաբ զորավարժություններին քո փայլուն մասնակցությունը։ Դու լավագույնն ես տարածաշրջանում, և դա արտասահմանցի ռազմագետների կարծիքն է։ Այսօր քո զինվորները ամեն ինչով ապահովված են, նույնիսկ դիրքերի կենցաղային պայմաններն են հրաշալի։ 25 տարի խրամատից դուրս չգալով՝ այսպիսի մեծ նվաճումներ ես ունեցել։ Դու մեր ամենամեծ հաղթանակն ես: Նորից ու նորից շնորհավոր ծնունդդ։ Օրհնված լինես, բազուկդ՝ պինդ, զենքդ՝ անվրեպ։ Հաղթանակը թող լինի մշտական ուղեկիցդ։

-Ու թող անկորուստ անցնեմ գալիք ճանապարհս։ Ես գիտեմ, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու, դեռ այնքան դժվարություններ ունեմ հաղթահարելու։ Այնքան հեռու եմ իմ երազած բանակից։ Եվ այնքան պատմական խնդիրներ եմ ժառանգել։ Բայց, եթե մեջքս ամուր լինի, եթե ժողովուրդը շարունակի կանգնել թիկունքիս, եթե զգամ նրա հզոր ու տաք շնչառությունը, եթե շարունակի սիրել ու հավատալ ինձ, ես կհաղթեմ։ Որքան էլ դժվար լինի, կհաղթեմ։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ. -Ես կարող էի հերոսական, ցնծությամբ, հուռաներով համեմված խոսքեր գրել այսօր, բայց ազնիվ չէի լինի ընթերցողի հանդեպ, որովհետև իմ առջև նստած 25-ամյա բանակը խոհուն էր, իմաստուն, հոգսաշատ ու սակավախոս: Նա շքերթային տրամադրություն չուներ, նրա խոսքի մեջ պաթոս չկար, հրճվանք չկար, բայց կար հաղթելու, կեսճանապարհին չմնալու ամուր վճռականություն։ Ես այդպիսին տեսա նրան։

Խորագիր՝ #04 (1175) 01.02.2017 - 07.02.2017, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


01/02/2017