Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՐՈՎ ԵԿՈՂԸ ՍՐՈՎ ԷԼ ԿԳՆԱ



Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, օրերս ելույթ ունենալով Հեյդար Ալիեւի անվան Բարձրագույն ռազմական դպրոցի շրջանավարտների առջեւ, մի պահ մոռացել է, որ ժամանակին, մարտի դաշտում բախտի քմահաճույքին թողնելով զինակիցներին, ճողոպրել է: Հիշողության կորստի հենց այդ պահին էլ դասալիք նախարարը ադրբեջանցի ապագա սպաներին պատգամել է. «Պետք է պատրաստ լինեք ցանկացած պահի մարտի նետվելու՝ օկուպացված տարածքների ազատագրման համար։ Մի՛ մոռացեք, որ հայրենիքը ձեզանից սպասում է քաջություն եւ հաստատակամություն»:

Միամտություն կլիներ կարծել, թե Հ. Ալիեւի անվան Բարձրագույն ռազմական դպրոցի շրջանավարտները ծանոթ չեն Սաֆար Աբիեւի իրական կերպարին. ամիսներ առաջ հենց այս դպրոցի սաներն էին «բլոգերների» միջոցով տեսանյութ տարածել, թե ինչպես են հենց դպրոցի պատի տակ «պարեկները» համապատասխան կաշառքի դիմաց «ման գալու բաց թողնում» ուսանողներին: Նույն տեսանյութի քննարկումներում արդեն թե՛ նախկին եւ թե՛ ներկա ուսանողները պատմում են Բարձրագույն ռազմական դպրոցի իրական բարքերի մասին եւ խոստովանում, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քաջատեղյակ է այս ամենին, սակայն ղեկավար կազմը «Աբիեւի սիրելիների միջավայրից է»:

Ռազմադաշտից փախած եւ բախտի բերումով պաշտպանության նախարարության ղեկի մոտ հայտնված Սաֆար Աբիեւը բարձրաստիճան սպաներին փնովելու միջոցով նախ Հեյդար Ալիեւի վստահությունը շահեց, ապա, շահարկելով Արցախյան ճակատում կրած անհաջողությունները, զինված ուժերից բառիս բուն իմաստով վտարեց իրեն անցանկալի բոլոր անձանց: Նույն Աբիեւը տարբեր տարիների իր հարցազրույցներում շեշտել է, թե իբր Արցախյան ճակատում իրենց կրած պարտության մեղավորը ռուսներն են, իսկ «հայերը հերոսության ընդունակ չեն», «նրանք թաքնվել են ռուսների հետեւում»:

1994թ ամռանը, ըստ Ադրբեջանի ԶՈՒ-ից հեռացված եւ այժմ Օդեսայում բնակվող Մուրթուզ Օջախվերդիեւի, Աբիեւը հանդիպում է խնդրել Հեյդար Ալիեւից եւ մանրամասն ներկայացրել, թե որ բարձրաստիճան սպան «ինչքան է գռփում բանակից» եւ ինչ սխալներ է թույլ տվել մարտական գործողությունների ժամանակ: Նույն աղբյուրի պնդմամբ` Աբիեւը Հեյդարին ասել է. «Իրականում մենք բանակ ունենք, սակայն այն առանց գլխի է, իսկ հայերի հաջողությունը ձեռք է բերված հմուտ եւ փորձառու հրամանատարների շնորհիվ, մեր բանակին գլուխ է պետք»:

Անցել են տարիներ, եւ իր իսկ ասածներին հակասող, զինակիցներին հանուն աթոռի եւ փողի ծախած Աբիեւը Բարձրագույն ռազմական դպրոցի շրջանավարտներին կոչ է անում մարտի նետվել «հանուն օկուպացված տարածքների ազատագրման»։

Հազիվ թե նորաթուխ սպաներն առանց երկմտելու հետեւեն Աբիեւի կոչին: Սոցիալական ցանցերում ծավալված քննարկումների մասնակիցներից մեկը` Սայիդ Ազիմովը, գրում է, որ ռազմական դպրոցի շրջանավարտների ծառայության նշանակումը կատարվում է «թալանի» երկու փուլով. նախ` «ռազմական դպրոցի» ղեկավարությունը կուրսանտների բաշխման ցուցակ է կազմում` ըստ ստացած կաշառքի չափի, ապա այսպես կոչված ՊՆ բաշխման հանձնաժողովը «քննությունների արդյունքների» հիման վրա կատարում «իր գործը»:

Սայիդ Ազիմովը նշում է նաեւ, որ «ոչ մի բարձրաստիճան պաշտոնյայի կամ սպայի տղա ու բարեկամ սահմանային կամ հեռավոր զորամասում ծառայության չի նշանակվում: Իսկ «Ռաֆիկ» անունով հանդես եկող բլոգերը նշում է, որ «Հեյդար Ալիեւի անվան Բարձրագույն ռազմական դպրոց է ընդունվել իր քեռու` բիզնեսմեն Սադիխովի հորդորով եւ ֆինանսական միջնորդությամբ», սակայն դպրոցն ավարտելու ժամանակ անգամ ամենակարող թվացող քեռին չի կարողացել վճարել կաշառքի պահանջված չափը, եւ Ռաֆիկը նշանակում է ստացել Նախիջեւանում, որտեղ էլ, հանդիպելով տեղի «բանակային հեղինակությունների ճնշմանը», նույն քեռու միջոցով հիվանդության պատճառաբանությամբ անհապաղ զորացրվել է:

Հիշենք նաեւ ադրբեջանական քաղաքագիտության «պայծառ աստղ» Վուգար Սեիդովի հայտնի նամակը ռազմագետ Ուզեիր Ջաֆարովին եւ լրագրող Ռիզվան Հուսեյնովին, որում նա գրում է. «Թող այդ շտաբային «չմոն»` Սաֆար Աբիեւը, նախագահին հրաժարականի դիմում ներկայացնի: Քանդեց եւ թալանեց ամբողջ բանակը»: Ի դեպ, Ուզեիր Ջաֆարովն էլ ժամանակին վտարվել է ադրբեջանական բանակից հենց Աբիեւի անմիջական ջանքերով:

Մեր նպատակը չէ Աբիեւի անցած «ուղին» ներկայացնելը: Ուղղակի ապշում ենք մի ամբողջ ժողովրդի բախտի եւ ապագայի հետ խաղացող տկարամիտների լկտիության վրա: Երիտասարդներին օտարի հողը զավթելու կոչ անելիս Աբիեւը հիշե՞ց արդյոք Արցախում իրենց մահը գտած զինակից ընկերներին, հազարավոր ադրբեջանցի զինվորներին, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչի համար են իրենց կյանքը զոհում…

Ի դեպ` Աբիեւին գովերգող ադրբեջանական կայքերից մեկը դիպլոմների հանձնման մասին նյութին զուգահեռ նույն օրը տեղադրել էր մի հաղորդագրություն, ըստ որի` «Աղջաբեդիի շրջանում տեղակայված N զորամասի տարածքում անզգուշության պատճառով զոհվել է 1988 թ. ծնված շարքային Շիրխան Աքիֆ օղլու Իսկենդերովը: Շիրխան Իսկենդերովը զոհվել է տեղում` զինակիցների անզգուշության պատճառով գլխի հատվածում ստացած հրազենային վերքից»: Կայքն ակամա ներկայացրել է ադրբեջանական բանակի իրական դեմքը:

Երբեք հակված չենք եղել թերագնահատելու հակառակորդին: Այդուհանդերձ, պետք է արձանագրենք, որ սպան իր ուժը եւ հմտությունը, նվիրվածությունն ու խիզախությունը ցուցադրում է նախեւառաջ կռվի դաշտում, եւ մարտադաշտն է բարձրացնում սպայի պատիվը: Մի բան, որն Աբիեւը չունի:

Պատմական ճշմարտություն է` սուր ճոճողը սրից էլ ընկնում է: Հերթական անգամ այն ապացուցվեց ոչ վաղ անցյալում «ադրբեջանական փառապանծ բանակի» հանդուգն նկրտումների անփառունակ վախճանով:

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #27 (892) 13.07.2011 – 20.07.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


20/07/2011