Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԱԿԱՆ ՃԱԿԱՏԸ



ՀԵՐՈՍԱԿԱՆ ՃԱԿԱՏԸՕրը պարզ է, սառն ու  արեւոտ: Հաղթահարում ենք երկար ճանապարհն ու վերջապես հասնում ՊԲ հարավարեւելյան սահման: Աստիճանները տանում են դիրքի կացարան, որը գյուղի համեստ տնակ է հիշեցնում: Առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում իմ տեսած գետնատնակներից` պատերը շարված են տարբեր մեծության քարերով՝ իրար կապակցված ամուր շաղախով: Փայտակերտ պատուհանը ասես փոքրիկ ցուցափեղկ լինի, իսկ կտուրի խողովակից ծուխ է բարձրանում: Սակայն գետնատնակի ճակատն է ուրիշ կամ ճիշտ կլինի ասել` «հերոսական». մուգ, խոշոր տառերով գրված է՝ Մոնթե, Թաթուլ, Վազգեն, Կոմանդոս, Նժդեհ, Դրո, Չաուշ: Նայում եմ ու մտածում. «Տեսնես` ի՞նչ են փորձել այցելուին հասկացնել այստեղ ծառայողները` որ ժամանակից ու տարածությունից անկախ իրենք էլ նույն գաղափարի զինվորնե՞րն են, որ ամեն անգամ զենքը ուսելիս հիշո՞ւմ են` ում գործն են շարունակում»:

 

Բացվում է գետնատնակի երկաթյա դուռն, ու մեզ ընդառաջ է գալիս հրամանատարական շարժուձեւով մի երիտասարդ: Նա շատ առույգ է, առանց երկմտելու կասեմ` ինձ հանդիպած ամենաժիր հրամանատարն է: Խոշոր, կապտականաչավուն աչքերն էլ զմրուխտե երանգ են հաղորդում ձմեռային անգույն առաջնագծին: Զրույցն ինքն իրեն է ստացվում, ոնց որ հարյուր տարվա ծանոթներ լինենք եւ մի հարյուր էլ ընդհանուր ընկերներ ունենանք: Թեև չեմ էլ հասցնում ծանոթանալ, հազիվ կարդում եմ համազգեստի տարբերանշանին ամրացված գրությունը՝ «Լեյտենանտ Արշակ Սարիբեկյան»: Գետնատնակ է հրավիրում, ասում է` մի բաժակ թեյ խմենք, տաքանանք, թե չէ՝ թույլ չի տա խրամատ մտնել: Անգամ հակաճառելու տեղ չի թողնում. «Այստեղ հրամանները չեն քննարկվում»:

Ներսում հարմարավետ է, մաքուր ու տաք: Զինվորներից մեկը շուտ-շուտ փայտ է ավելացնում կրակին, մյուսը` թեյնիկը դնում վառարանին, երրորդը դարակից հանում է իրենց ունեցած ամենասիրուն բաժակը, մի քանի կտոր շաքար գցում, թե` «թող քաղցր լինի»: Կարծես՝ ինչ-որ հարազատի տանը լինենք եւ ոչ թե հակառակորդից մոտավոր 150-200 մետր հեռավորության վրա: Տղաներն իրենց պահում են հոգատար, ուշադիր տանտիրոջ պես: Պատուհանից ներթափանցող ճառագայթները լուսավորում են նրանց արեւառ դեմքերն ու սենյակի կեսը: Եվ որովհետեւ մարտական հերթապահությունը հանձնած զինվորը քնած է, խոսում ենք կամաց: Պատմում են անցած-գնացած դեպքերի, կասեցված դիվերսիաների մասին: Հիշում են զոհված ընկերներին… նրանց աչքերում զսպված հուզմունք ու ջղայնություն եմ նկատում, որ նրանց ավելի է մտերմացնում,  ամրացնում:

ՀԵՐՈՍԱԿԱՆ ՃԱԿԱՏԸ-Աշոտին ճանաչում ես, չէ՞,-հարցնում է Արշակը եւ միանգամից էլ հաստատում,-նրա մասին գրել ես:

Աշո՜տը… մտովի տեղափոխվում եմ ձմեռային այն օրը, երբ հանդիպեցի լեյտենանտ Շահբազյանին: Ինձ ասել էին, որ ամենաքաջ դասակի հրամանատարներից է, մինչդեռ ինքը կասկածանքով ընդդիմացել էր. «Երբ թշնամու դեմ դիմաց դուրս գամ, էն ժամանակ կերեւա»: Ապրիլի 2-ին մարտական դիրքի վրա հանկարծակի հարձակման ժամանակ նա բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանվել էր եւ ետ շպրտել հակառակորդին: Վիրավորվել էր, բայց չէր լքել դիրքը, կռվել էր մինչեւ վերջին փամփուշտը: Աշոտը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

-Մենք ռազմական համալսարանում էինք ընկերացել, Աշոտը ինձնից մեկ տարով մեծ էր: Շատ մտերիմ էինք, ոնց որ՝ հարազատ եղբայրներ լինեինք,-վերհիշում է Արշակը,-նույն զորամասում էինք ծառայում` նա դիրքի հրամանատար էր, ես էլ ուսումնական ստորաբաժանումում էի: Ապրիլից հետո դիմեցի, որ ինձ տեղափոխեն մարտական հերթապահություն իրականացնող գումարտակ: Չորս ամիս է` սահմանին եմ: Դիրքում Աշոտին ո՞վ պիտի փոխարիներ, եթե ոչ ես,-հենակետի հրամանատարը պինդ տղա է, բայց աչքերը լցվում են:

