ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԲԱՑ ԴԱՍ
«Մեր ապագան կախված է ներկայից, վաղը ազգովի պիտի հնձենք այն, ինչ սերմանում ենք այսօր»:
Գ. Նժդեհ
Բանակի 25-ամյա տարեդարձին նվիրված հանդիսություններ տեղի ունեցան ամբողջ հանրապետությունում: Գեղեցիկ և ուշագրավ մի միջոցառում էլ Երևանի Ռուբեն Սևակի անվան 151 դպրոցում էր. թատերականացված բեմադրությունը հիմնված էր իրական դեպքերի վրա: Ըստ սցենարի՝ դպրոցի զինղեկ՝ Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած գնդապետ Ռուբեն Գրիգորյանը ապրիլյան քառօրյայի ժամանակ դարձյալ գնում է առաջնագիծ և հանդիպում նախկին սաներին: Հուզիչ է պահը. ուսուցիչն անուն-ազգանունով հիշում է բոլորին: Հիշում է, թե աշակերտներից ով ինչ նախասիրություն է ունեցել:
-Ուսուցի՛չ, էլի աշակերտներին տանո՞ւմ եք հայ-թուրքական սահման,- հարցնում են տղաները` մտաբերելով դպրոցական տարիներին իրենց այցը սահմանապահ ուղեկալ:
-Տանում եմ ու էլի պիտի տանեմ, որ տեսնեք ձեր պապերի հողն ու ջուրը ու մի օր գերությունից ազատեք:
Ջերմ ու մտերմիկ խոսքուզրույցն ընդհատվում է` ուսուցչին ազատամարտիկ ընկերներից մեկն է զանգել. իրար պատմելու էնքան բան կա: Անցյալի հուշերը ալեկոծել են հին զինվորներին, պատերազմական օրերն են վերհիշում, հիշում են զոհված ընկերներին, ողջերի որպիսությունն են հարցնում: Գուսան Հայկազունին են հիշում, թե ոնց էր իր երգով կռվող տղերքին ոգևորում, ու ոնց թշնամին հարամեց համերգը…
Տեղեկանալով, որ գուսանը դարձյալ առաջնագծում է, այն էլ` մոտակա դիրքերից մեկում, գնդապետը զանգում, խնդրում է գալ իր աշակերտների համար երգելու: Գուսանի երգը թնդում է, աշխարհ բռնում, հին օրերի պես հակառակորդը հիմա էլ փորձում է լռեցնել երգը, սակայն հայ զինվորի հուժկու կրակատարափը լռեցնում է թշնամուն: Իսկ «Հայեր, միացեք» երգը գնալով ավելի է ուժգնանում…
Հայ զինվորը երբեք չի թողնի, որ լռի հայ երգը, հայ պարը… Ու Հայոց աշխարհում միշտ կհնչի մեր ոսկեղենիկ հայերենը` սրի պես հատու, աղոթքի պես նուրբ…
Ներկայացումն ավարտված է, ծափերի տեղատարափ է: Գնդապետ Գրիգորյանը հուզված է, հայրենասիրական բաց դասը` ստացված:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագ զինղեկ, պահեստի փոխգնդապետ Պերճ Գևորգյան. «Մենք` ես ու Ռուբեն Գրիգորյանը, միասին անցել ենք Արցախյան պատերազմը, միասին դասախոսել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ու հիմա էլ միասին դպրոցում ռազմահայրենասիրական դաստիարակությամբ ենք զբաղված: Դպրոցից է սկսվում մեր բանակի հզորությունը: Չմոռանանք՝ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ խոսեց նաև դպրոցների ռազմահայրենասիրական դրվածքը. տեսանք այն, ինչ սովորեցրել էինք մեր աշակերտներին»:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը: Գեներալ-մայորը պաշտպանության նախարարի անունից շնորհավորեց ներկաներին բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ. «Մեր բոլոր հաղթանակները շարունակական են լինելու: Դրա վառ ապացույցը քառօրյա պատերազմն էր, երբ երիտասարդ տղաները` մեր զինվորներն ու սպաները մեկ անգամ ևս ապացուցեցին իրենց քաջությունը, անձնազոհությունը, նվիրումը եւ բոլորին պարտադրեցին միանալ, միավորվել` մոռանալով բոլոր տեսակի տարաձայնությունները»:
Միջոցառման ավարտին Պողոս Պողոսյանը պաշտպանության նախարարի կողմից զինղեկին պարգևատրեց գերատեսչական մեդալով և ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի գրքով, որը հեղինակն անձամբ էր մակագրել:
-Արծրուն Հովհաննիսյանն էլ իմ սաներից է,- հպարտությունը չթաքցրեց բազմավաստակ մանկավարժ զինվորականը:
Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #05 (1176) 08.02.2017 - 14.02.2017, Բանակ և հասարակություն