Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔՍ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ…



ԳՆՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔՍ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ...  «Ես մի քանի ժամից մեկնում եմ: Ոչ ոք ինձ չի հրամայել, չի խնդրել, մեկնում եմ սեփական կամքով եւ մեծ ցանկությամբ, քանզի գտնում եմ, որ ճիշտ եմ վարվում, որովհետեւ գնում եմ պաշտպանելու Հայրենիքս, մորս, հորս  գերեզմանը… Գնում եմ, որ գամ, իրավունք չունեմ զոհվելու, երեսունհիգ տարեկան եմ, կիսատ գործեր շատ ունեմ…»: Այս փոքրիկ պատառիկը որպես սրբազան մասունք տանը պահվող նամակից է, որ պատերազմ մեկնելուց առաջ Գարիկն ուղղել էր կնոջն ու իր երեք անչափահաս զավակներին՝ Էդգարին, Արթուրին, Արցախուհուն…:

Արագածի փեշերից հոսող զուլալ ջրերի պես այս տողերից հորդում է Գարիկի առ հայրենիքն ու ընտանիքը ունեցած խորունկ սերը: «…Գնում եմ, որ գամ, իրավունք չունեմ զոհվելու…»: Անսահման հավատ ու վստահություն իր ոգեղեն ուժի, իր հաղթական վերադարձի եւ հայոց բանակի անպարտելիության նկատմամբ:

Արցախյան հերոսամարտի նվիրյալ, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, կապիտան Գարիկ Գրիգորյանը փետրվարի 7-ին կդառնար 60 տարեկան: Երեւի սխալ է, երբ հերոսի մասին անցյալ ժամանակով են խոսում կամ գրում: Հերոսի մասին միշտ պետք է խոսել ու գրել ներկա ժամանակով, այնպես, ինչպես զորամասում անվանականչի ժամանակ զոհված զինվորի անունը կարդալիս շարքից բացականչում են. «ՆԵՐԿԱ՛»:

Գարիկին չեմ ճանաչել, սակայն նրա մասին շատ եմ լսել իր ընկերոջից, այն տարիներին Սպիտակի զինվորական կոմիսար Սպարտակ Ղուբաթյանից, որն այսօր էլ շարունակում է «ընկերություն» անել զոհված ընկերոջ հետ իր աշխատասենյակի պատին կախված մեծադիր լուսանկարի միջոցով: Հենց Սպարտակից եմ լսել հերոսական եւ հուզիչ պատմություններ արիասիրտ ու քաջակորով հայորդու մասին, որը Քարվաճառի կռիվներից մեկի ժամանակ կյանքի գնով շրջապատումից փրկել է իր տասնչորս մարտիկներին: Հրամանատարի անձնազոհության գնով շրջապատումից փրկված տղաներից ոմանք իրենց նորածին որդիներին հերոս հրամանատարի պատվին կոչել են Գարիկ:

-Գարիկը առյուծի սիրտ ուներ: Նա ամենապատասխանատու պահերին հայտնվում էր անհրաժեշտ տեղում, օգնում մարդկանց ինչով եւ ինչպես կարող էր: Նա անկարելին կարելի դարձնող հայի տեսակ էր,-պատմում է Սպարտակ Ղուբաթյանը:

ԳՆՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔՍ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ...  …Սկսվում է Արցախյան շարժումը, եւ Կիրովականի զինկոմիսարիատի չորրորդ բաժնի պետ, կապիտան Գարիկ Գրիգորյանը դառնում է «Արցախ» կոմիտեի անդամ, իրեն ամբողջովին նվիրում նոր-նոր թափ հավաքող շարժմանը: Նա արդեն այդ ժամանակ էր գիտակցել, որ վտանգված է մեր մի բուռ Հայրենիքի այն սուրբ հողը, որը մեր նախնիների հերոսական մաքառումների գնով է հայաշունչ մնացել:

1988-ից սկսած՝ Գարիկը ցուցադրեց իր առյուծասիրտ էությունը: Ազերի ելուզակները խորհրդային զորքի հետ Ճամբարակի կողմից մոտեցել էին մեր սահմանին եւ բանակել Մութադարա կոչված բնակավայրում: Նրանց նախատեսած հանկարծակի հարձակումը կարող էր անկանխատեսելի ծանր հետեւանքներ ունենալ: Չանսալով ընկերների հորդորներին՝ Գարիկը կյանքը վտանգելով միայնակ գնում է Մութադարա, բանակցում խորհրդային զորքի հրամկազմի հետ եւ կանխում է թշնամու ներխուժումը՝ ժամանակ շահելով ինքնապաշտպանության կազմակերպման համար: Եվ սա անվախ հայորդու միակ սխրալի արարքը չէ: Մարտունու պաշտպանական շրջանում նրան վստահվում է հարավարեւելյան հատվածի պաշտպանությունն ու հատուկ նշանակության ջոկատի հրամանատարությունը, որից հետո կապիտան Գրիգորյանը նշանակվում է հինգերորդ պաշտպանական շրջանի պետ, կռվում Մոնթեի հետ կողք կողքի: Հենց այդ ժամանակ է, որ նրա հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը Ամարասի ձորակի շրջանում թշնամու տասնչորս տանկ է խփում, որոնցից մի քանիսը հետագայում նորոգվում եւ համալրում են մեր սպառազինությունը:

Շուշին ազատագրելու ամբողջ հայության բաղձանքը կապիտան Գարիկ Գրիգորյանը զուգակցում է մի այնպիսի գործողության հետ, որի մասին մինչեւ օրս էլ խոսում ու պատմում են հիացմունքով: «Հարսանիք լեռներում» գործողության ժամանակ, թույլտվություն խնդրելով գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանից, նա միանում է լեռնագնացներին եւ գերությունից ազատագրված Շուշվա բերդի վրայից իջեցնում է պարտված թշնամու դրոշը, բերում ավագ քրոջ տուն, քնից հանում համարյա բոլոր մարտերում իր հետ եղած քրոջ տասնութամյա որդուն՝ Մհերին եւ թշնամու դրոշը նրա ոտքերի տակ փռելով՝ բացականչում է.

-Շուշին ազատագրված է…

Առյուծասիրտ սպան զենք բռնել, գործածել էր սովորեցնում անգամ իր ավագ որդուն՝ տասնամյա Էդգարին, որին հաճախ էր դիրքեր տանում, եւ որի համար մարտական ինքնաձիգը դառնում է մանկության տարիների «խաղալիքը», որը նա քանդում, մաքրում ու հավաքում էր վարժ ու սահուն, ինչպես իսկական զինվոր:

Գարիկը գիտեր, համոզված էր, որ Արցախում ու Մայր Հայաստանում հզոր, հայրենասեր սերունդ է մեծանալու: Եվ նրա այդ համոզմունքն էլ ավելի հաստատուն դարձրին նրա որդիները՝ Էդգարն ու Արթուրը, որն այսօր «կապիտան» զինվորական կոչումով ծառայում է ազգային բանակում: Արթուրն իր դպրոցական շարադրության մեջ այսպիսի տողեր ունի գրած. «Երբ Արցախյան ազատամարտին զինվորագրված հայրս առաջին անգամ սեղանին դրեց իմ երկիր Հայաստանի պատմական քարտեզը, այդ օրից հայրենասիրության դասը ինձ համար դարձավ ավելի իրական ու տեսանելի: Հորս մտասույզ հայացքից ու սեւեռուն աչքերից ես հասկացա, որ Հայրենիքը ոչ միայն միտք է, զգացողություն, այլ նաեւ կյանք…  Ու երբ ես լսեցի մարտում ընկած իմ հերոս հայրիկի մահվան բոթը, Հայրենիքն ինձ համար դարձավ անգնահատելի, դարձավ այնքան շոշափելի, որ հետո իմ երկրի որ հատվածի վրա էլ ոտք դնեի, հոգու գրգիռներով զգալու էի հորս, նրա քաջազուն ընկերների ու զինակիցների, իմ ավագների արյան կանչը… Այսպես իմ երկիրը՝ նրա ամեն մի հատվածը սրբություն դարձավ ինձ համար, դարձավ կյանք ու շարունակվող կենսագրություն…»:

♦♦♦

-Եկե՛ք, թուրքերը նահանջում են,- ռադիոկապի մեջ լսվում է անվախ հրամանատարի ձայնը…

Գարիկը զոհվեց Օմարի լեռնանցքը ազատագրելիս՝ թշնամուն փախուստի մատնած մարտիկի հրճվանքը սրտում:

 

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Խորագիր՝ #05 (1176) 08.02.2017 - 14.02.2017, Ճակատագրեր


08/02/2017