ՀԵՐՈՍԱԿԱՆ ՃԱԿԱՏԸԲոլորս լռում ենք: Մի քանի րոպե անց էլի Արշակն է խոսք  բացում: Ասում է` ապրիլից հետո առաջնագիծը շատ է փոխվել: Դիտարկման սարքավորումների միջոցով ցույց է տալիս թշնամական հենակետը: Ապա առաջարկում է սաղավարտ ու զրահաբաճկոն հագնել եւ հետեւել իրեն` իրականում տեսնելու մեզ հակառակորդից  բաժանող «խաղաղության գիծը»:

Լեյտենանտ Սարիբեկյանը արագ է քայլում՝ ասես խուսափելով հակառակորդի աչքից. թշնամին այս ուղղությամբ գրեթե չի դադարեցնում կրակը: «Դիպուկահար հրացան էլ է աշխատում»,-պարզաբանում է լեյտենանտը` կրակահերթի ձայնին ականջ դնելով: Երբեմն-երբեմն կանգ է առնում կրակակետերի մոտ, բացատրում, թե որը ինչ զինատեսակի համար է, ինչ լրացուցիչ ինժեներական աշխատանքներ են կատարել կառույցն անվտանգ դարձնելու համար: Ասում է` իրենք էլ անհրաժեշտության դեպքում պատասխանում են, բայց ոչ թե անկանոն, այլ՝ թիրախային կրակոցներով:

Մտնում ենք նոր կառուցված թաքստոց. որ հրետանային հարվածներից պաշտպանվելու համար է նախատեսված: Սարիբեկյանը վստահեցնում է` ամուր է, համապատասխանում է սահմանված պահանջներին:

Խրամաբջիջում կանգնած է դիրքի ավագ Գեւորգ Կարապետյանը: Զեկուցում է եւ լեյտենանտի ուսի վրայով նայում ինձ՝ անծանոթիս, ապա ընկերաբար սեղմում ձեռքս: Տասը տարբեր դիրքերում է հերթապահել, ասում է` ամեն դիրք, ինչպես ամեն տուն, իր բնավորությունն ունի. «Մի տեղ առանց պատճառի ճնշվում ես, մյուսում` առույգանում, երրորդ դիրքում էլ տեսարանն ես հավանում: Էս մեկը լավն է, հարմար է՝ ջրին մոտիկ»: Գեւորգին հարցնում եմ` «Ի՞նչն է դիրքապահ զինվորի համար ամենակարեւորը». «Խրամատում չծխելը եւ հանգստի ժամին քնելը»: Լեյտենանտ Սարիբեկյանը գլխով է անում, իբրեւ համաձայնության նշան:

ՀԵՐՈՍԱԿԱՆ ՃԱԿԱՏԸԱռաջանում ենք: Մյուս դիրքապահը շարքային Վարդգես Միլոյանն է: «Միշտ զգոն է եւ աչքաբաց: Երբեք չի բողոքում, չի տրտնջում, թեեւ դիրքապահի ծառայությունը հեշտ չէ»,-հրամանատարը ուղղում է զինվորի սաղավարտը: Վարդգեսի դեմքը պայծառանում է: Նա շուտով զորացրվելու է: Երբ հարցնում եմ, թե ինչ կպատմի երկու տարվա ծառայությունից, պատասխանում է. «Երբեմն անքուն, անտրամադիր, երբեմն էլ հոգնած եմ կանգնել դիրքում, բայց ամեն անգամ պատրաստ եմ եղել հրամանը կատարելու, հակառակորդին ետ շպրտելու: Այս երկու տարում լսողությունս ավելի է սրվել: Մեկ-մեկ թվում է՝ հակառակորդի զինվորների ոտնաձայներն եմ լսում իրենց իսկ խրամատում: Եվ հիմա, երբ մտածում եմ, թե ինչ թողեցին իմ սրտում այս երկու տարիները, նորից ու նորից համոզվում եմ, որ ինձ համար արժեքավոր է նույնիսկ ամենադժվար օրերի ցանկացած հիշողություն»: Շարքային Միլոյանը իր հրամանատարին` Սարիբեկյանին է կարոտելու անվտանգ ընթացող խաղաղ կյանքում. «Ինքը ուրիշ է: Կարող է նոր բատինկան հագից հանել ու տալ քեզ»:

Երեւի պիտի զինվոր լինես, որ հասկանաս նման հրամանատար ունենալու ամբողջ զորությունը:

Տղաներին խնդրում եմ հավաքվել՝ լուսանկարվելու: Ամենաբարձրահասակը կատակում է. «Հը՞ն, կադրում տեղավորվո՞ւմ եմ»: Բոլորս ծիծաղում ենք: Անփորձանք ծառայություն մաղթելով՝ հրաժեշտ եմ տալիս նրանց եւ մտածում, որ, այնուամենայնիվ, գետնատնակի «հերոսական ճակատին» պետք է գրված լինի նաեւ մեր երկրի ամենակարեւոր մարդու անունը.  ԶԻՆՎՈՐ:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Խորագիր՝ #05 (1176) 08.02.2017 - 14.02.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


09/02/2017