ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԿԽԹԱՆԻ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է բանակի թիկունքային ապահովմամբ զբաղվող «Էթկա» ընկերությունում։
Այնուհետև կայացել է Վիգեն Սարգսյանի հանդիպումը Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթիի հետ։ Բարձր գնահատելով դարավոր պատմություն ունեցող հայ–իրանական բարեկամությունը՝ զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ այն կարևոր նախադրյալ է հարաբերությունների շարունակական խորացման համար։ Ալի Ակբար Վելայաթին նշել է, որ Իրանն ու Հայաստանը արդեն արդյունավետ փոխգործակցություն են ծավալում տնտեսության մի շարք ճյուղերում, և հույս է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Իրան կխթանի համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ, մասնավորապես՝ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Վիգեն Սարգսյանն ու Ալի Ակբար Վելայաթին համակարծիք են եղել, որ լարվածության նոր օջախների ձևավորումը լրջորեն կվնասի տարածաշրջանային անվտանգությունը, ուստի անհրաժեշտ է համադրել ջանքերը ահաբեկչության և ծայրահեղականության տարածումը կանխելու նպատակով։
Անդրադարձ է կատարվել նաև արցախյան հիմնախնդրին։ Զրուցակիցներն ընդգծել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում և կարգավորման կարելի է հասնել բացառապես քաղաքական ճանապարհով։
Փետրվարի 2-ի երեկոյան հայկական պատվիրակությունը վերադարձել է Երևան։
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում