Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



Հուլիսի 5-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը, կրկնակի տոն էր գնդապետ Մարատ Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամասում։ Սահմանադրության օրը նշելուն, սպա-ենթասպայական կազմին ու ժամկետային զինծառայողներին շնորհավորելուն, մեկ անգամ եւս մեր երկրի մայր օրենքի հիմնական դրույթներին իրազեկելուն զուգընթաց, զորամասի շարահրապարակում տեղի էր ունենում նորակոչիկ զինվորների երդման արարողությունը, որին զորամասի անձնակազմը նախապատրաստվել էր հատուկ բծախնդրությամբ։ Շուրջբոլորը փայլում էր մաքրությամբ ու կարգուկանոնով։ Հայրենիքին հավատարմության երդում տվող տղաների պահվածքից, կոկիկ, մաքրամաքուր հագուկապից ու ձիգ կեցվածքից զգացվում էր, որ բոլորի համար կյանքի այս առաջին երդումը ոչ թե ընդունված հերթական պարտականության կատարում է, այլ անցած տասնութամյա ապրած տարիների կարեւորագույն, ուղենշային իրադարձություն։ Չէ՞ որ նրանց էր վստահվում սրբություն սրբոցի՝ հայրենիքի պաշտպանությունը։ Երդման արարողությանը նորակոչիկներից ոչ պակաս անհամբերությամբ սպասում էին դեռ երեկ, կամ այդ օրը առավոտ վաղ արթնացած, տրանսպորտային տարբեր միջոցներով զորամասի տարածք հասած ծնողներն ու հարազատները։

Զինվորական քայլերգի խրոխտ հնչյունների ներքո շարահրապարակ է բերվում զորամասի դրոշը։ Արագորեն ձեւավորվում են երդման արարողության սեղանները։

-Շարքային Ադամյան,-հնչում է երդումն ընդունող սպայի հրահանգը,-զինվորական երդման համար մոտեցեք սեղանին։

Զինվորը՝ գլուխը բարձր, ձիգ ու հպարտ, մոտենում է սպային, ներկայանում, երդվում է, ստորագրում համապատասխան մատյանում ու նույն զգաստությամբ նորից շարք կանգնում։ Նա այդ պահից արդեն Հայաստանի Հանրապետության ազգային բանակի զինվոր է՝ միգուցե վաղվա գեներալն ու պաշտպանության նախարարը…

-Բարի երթ ու անամպ երկինք, հայոց հաղթանակած բանակի զինվոր, -շշնջում է հեռվից արարողությանը ակնդետ հետեւող նորակոչիկ Արմեն Ադամյանի պապը՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից Սարգիս Ադամյանը,- տա Աստված, որ քո կրած զենքը պետք գա միայն երդումների ու զորավարժությունների ժամանակ։ Ու թե բան է, եթե նորից մեր ոչ բարի հարեւանը փորձի իր ատամների սրության մեջ համոզվել, հայրերիդ ու պապերիդ հանգվույն դու էլ տղամարդավարի կպաշտպանես քո տունն ու ընտանիքը, քո հայրենիքն ու պատիվը՝ հաստատելով այն ճշմարտությունը, որ սրով եկածը սրով էլ կգնա…

-Շարքային Ֆահրադյան, զինվորական երդման համար մոտեցեք սեղանին,-օրվա կեսին երդման վերջին մասնակցին է դիմում հերթական սպան՝ միաժամանակ ազդարարելով երդման արարողության ավարտը։

Հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Զգաստ են կանգնում, պատվի առնում ոչ միայն զինվորներն ու սպաները, այլեւ զգաստանում են արարողությանը մասնակցող զինվորների ծնողներն ու հարազատները։ Զորամասի շարահրապարակի հարթակ են բարձրանում զորամասի հրամանատար գնդապետ Հովհաննիսյանը, բարձրաստիճան սպաներ, զորամասի հոգեւոր սպասավոր Արմեն սարկավագ Բայադյանը։

