Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ



Հայկական բանակը դարձավ 25 տարեկան: Ո՞րն է նրա ուժը, եւ ինչի՞ վրա է պետք դնել շեշտն ապագայում հաջողություններ ունենալու համար:

Խոսում են մեր հրամանատարները:

 

Գնդապետ

ԱՐԱՐԱՏ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ-Բանակն այն տղաներն են, որոնք ստեղծում են խաղաղություն, որոնք զենքերը ձեռքներին կանգնած են սահմանին, որոնք մատ են թափ տալիս սանձարձակ թշնամու վրա, որոնք գրագետ են, ռազմական գիտելիքներին լավագույնս տիրապետող, կարգապահ են ու պարտաճանաչ, որոնք պատրաստ են ցանկացած պահի  ջարդելու հակառակորդի մռութը: Զինվորն է մեր բանակի ամենամեծ ուժն ու ձեռքբերումը: Այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը: Շնորհավոր տոնդ, Հայոց բանակի հաղթական զինվոր:

 

Գնդապետ

ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ-Ապրիլին մեր բանակը ապացուցեց, որ օժտված է բարձր մարտունակությամբ, որ պատրաստ է կատարելու նույնիսկ անհնարին թվացող առաջադրանքները, որ զիջելու եւ նահանջելու տեղ չունի: Իմ սպան ու զինվորն ասացին` Արցախի ազատ ապրելու իրավունքը չի քննարկվում: Եվ կռվեցին, հիմա էլ կռվում են: Իսկ մեր խաղաղությանն ու անվտանգությանն սպառնացող մարտահրավերներին դիմակայելու համար շեշտը դրել եւ դնում ենք զորավարժությունների, մարտական պատրաստության պարապմունքների անթերի կազմակերպման վրա: Խաղաղ պայմաններում էլ մենք պատրաստվում ենք պատերազմի: Վստահ եղեք` մեր բանակը խափանելու է թշնամու ցանկացած հարված:

 

Փոխգնդապետ

ՄԱՐՏԻՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ-Հայկական բանակը ամեն օր՝ ցերեկ թե գիշեր, խրամատում է: Համաձայնեք` սա բարդ իրավիճակ է ցանկացած բանակի համար: Հայոց բանակի սպան ու զինվորը 24 ժամ պաշտպանում են մեր հայրենիքը, հաճախ մարտի են բռնվում թշնամու հետ եւ հաղթում արհեստավարժության, նվիրումի, ճիգերի, համառության, երբեմն նաեւ կյանքի գնով: Հաղթում են, որովհետեւ դատապարտված են հաղթության: Իսկ հակառակորդի հոխորտանքները ոչինչ չարժեն: Մեր բանակն այսօր, առավել  քան երբեւէ, ամուր է թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես, թե՛ իր սպառազինությամբ և համախմբվածությամբ:

 

Գնդապետ

ՍՈՂՈՄՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ-Կարծում եմ` 25 տարիների ընթացքում երբեք այսպիսի արհեստավարժ, կազմակերպված բանակ չենք ունեցել, ինչպես այսօր: Բայց, այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք է՛լ ավելի բարձրացնելու մեր մարտունակությունը, է՛լ ավելի շատ պարապելու, է՛լ ավելի հղկելու մեր վարպետությունը, բազմապատկելու մեր ուժը, քայլելու ժամանակին համընթաց: Ինքներս մեզ չխնայենք, որովհետեւ մեր բանակը դեռ կռվի դաշտում է:

 

Գնդապետ

ՀՐԱՅՐ ԱԹՈՅԱՆ

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ-Հայոց բանակը ոչ միայն մեր ժողովրդի, այլեւ տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության երաշխավորն է: Եվ ցանկացած կետում այն պատրաստ է դիմագրավելու սպառնալիքին: Մեր առօրյան, մեր մարտական պատրաստությունը գնահատելով` վստահ կարող եմ ասել, որ 25 տարիները ճիշտ ենք օգտագործել: Հիմա պետք է շեշտը դնել ժամանակին համաքայլ սպառազինությամբ ու մարտական տեխնիկայով մեր զինված ուժերը ապահովելու վրա:

 

Գնդապետ

ՍԵՐԳԵՅ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ-Այս 25 տարիների ընթացքում մեր բանակը մարտական ծառայության ահռելի փորձառություն է ձեռք բերել, ինչը ոչ մի բանով չես փոխարինի: Բայցեւայնպես, չմոռանանք, որ նա մշտական կատարելագործման կարիք ունի՝ նոր հաղթանակներ, նոր ձեռքբերումներ գրանցելու հետագա կայացման երկար ու ձիգ ճանապարհին: Յուրաքանչյուրիս ցանկացած թեկուզեւ փոքրիկ հաջողությունն է ապահովելու նրա ամրությունը: Իմ ստորաբաժանումը շարային պատրաստությունից զինված ուժերում գրավել է երկրորդ տեղը: Մեր զորամասը առաջնագծում ապրիլին փայլուն կատարեց առաջադրված մարտական խնդիրը, թեպետ, կրկնում եմ, մենք ձեռք բերված ցուցանիշներով չենք գոհանում: Ձգտելու ենք ավելիին, որպեսզի զարգացնենք հաջողությունը:

Պատրաստեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #04 (1175) 01.02.2017 - 07.02.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


01/02/2017