Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ



ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄՓետրվարի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն «Արիության դաս» է անցկացրել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։

Մովսես Հակոբյանն անդրադարձել  է  Արցախյան ազատամարտին, ուսանողներին ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կազմավորման և առաջընթացի փուլերը, զինված ուժերի կենսագործունեության առանձնահատկությունները, ընդգծել երիտասարդության հայրենասիրական դաստիարակության կարևորությունը,  խոսել  զինված  ուժերում  ընթացող բարեփոխումների, արձանագրված հաջողությունների և առաջիկա ծրագրերի մասին:  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկաներին  հավաստիացրել է, որ ինչպես Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյայի ժամանակ, այնպես էլ այսօր հայոց բանակն ամուր է սահմանին` պատրաստ հակառակորդի ցանկացած ոտնձգությանն արժանի հակահարված տալու:

Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտը պատասխանել է նաև դասախոսների և ուսանողների հարցերին:

Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը վստահեցրել է, որ բուհի և բանակի կապն ու համագործակցությունն ամրապնդող հանդիպումները լինելու են շարունակական:

Ջերմ և անկաշկանդ մթնոլորտում կայացած հանդիպումն ավարտվել է պարգևատրման արարողությամբ. ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած և զինծառայությունից արդեն զորացրված մի քանի ուսանողների Մովսես Հակոբյանը հանձնել է  խրախուսական պարգևներ:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


10/02/2017