Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱ. ՄԱՍՆԱՏՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ



ՍԻՐԻԱ. ՄԱՍՆԱՏՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՕրերս Աստանայում տեղի ունեցավ սիրիական հակամարտության կարգավորմանը նվիրված հանդիպում, որին մասնակցել են Սիրիայի կառավարության եւ ընդդիմադիր ուժերի պատվիրակությունները, կազմակերպիչ երկրների՝ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները:

Նախաձեռնության շրջանակներում բանակցությունների սեղանի շուրջ առաջին անգամ համատեղ նստել են սիրիական իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները: Հիմնախնդրի հանգուցալուծման հետ կապված շոշափելի արդյունք այդպես էլ չի արձանագրվել, սակայն կողմերը համաձայնել են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների արդյունքում:

Հանդիպումը լարված է անցել՝ առաջին իսկ օրը կառավարական եւ ընդդիմադիր պատվիրակությունների միջեւ ծագած վեճից հետո կանգնելով տապալման եզրին: Սակայն միջնորդ երկրների ջանքերով՝ կողմերը կարողացել են շարունակել բանակցությունները եւ համաձայնության գալ որոշ վիճելի հարցերի շուրջ:

Սիրիայի ապագայի շուրջ առաջարկ է ներկայացրել Ռուսաստանը՝ կողմերի քննարկմանը տրամադրելով Սիրիայի նոր սահմանադրության սեփական տարբերակը: Ըստ ռուսական նախագծի՝ Սիրիան շարունակելու է հանդիսանալ ունիտար պետություն, բայց փաստաթուղթը չի բացառում քրդերին ինքնավարություն շնորհելը: Ընդգծվում է նաեւ Սիրիայի շրջանների իրավունքը որպես հիմնական հաղորդակցության միջոց ընտրելու տվյալ շրջանի բնակչության գերակշիռ մասի լեզուն: Սիրիայի սահմանները կարող են փոփոխվել միմիայն հանրաքվեի արդյունքներով:

Սահմանադրության ռուսական տարբերակը հետաքրքիր փոփոխություններ էլ է նախատեսում: Նախագահի պաշտոնավարման համար սահմանվում է 7 տարի ժամկետ՝ առանց վերընտրման իրավունքի եւ բացառապես մահմեդական լինելու խտրականության:

Զինված ուժերը ենթարկվում են պետության ղեկավարությանը, տեղական իշխանությանը, չեն խառնվում քաղաքականությանը եւ որեւէ կերպ չեն ազդում իշխանափոխության, ընտրական կամ այլ ներքաղաքական գործընթացների վրա: Երկրում բացառվում է օտարազգի զինված ուժերի կամ կազմակերպությունների գործունեություն, բացի խաղաղապահ առաքելություններից: Ռուսաստանն առաջարկում է փոխել նաեւ երկրի անվանումը. նախկին Սիրիայի Արաբական Հանրապետության փոխարեն՝ Սիրիայի Հանրապետություն:

Սիրիայի մայր օրենքի ռուսական տարբերակը վերապահումով է ընդունվել Թուրքիայի եւ Իրանի կողմից: Անկարան բացառում է Սիրիայի տարածքում որեւէ կիսանկախ կամ ինքնավար քրդական միավորի ստեղծումը: Միաժամանակ, ունիտար պետության գաղափարը մի քիչ մեղմացնում է Թուրքիայի տրամադրվածությունը: Իրանի համար էլ կարեւոր է իր կողմից հովանավորվող «Հըզբոլլահ» խմբավորման դերակատարության պահպանման եւ շիա բնակչության անվտանգության հարցը: Թե՛ Անկարան եւ թե՛ Թեհրանը արմատապես դեմ չեն, որ Սիրիայի նախագահի պաշտոնում լինի նաեւ քրիստոնյա, բայց մի պայմանով, որ երկրի պետական կառույցներում պահպանվի բոլոր կրոնական համայնքների  հավասարապես ներկայացված լինելու սկզբունքը, ինչպես հարեւան Լիբանանում:

Եվրամիության ներկայացուցիչներն էլ ընդդիմադիրների միջոցով հանդիպմանը ներկայացրել են Սիրիայի ապագայի նկատմամբ իրենց տեսլականը: Ըստ այդմ՝ Սիրիան բաժանվում է երկու մասի՝ 37-րդ աշխարհագրական լայնությամբ, ինչպես ժամանակին բաժանվեց Կորեան: Հյուսիսային Սիրիա՝ Հալեպ մայրաքաղաքով տեղափոխվելու են գործող նախագահ Բաշար Ասադի կողմնակիցները, եւ այն պահպանելու է «Սիրիայի Արաբական Հանրապետություն» անվանումը: Հարավային Սիրիան անվանվելու է «Սիրիայի Հանրապետություն»՝ Դամասկոս մայրաքաղաքով: Այստեղ ձեւավորվելու է կոալիցիոն «ժողովրդավարական» կառավարում: Սիրիայի նման բաժանման տարբերակին կտրականապես դեմ են Մոսկվան, Անկարան ու Թեհրանը, ինչպես նաեւ ընդդիմադիրների մի մասը, քանի որ դրանով հիմնահարցը չի լուծվի, այլ, ընդհակառակը, հակամարտության նոր օջախներ կստեղծվեն: Քաղաքական առումով երկու մասի բաժանումը հաշվի չի առնում կրոնական եւ էթնիկ պատկանելության հարցերը, տարբեր խմբերի շահերի բախման հավանականությունը: Անհեթեթ  եւ նույնիսկ Մարդու հիմնարար իրավունքներին հակասող է անվանվել նաեւ էթնիկ խմբերի վերաբնակեցման կետը:

Սիրիայի կարգավորման վերաբերյալ անակնկալ առաջարկ է արել նաեւ ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա մտահղացմամբ՝ Սիրիայի տարածքում ամերիկյան ցամաքային զորքերի պահպանության ներքո մի քանի հատուկ գոտիներ կստեղծվեն, որտեղ կարող են վերադառնալ սիրիացի փախստականներ Եվրոպայից ու Միացյալ Նահանգներից: Թրամփը չի բացառում Ռուսաստանի մասնակցությունը հետպատերազմյան Սիրիայի կարգավիճակի հարցում: Անկարայում պատրաստ են որոշակի վերապահումներով ընդունելու այս նածագիծը, եթե Վաշինգտոնը չսատարի քրդերին: Հատկանշական է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը դեռ չի հստակեցրել իր վերաբերմունքը Սիրիայի գործող կառավարության հանդեպ՝ կենտրոնանալով միայն «Իսլամական պետության» եւ այլ ահաբեկչական խմբավորումների ոչնչացման ծրագրերի վրա:

Աստանայի հանդիպումը կազմակերպվեց մեծ դժվարությամբ եւ, ըստ էության, հակամարտության կարգավորման որեւէ տարբերակի վերաբերյալ վերջնական համաձայնություն ձեռք չբերվեց, սակայն կողմերը այնուամենայնիվ արտահայտեցին հարցի լուծման շուրջ իրենց պատկերացումները, ինչպես նաեւ համաձայնության գալու պատրաստակամությունը, ինչը հետագա հանդիպումների համար առողջ հիմք է հանդիսանում:

 

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #05 (1176) 08.02.2017 - 14.02.2017, Տարածաշրջան


08/02/2017