Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ



Այսօր քրիստոնեական արժեքներ արտահայտությունը կարելի է լսել ամենատարբեր քննարկումների ենթատեքստում. երբ խոսքը վերաբերում է ազգային գաղափարախոսությանը, բարոյական արժեհամակարգին, կրթադաստիարակչական ծրագրերին, մշակութային քաղաքականությանը եւ այլն։ Որո՞նք են քրիստոնեական արժեքները հայկական բանակի զինվորների պատկերացմամբ, եւ որքանով են համատեղվում հայրենիքի պաշտպանության գաղափարի ու հայոց ազգային արժեքների հետ։ Ներկայացնում ենք մի խումբ զինվորների դիտարկումներն ու խորհրդածությունները։

Մենք դպրոցում կրոնի պատմություն ենք ուսանել։ Բարեբախտաբար, ունեինք շատ բանիմաց ու բարեխիղճ ուսուցիչ, որը ամենայն մանրամասնությամբ մեկնեց Նոր կտակարանը եւ մեզ ծանոթացրեց քրիստոնեության բարոյախոսությանն ու արժեհամակարգին։ Ես մկրտվել եմ փոքր տարիքում, միշտ խաչ եմ կրել, բայց երբեք ոչ ոք ինձ չի բացատրել մկրտության ու խաչի խորհուրդը։ Մկրտությունը քրիստոնեական պատգամներով ապրելու՝ կամովին ստանձնած պարտավորություն է։ Ծնողները մկրտում են զավակներին, այսինքն՝ սերնդեսերունդ փոխանցում են աստվածահաճո վարքին ու բարոյականությանը հավատարիմ մնալու պատրաստակամությունը։ Քրիստոսի ամենամեծ պատգամը սերն է՝ որպես զգացմունք եւ դրանից ծնված բարությունը՝ որպես վարք՝ որպես գործունեություն։ Մարդ արարածին սիրով կարեկցելու, սիրով ներելու, սիրով հանդուրժելու, սիրով օգնելու պատրաստակամությունը։ Մի օր ես նայեցի իմ շուրջը ու հասկացա, որ մեր բոլոր դժբախտությունները, անհաջողությունները, ձախողումները ծնվում են սիրո բացակայությունից։ Մենք կորցնում ենք, վրիպում ենք, պարտվում ենք, որովհետեւ մենակ ենք, որովհետեւ մեր հոգու եւ մարմնի ուժը համատեղված չէ։ Տարիներ առաջ «Հայ զինվոր» թերթում մի հրապարակախոսություն կարդացի՝ «Մենք գումարվելիս բազմապատկվում ենք»։ Այս միտքը մեխվեց ուղեղիս մեջ։ Այսինքն՝ մեր ուժերի մեկտեղումը սոսկ թվաբանական գումար չէ, այն բերում է ոգու ուժ, ինքնավստահություն, հավատ, հոգեկան վերելք, խանդավառություն՝ եւ մենք բազմապատկվում ենք։ Ես սկսեցի մտածել, որ եթե մենք ազգովի օգնենք իրար, եթե կանգնենք մեկս մյուսի թիկունքին, եթե մեր ընտանիքի, մեր երեխայի ու ծնողների համար բարեկեցություն ապահովելու ճանապարհին մի քիչ էլ մտածենք մեր հարեւանի, համագյուղացու, համաքաղաքացու, համերկրացու ընտանիքի, ծնողի ու երեխայի մասին, որքան ուժեղ ու անպարտ կլինենք։ Եթե սիրով շաղախված ամրություն ունենանք՝ որպես ազգ, մեզ ոչ ոք չի կարող հաղթել։ Ես միշտ հետեւել եմ «Հայ զինվոր» թերթի հրապարակումներին. լրագրողները հաճախ հարցնում են իրենց զրուցակիցներին՝ որն էր Արցախում մեր հաղթանակի գրավականը։ Այս հարցին տարբեր մարդիկ տարբեր պատասխաններ են տվել։ Ես էլ ուզում եմ պատասխանել. համոզված եմ, որ Արցախյան պատերազմում հաղթեց մեր սերը՝ քրիստոնեական սերը մեր վտանգված հայրենակիցների՝ ղարաբաղցիների հանդեպ, մեր կողքին կռվող մարտական ընկերոջ հանդեպ, այն մարդկանց հանդեպ, ովքեր դարեդար կյանք ու արյուն են տվել գալիք սերունդների ազատ ու ապահով կյանքի համար։ Քրիստոնեական սերը վաղվա Հայաստանի քաղաքացու հանդեպ։ Ոչ մի ատելություն ու վրեժխնդրություն չէր կարող հաղթանակի գրավական դառնալ։ Նրանք, ում մարտադաշտ էին բերել վրեժն ու ատելությունը, պարտվեցին, թեեւ ե՛ւ մարդկային ներուժով, ե՛ւ տեխնիկական հնարավորություններով տասնապատիկ գերազանցում էին մեզ։
ԿԱՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ
սերժանտ

