ՀՀ ԶՈՒ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Փետրվարի 8-ին Մոսկվայի եկեղեցական համալիրի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն:
Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ ՊՆ բարձրաստիճան ղեկավարները, ՌԴ-ում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներքո հավատարմագրված ռազմական կցորդները, ՀՀ բարձրաստիճան և սպայական անձնակազմի ու Մոսկվայի համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Շնորհավորելով ՀՀ ԶՈՒ կազմավորման առթիվ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը ամփոփ անդրադարձ է կատարել Հայոց բանակի կազմավորման պատմությանը: Խոսելով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված ներկայիս իրավիճակի մասին՝ նա նշել է հակառակորդի կողմից զինադադարի խախտման բազմաթիվ դեպքերի մասին:
Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ու ՌԴ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Լալայանը: Վերջինս խոսել է հայ զինվորի ոգու, մարտունակության, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում Ազգ-բանակ ձևաչափով ընթացող բարեփոխումների մասին:
Գնդապետ Արմեն Լալայանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն բարերարներին, ովքեր տարիներ շարունակ աջակցել են Հայոց բանակի կայացմանն ու ամրապնդմանը:
Միջոցառման շրջանակներում ՀՀ ԶՈՒ սպայական կազմի մի շարք ներկայացուցիչների հանձնվել են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից շնորհված մեդալներ ու շնորհակալագրեր:
Պաշտոնական ընդունելությունը շարունակվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի ներքո գործող Հայորդաց տան սաների համերգային կատարումներով:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայություն
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում