ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԻՐԱՆ
Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է «Ալիք» թերթի խմբագրատուն: Թերթի խմբագրակազմի հետ հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է հայ-իրանական հարաբերությունների, ՀՀ զինված ուժերում իրականացվող աշխատանքների ու առաջիկա անելիքների վերաբերյալ, ներկայացրել է զինված ուժերի ձեռքբերումները, պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մանրամասնել է նաև «Ազգ-բանակ» գաղափարի դրույթները:
Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանում, հանդիպել թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Տեր Սեպուհ Սարգսյանի, հոգևոր դասի և իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Պաշտպանության նախարարն արժևորել և բարձր է գնահատել եկեղեցու և սփյուռքի կառույցների դերակատարությունը հայապահպանության, ինչպես նաև հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման գործում:
Վիգեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ընթացքում կարևորվել է անվտանգության ոլորտում երկու պետությունների համագործակցության ընդլայնումը: Քննարկվել են հայ–իրանական փոխգործակցության ամրապնդման, երկու ժողովուրդների բարեկամական կապերի խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Բարձր գնահատելով երկու պետությունների համագործակցությունը տարբեր բնագավառներում և ընդգծելով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ կողմերը շեշտել են նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը՝ որպես տարածաշրջանի պետությունների կայուն զարգացման անհրաժեշտ նախապայման:
Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը և հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը: Ընդգծելով բանակցային ճանապարհով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, կողմերը վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու իրենց պատրաստակամությունը:
ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ–իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման, տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հարցեր:
Կողմերն անդրադարձել են հայ–իրանական համագործակցության առաջնահերթություններին՝ ընդգծելով երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Խորագիր՝ Նորություններ