ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅՎԵԼ «ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆ ՈԳԵԿՈՉՄԱՆ» ԳԻՐՔԸ
Արցախյան գոյամարտում ձեռք բերված հաղթանակը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենաթանկ նվաճումն է: Այն համաժողովրդական միասնականության, նվիրումի, հավատի, պատմական արդարության վերահաստատման աննախադեպ դրսևորում էր: Արցախի անկախությունը, հիրավի, անշրջելի համազգային հաղթանակ է, որը կյանքի կոչվեց հազարավոր քաջորդիների արյան գնով։
Հենց այդ հերոսների կյանքի ու սխրանքների մասին է պատմում «Հուշամատյան ոգեկոչման» գիրքը, որը նաև Արցախի ազատագրման յուրօրինակ տարեգրություն է:
Գիրքն ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ստեղծագործական հանձնախմբի երկամյա ջանքերի ու պրպտումների շնորհիվ: Ուսումնասիրվել են Արցախյան պատերազմի մասին նախորդ տարիներին տպագրված գրականությունն ու մամուլը, ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրի, «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի և ԵԿՄ վարչության արխիվները: Զոհվածների ընտանիքների անդամների և ազատամարտիկների հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված տեղեկություններն ու հիշողությունները հնարավորինս հարստացրել ու ամբողջացրել են գիրքը։
«Հուշամատյանում» ընդգրկվել են բացառապես Արցախյան պատերազմի առաջին օրերից մինչև 1994թ. զինադադարը «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրում հանգչող 559 զոհվածների կենսագրականները:
Գրքում ներկայացված կենսապատումը ամփոփ, յուրահատուկ դասագիրք է ներկա և ապագա սերունդների համար` սիրելու և տիրոջ պես պաշտպանելու սեփական երկիրը, սերտելու և դասեր քաղելու նահատակների կյանքից:
«Հուշամատյան ոգեկոչման» գրքի ստեղծման գործին անգնահատելի աջակցություն են ցույց տվել սփյուռքահայ բարերար Միքայել Քորուքեանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ղեկավարները, «Երկրապահ կամավորականների միությունը», կամավորական ջոկատների հրամանատարները, զոհվածների ընտանիքները և մարտական ընկերները:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հանգչող հայորդիներին նվիրված «Հուշամատյան ոգեկոչման» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2017թ. հունվարի 29-ին` Հայոց բանակի ստեղծման 25-րդ տարեդարձի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած ընդունելության ժամանակ: Հրավիրվածների թվում էր նաև գրքի հովանավոր, սփյուռքահայ բարերար Միքայել Քորուքեանը: Արժեքավոր հրատարակության գործում ունեցած անձնական մեծ ներդրման համար ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը բարերարին պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:
Խորագիր՝ #05 (1176) 08.02.2017 - 14.02.2017, Հոգևոր-մշակութային