ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ
Վերջերս Հայաստանի Հանրապետության դպրոցներում ավագ դասարանների աշակերտներին հանձնարարվել էր գրել շարադրություն` «Նամակ զինվորին» վերնագրով: Մրցույթի արդյունքում Կոտայքի մարզի Զորավան գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Լենա Թովմասյանի աշխատանքը մարզում զբաղեցրեց առաջին տեղը: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նազելի Պետրոսյանը ներկայացնում է աշակերտուհու շարադրությունը:
Նայում եմ ննջարանիս պատից կախված օրացույցին: Հաստափոր օրացույցը նիհարել է կիսով չափ: Ես դա գնեցի քո բանակ գնալու օրը: Շտապում եմ, ուզում եմ զույգ-զույգ, երեք-երեք և ավելին պոկել միանգամից: Իսկ դու չես շտապում. հանգիստ և անխռով քո պարտքն ես կատարում հայրենիքի հանդեպ: Հիշում եմ` երբ փոքր էինք, և մայրիկը մեզ տանում էր խաղալիքների խանութ, դու ամեն անգամ տանկեր ու զինվորներ էիր ուզում: Հիմա դու քո տարերքի մեջ ես` շրջապատված իրական, քաջ զինվորներով: Դու հայոց բանակի խիզախ զինվոր ես, այն զինվորը, որն իր վրա է վերցրել հայրենիքի սահմանները պաշտպանելու պատասխանատու գործը: Ես հավատում եմ քեզ, ի՛մ զինվոր, քանի որ քո մեջ տեսնում եմ այն վառվող բեկորը, որը թշնամու գլխին կդառնա կրակե անձրև, եթե դրա կարիքն զգացվի: Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա իր բանակը, քանի որ ուժեղ բանակ ունեցող երկրի ժողովուրդն է պահանջատեր դառնում:
Մեր երկիրը շատ է ավերածություններ տեսել, բայց միշտ էլ պայքարել է և ոտքի կանգնել: Մեր զինվորները քաջ են և հաղթանակի են հասնում իրենց համբերությամբ, կամքով, քաջությամբ, հայրենիքի հանդեպ տածած անսահման սիրով և ինքնանվիրումով:
Սիրելի՛ զինվոր, իմ քա՛ջ եղբայր, դու իմ ազգի պաշտպանն ես: Ես հավատում եմ, որ դու երբեք չես լքի քեզ վստահված դիրքը, թույլ չես տա թշնամու մուտքը մեր երկիր, միշտ հավատարիմ կմնաս քո հայրենիքին ու ազգին:
Իմ զինվո՛ր եղբայր, դու իմ ուժն ես, մեր բանակի ուժը, մեր երկրի ուժը: Քո և սահման պահող յուրաքանչյուր զինվորի անսահման նվիրումն է, որ ոչ միայն պահպանում, այլև պարտադրում է խաղաղություն: Հայ զինվորների սխրանքը ուսանելի է գալիք սերունդների համար:
Քառօրյա պատերազմի ընթացքում դու և ընկերներդ ապացուցեցիք, որ պարտադիր չէ աշխարհի լավագույն զենքերն ունենալը: Կարևորը խիզախությունն ու բարձր մարտական ոգին է, որ ստիպում է թշնամուն ծնկի գալ: Եղբա՛յրս, քեզ և զինակից ընկերներիդ ցանկանում եմ խաղաղ երկինք, անսպառ ուժ և կորով: Արդեն ժամը 00.05-ն է: Պոկում եմ օրացույցի ևս մեկ թերթիկ:
Խորագիր՝ #06 (1177) 15.02.2017 - 21.02.2017, Բանակ և հասարակություն