-Հայոց բանակի սիրելի զինվորներ,-դիմելով րոպեներ առաջ զինվորական երդումով բանակում ծառայելու իրավական հիմք ստացսծ զինվորներին, ասում է զորամասի հրամանատար գնդապետ Մարատ Հովհաննիսյանը,- այսօր երկակի տոն է բոլորիս, հատկապես ձեզ համար։ Դուք զինվորագրվում եք ռազմական հաղթանակների փայլուն ճանապարհ անցած մեր բանակին՝ մեր երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության ընդունման 16-րդ տարեդարձի օրը։ Հենց Սահմանադրության դրույթներով են ամրագրված բոլորիս իրավունքներն ու պարտականությունները, որոնցից ամենակարեւորն ու կենսականը, անշուշտ, հայրենիքի պաշտպանությունն է։ Իզուր չեն ասել՝ եթե դու չկերակրես քո բանակը, ստիպված ես լինելու կերակրել թշնամուդ բանակը։ Շնորհիվ մեր երկրի բարձրագույն ղեկավարության, պաշտպանության նախարարության արդյունավետ ձեռնարկումների, այսօր մեր զինվորն ապահովված է ամեն ինչով։ Հիմնավորապես լուծվել են կենցաղային բոլոր հարցերը, ստեղծվել է բուժծառայության ճկուն համակարգ, անընդհատ կատարելագործվում է ինչպես ռազմական, այնպես էլ ուսումնանյութական բազան, պաշտպանության նախարարի հրամանով հնարավորություններ են ստեղծվել հարազատների հետ մշտական կապ պահպանելու համար։ Զորամասերում զինվորներն ու սպաները լայն հնարավորություն ունեն սպորտով, ստեղծագործական աշխատանքով զբաղվելու, հոգեւոր պահանջմունքները բավարարելու համար։ Հավատացեք, զինվորական ծառայության երկու տարիները շատ արագ են անցնում, դժվարը առաջին ամիսներն են, որից հետո ժամանակը թռչում է։

-Ձեզանից պահանջվում է առաջին հերթին կարգապահություն, պատասխանատվության զգացում, ենթարկվել հրամանատարության հրամաններին ու պահանջներին։ Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։ Չեմ կասկածում, որ ձեզանից յուրաքանչյուրն իր պարտաճանաչությամբ, անթերի ծառայելով նոր էջեր կգրի լավագույն ավանդույթներով հայտնի, մեր բանակին բազմաթիվ ճանաչված մասնագետներ տված մեր զորամասի տարեգրության մատյանում։ Միշտ հիշեք, որ ձեզ սպասում են, ձեզանով հպարտանում ձեր ծնողներն ու հարազատները։ Ձեզանով հպարտանում ենք նաեւ մենք՝ սպաներս ու գեներալները, բոլորս։ Բարի երթ, անամպ երկինք բոլորիդ ու անթերի ծառայություն։

Իր խոսքում զինվորներին բարի ծառայություն ու հաջողություններ մաղթելով, զորամասի հոգեւոր սպասավոր Արմեն սարկավագ Բայադյանը միաժամանակ կոչ արեց զինվորներին՝ միմյանց նկատմամբ բարի լինել, ուշադիր ու զիջող, օգնել իրար դժվարին կացություններից դուրս գալու համար։

Նորակոչիկ շարքային Կնյազյանի տատիկն իր շնորհավորական ելույթն ավարտեց հատուկ այդ օրվա համար գրված բանաստեղծության ընթերցմամբ։

Հանդիսությունն ավարտված է։ Զինվորները հրահանգավորվում են հարազատների հետ հանդիպման խնջույքի ժամանակ ալկոհոլ չօգտագործել, զորամաս վերադառնալ ժամը 18-ին, չկեղտոտել շրջակայքը։ Քիչ անց զավակների զինվորական երդմանը հեռվից ակնդիր ու ունկնդիր ծնողներն ու հարազատները գրկախառնվում են իրենց հերոս տղաների հետ, հարցուփորձ անում սննդից, բաղնիքից ու կենցաղային մյուս հարցերից։ Բոլորը գոհ են թե՛ հրամանատարների վերաբերմունքից, ծառայակից ընկերներից եւ թե՛ սննդից ու կոմունալ-կենցաղային պայմաններից։ Հետո զորամասի հարակից զովասուն անտառում սեղաններ են բացվում, շուրջ մեկ ամիս մայրիկի պատրաստած խորտիկներին կարոտած տղաներն ախորժակով ուտում են դրանք՝ միաժամանակ գովելով զորամասի ճաշարանի ճաշերը։

Ուղիղ ժամը 18-ին զինվորները շարվում են ստուգման։ Ուշացողներ չկան։ Վաղը այս տղաներն արդեն կարթնանան որպես հայրենիքի երդվյալ զինվորներ։

Բարի երթ ու անփորձանք ծառայություն։

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորագիր՝ #27 (892) 13.07.2011 – 20.07.2011, Ազգային բանակ


20/07/2011