Ես Դավթաշենում եմ ապրում։ Մեր եկեղեցու սպասավորները շատ ակտիվ են, եկեղեցում կա երիտասարդների խումբ, որոնք հավաքվում են, կարդում, մեկնում, քննարկում են Սուրբ գիրքը։ Եկեղեցին կազմակերպում է ուխտագնացություններ։ Անկեղծ ասած, իմ եկեղեցասիրությունը մոմ վառելուց առաջ չէր անցնում, բայց մի անգամ, պատարագի վերջում լսեցի մեր քահանայի՝ Տեր Խորենի խոսքը։ Նա խոսում էր մարդկային առաքինություններից մեկի՝ հանդուրժողականության եւ ներողամտության մասին։ Տեր Խորենի խոսքը այնքան համոզիչ էր, հիմնավորված, այնքան ազդեցիկ էր ու հուզիչ, որ ես ինքնամոռաց լսում էի։

Մեզ մեծ պատիվ է տրվել՝ արարվելու Աստծո պատկերով եւ նմանությամբ, ուստի պարտավոր ենք Աստծու անբավ ներողամտության մասնիկն ունենալ մեր հոգում։ Հիմա ես բանակում եմ, շարքային զինվոր եմ եւ ծառայության հինգ ամիսների ընթացքում հասկացել եմ, թե որքան կարեւոր է ներողամտությունը մարդկային հարաբերությունների մեջ, իրար հանդուրժելու կարողությունը։ Բանակում որքան ցավալի, ողբերգական դեպքեր կկանխվեին, եթե կարողանայինք ներել մեկս մյուսին։ Եթե փոքրիկ վիրավորանքները, տարաձայնությունները, հակասությունները չդառնային հակակրանքի, ատելության, նույնիսկ թշնամանքի պատճառ։ Եթե կարողանանք մեկտեղել մեր ամբողջ ուժերը, որքան ուժեղ կլինենք։ Ես կարծում եմ, որ ներողամտությունն ու հանդուրժողականությունը քրիստոնեական ամենակարեւոր արժեքներից մեկն են եւ այսօր շատ են պետք յուրաքանչյուրիս։
ԱՐԳԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
շարքային

Իմ հարեւանները «Եհովայի վկա» աղանդի անդամ են։ Նրանք հաճախ են գալիս մեր տուն եւ փորձում են մեզ դավանափոխ անել։ Նրանք ասում են, որ իսկական հավատացյալը չպետք է գնա բանակ, չպետք է սուր վերցնի ու պաշտպանի հայրենիքը, որովհետեւ չկա հայրենիք հասկացություն, եւ ամբողջ երկիր մոլորակն է մեր հայրենիքը, իսկ Նոր կտակարանում ասված է՝ ով սուր վերցնի, սրով կընկնի։ Ես դիմեցի մեր եկեղեցու քահանային, եւ նա բացատրեց, որ հայրենիքի պաշտպանությունը սրբազան գործ է, որ Հայ Առաքելական եկեղեցին սրբացրել է հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներին։ Տեր հայրը բացատրեց, որ Աստված մեզ ստեղծել է ազատ, տվել է ազատ կամքի եւ ազատ ընտրության իրավունք, ու մենք պարտավոր ենք պաշտպանել այդ աստվածատուր շնորհը՝ ազատությունը, եւ պարտավոր ենք դիմակայել յուրաքանչյուր բռնացողի։ Սրով կընկնի նա, ով առաջինն է սուր վերցրել, ով խլում է ուրիշի ունեցվածքը, ուրիշի կյանքը, ուրիշի հայրենիքը, ուրիշի ազատությունը, ով զենք է բարձրացնում անպաշտպան ու անզեն, թույլ ու անօգնական մարդկանց վրա։ Իսկ սրի դեմ սուր հանելով՝ իրեն ու յուրայիններին պաշտպանելը աստվածահաճո գործ է, օրհնության արժանի։

Երբ կանգնեցի հայրենիքի սահմանին, ավելի լավ հասկացա հայրենիքի պաշտպանի մեծությունը, հարազատ ժողովրդի ազատությունը պաշտպանելու կարեւորությունը։ Ես զենքն առած կանգնած էի սահմանին, իսկ իմ թիկունքում սահմանամերձ փոքրիկ գյուղի լույսերն էին։ Այնտեղ մարդիկ էին ապրում՝ ծերեր, երեխաներ, կանայք։ Նաեւ այն տղամարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ կանգնել են սահմանին, իրենց կյանքը վտանգելով՝ փակել թշնամու ճանապարհը։ Գյուղի գերեզմանոցում ննջում են Արցախյան պատերազմում մարտիրոսված քաջերը։ Նա, ով գեթ մեկ անգամ մարտական հերթապահություն է կատարել սահմանին, կհասկանա ինձ։ Սեփական կյանքդ դառնում է այնքան աննշան այս մեծ արժեքների ու գաղափարների առաջ։

Երբ արձակուրդ ստացա ու տասը օրով եկա տուն, «Եհովայի վկա» հարեւաններիս որդուն պատմեցի բանակի, զինվորական ծառայության, իմ պաշտպանած դիրքերի, սահմանամերձ փոքրիկ գյուղի եւ ընդհանրապես զինվորական առօրյայի մասին։ Սարգիսն իմ ընկերն է, նա հրաշալի մարդ է, ազնիվ, քաջ, սկզբունքային, բայց ծնողների քարոզը ինչ-որ չափով իր սեւ գործը արել էր։ Բայց մեր զրույցից հետո Սարգիսը սկսեց ավելի շատ հետաքրքրվել բանակով, հարցեր տալ։ Ես վստահ եմ, որ ծնողները չեն կարողանա դիմազրկել տղային, նա կգա բանակ ու իսկական զինվոր կդառնա։
ԿԱՐԱՊԵՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
շարքային

Բոլորս էլ հաճախ ենք լսել «հայ քրիստոնյա» արտահայտությունը։ «Հայ քրիստոնյան» քրիստոնեական բարոյականության, քրիստոնեական արժեհամակարգի խորհրդանիշ է։ Այս երկու բառերը՝ հայ եւ քրիստոնյա, ըստ էության, հոմանիշներ են, որովհետեւ մեր ազգային-ավանդական նկարագիրը՝ իր բոլոր առաքինություններով, նույնանում է քրիստոնեական բարոյականության արժեքներին։ Երբ մենք մի լավ, առաքինի, բարեսիրտ, ազնվաբարո մարդ ենք տեսնում, ասում ենք՝ իսկական հայ քրիստոնյա է։ Այսինքն՝ հայ քրիստոնյան բարոյականության չափանիշ է բոլորիս համար։ Մնում է հասկանալ, թե ինչ գծերով է բնորոշվում այդ կերպարը։ Քրիստոնեությունը քարոզում է սեր, բարություն, առատաձեռնություն, աշխատասիրություն, ազնվություն, քաջություն, սկզբունքայնություն, ներողամտություն, տոկունություն, լավատեսություն։ Քրիստոնեությունը մերժում է ատելությունը, չարությունը, նախանձը, անտարբերությունը, հուսալքությունը, վախկոտությունը, ստախոսությունը, վրեժխնդրությունը… Եթե ուսումնասիրենք պատմություն ու գրականություն, կտեսնենք, որ հայի ավանդական կերպարը բնութագրվել է հենց քրիստոնեական առաքինություններով։ Այսօրվա խոտորումները խորթ են մեզ՝ հայ քրիստոնյաներիս։ Եթե մենք ուզում ենք ուժեղ լինել, եթե ուզում ենք արժանանալ Աստծու օրհնությանը, եթե ուզում ենք դիմակայել ժամանակի մարտահրավերներին, պիտի զինվենք քրիստոնեական արժեքների վահանով, կուլ չգնանք պատեհապաշտ ցանկություններին ու մնանք աներեր։
ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
շարքային

Երբեմն կարելի է լսել կարծիք, թե՝ քրիստոնեությունը թույլերի կրոն է, կամ թուլացնող կրոն է։ Այս միտքը հորինել են քրիստոնյաների թշնամիները եւ նրանք, ովքեր չեն գիտակցում քրիստոնեության էությունը կամ քաջություն չունեն քրիստոնեաբար ապրելու։ Ես այն կարծիքին եմ, որ քրիստոնեությունը մարդուն անպարտելի դարձնող ամենամեծ զենքն է։ Երբ դու զինված ես բարությամբ, սիրով, ազնվությամբ, ներելու ունակությամբ, հավատով առ Աստված, երբ դու բարձր ես նյութապաշտությունից, որկրամոլությունից, անհարկի շքեղությունից, երբ դու գիտես, թե որն է իսկական երջանկությունը եւ ապրում ես հոգեւոր արժեքներով, երբ դու չունես ստրկական կախվածություն ինչքից, երբ դու ինքնարտահայտվում ես ոչ թե կողքինիդ ճնշելով, այլ թույլին պաշտպանելով եւ ընկածին բարձրացնելով, երբ քո սրտում ծով ուրախություն է, քանի որ ուրախանում ես ոչ միայն քո, այլեւ յուրայիններիդ ուրախությամբ, ապա դու չես կարող թույլ լինել, ապա դու աշխարհի ամենաուժեղ մարդն ես։ Քրիստոնեությունը ուժեղացնող կրոն է եւ մարդուն դեպի իսկական երջանկություն ուղեկցող միակ ճանապարհը։
ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ
սերժանտ

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #27 (892) 13.07.2011 – 20.07.2011, Հոգևոր-մշակութային


20/07/2011