ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿԿՐԱԿԵՆ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՊԵՍ
Lockheed Martin ընկերության ինժեներների կողմից մշակվող նշանոցը հրաձգության հեղափոխական մոտեցումներ է առաջարկում: Թիրախի դինամիկ արտացոլմամբ էլեկտրոնային նոր նշանոցը (DinGO) կրակողին թույլ կտա մինչև 600 մ հեռավորության վրա թիրախը խոցել նույնքան դիպուկ, որքան դա կաներ բարձրակարգ դիպուկահարը:
DinGO-ի բացառիկ յուրահատկությունը պատկերի փոփոխական խոշորացումն է` կախված թիրախի հեռավորությունից: Դա զինվորին թույլ կտա օգտագործել անձնական զենքը նաև դիպուկ կրակի անհրաժեշտության դեպքում և չսպասել դիպուկահար հատուկ ուժերի ժամանելուն:
Նշանոցում օգտագործված են օբյեկտիվների, ցուցիչների և լազերների արտադրության ոլորտում նորագույն նվաճումները: Զինվորը այլևս ստիպված չի լինի չափել հեռավորությունը, քամու ուժգնությունը, ըստ անհրաժեշտության փոխել օբյեկտիվը և այլն: Այժմ բավական է զենքը ուղղել նշանակետին և սարքն ինքնուրույն կկատարի բոլոր գործողությունները:
Պենտագոնը նոր նշանոցի լայնածավալ գնումներ է նախատեսում: Յուրաքանչյուր խմբաքանակում առնվազն 50 000 միավոր պատվիրելու դեպքում այն կարժենա 600 դոլար:
Նախագծման առաջին փուլը հաջողությամբ ավարտելուց հետո DinGO նշանոցի մշակումը կշարունակվի: Կստուգվի դրա համատեղելիությունը ԱՄՆ զինված ուժերի սպառազինության հետ, ապա մարտական պայմաններում շահագործելիս` պիտանելիությունն ու ամրությունը: