Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ «ՄՇՏԱԿԱՆ» ՊԱՇՏՊԱՆԸ



ՀԱՅՐԵՆԻՔԻ «ՄՇՏԱԿԱՆ» ՊԱՇՏՊԱՆԸԱրամ Նիկոլայի Առուշանյանը ծնունդով Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից էր: 1990թ. ընդունվեց Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիայի բաժինը: Երբ սահմանին հնչեցին առաջին կրակոցները, նա թողեց ուսումը ու համազգեստ հագավ, լծվեց հայրենիքի պաշտպանի «ժամանակավոր» պարտականություններին: Եվ «ժամանակավորը» դարձավ մշտական…

Կարճ ժամանակահատվածում Արամ Առուշանյանը յուրացրեց հրետանավորի մասնագիտությունը: Նրա հրամանատարությանը հանձնվեց «Դ-30» մարտկոցը: Մշտապես աչքի էր ընկնում ճիշտ հաշվարկած դիպուկ կրակով ու հակառակորդի կենդանի ուժի, շինությունների, զրահատեխնիկայի եւ կրակային միջոցների խոցման բարձր արդյունավետությամբ:

Իր հարուստ մարտական ուղու ընթացքում Արամ Առուշանյանը մասնակցել է Քարվաճառի կրակակետերի խոցմանը, ծառայել է առաջնագծի զորամասերում, եղել է մարտկոցի հրամանատար, հրետանու պետ, կապի պետ, հրետանային դիվիզիոնի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, ծառայության պետ: Հանրահայտ «Եղնիկներ» զորամասի հրետանին կազմակերպվել է նրա գլխավորությամբ, որից հետո հենց ինքն էլ դարձել է հրետանու առաջին պետը: Ծառայությունն սկսել է շարքայինի կոչումով, ավարտել փոխգնդապետի ուսադիրներով:

ՀԱՅՐԵՆԻՔԻ «ՄՇՏԱԿԱՆ» ՊԱՇՏՊԱՆԸ2013 թ. ապրիլի 2-ին Արամ Առուշանյանն անցավ զինվորական թոշակի, սակայն երբեք չհեռացավ բանակից: Զբաղվում էր հասարակական գործունեությամբ՝ «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ անդամ էր, «Հաթերքի վետերանների միություն» ՀԿ նախագահ, «Մարտակերտի վետերանների միություն» ՀԿ փոխնախագահ:

Թոշակի անցնելուց երեք տարի անց՝ 2016-ի ապրիլի 2-ին, Արցախը ցնցվեց պատերազմից: Արամ Առուշանյանը նորից հագավ իր համազգեստը, նորից կանգնեց առաջին շարքերում: Տանը թողնելով իր երիտասարդ կնոջն ու 4 մանկահասակ երեխաներին՝ նետվեց առաջնագծում կանգնած տղաներին օգնության, եղավ ամենաթեժ կետերում՝ Մատաղիսում եւ Թալիշում: 2016թ. ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը նա Մատաղիսում էր, հրետանու աշխատանքն էր կազմակերպում, երբ խոցվեց ու ընկավ հակառակորդի արկի բեկորներից:

Հունվարի 24-ին Արամ Առուշանյանի մարտական ընկերները, հարազատներն ու բարեկամները հավաքվել էին նշելու նրա ծննդյան 45-րդ տարեդարձը: Ստեփանակերտի «Արցախ» թաղամասում գտնվող Առուշանյանների նոր բնակարանում հյուրընկալվեց նաեւ ՀՀ ՊՆ աջակցությամբ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության կողմից իրականացվող «Դուք մենակ չեք (մենք ձեզ հետ ենք)» ծրագրի նախաձեռնող խումբը:

Ընտանիքի անդամներին հուզող խնդիրների շուրջ զրուցելուց հետո խումբն ուղեւորվեց Հաթերք, որտեղ ծաղիկներ խոնարհեցին Արամ Առուշանյանի գերեզմանին, խնկարկեցին նրա հիշատակը: Արամ Առուշանյանի մեծ որդուն՝ Արային հանձնեցին ՂՊՎ սահմանած եւ Արամ Նիկոլայի Առուշանյանին հետմահու շնորհված «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալը:

ՂՊՎ պատվիրակությունը եղավ նաեւ Հաթերքի դպրոցի հրաձգարանում եւ Արամ Առուշանյանի անունը կրող նորաբաց ՆԶՊ դասասենյակում:

Հայկ ԿԻՍԵԲԼՅԱՆ

Խորագիր՝ #05 (1176) 08.02.2017 - 14.02.2017, Ճակատագրեր


08/02/2017