ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
Հարվածային ուղղաթիռներն իրենց տեսակով յուրահատուկ մարտական թռչող մեքենաներ են: Դրանք ժամանակակից համազորային եւ այլ մարտերում հանդիսանում են զրահապատ մեքենաների հիմնական թշնամին եւ այդ պայքարում մեծ հաջողությունների են հասել: Զորքը շատ հաճախ անհավասար մարտեր վարելով բարձրլեռնային կամ անտառային տեղանքում, ապավինում է հենց այս «թեւավոր տանկերին»: Այո՛, հենց այսպես են կոչվում զրահավորված եւ իրենց չափերի համեմատ լավ զինված հարվածային ուղղաթիռները: Հարվածային ուղղաթիռները լիովին կործանիչ են ոչ միայն վերգետնյա նշանակետերին հարվածելու առումով: Օդային մարտերում էլ դրանք կարող են հանդիսանալ որպես կործանիչներ եւ հաջողությամբ պայքարել թռչող սարքերից շատերի դեմ: Ներկայումս առանց այս հզոր հարվածային միջոցի անհնար է պատկերացնել ժամանակակից մարտական գործողությունները: Երբեմն մարտական գործողությունների ժամանակ ուղղաթիռները լիովին փոխարինում են ինքնաթիռներին եւ որոշ դեպքերում ավելի մեծ դեր են խաղում:
Հարվածային ուղղաթիռների լավագույն տասնյակի մեր դասակարգումը նորից կատարվել է համաձայն որոշակի հստակ չափանիշների:
AH-64 D Apache Longbow
Հիմնական մարտավարատեխնիկական տվյալներ
Երկիր ԱՄՆ
Տեսակ Հարվածային ուղղաթիռ
Ընկերությունը Boeing
Առաջին թռիչքը 1984թ
Թռիչքային քաշը 8000 կգ
Թռիչքի հեռավորությունը 1900կմ
Թռիչքային բարձրությունը 6000 մ
Սպառազինությունը 30 մմ հրանոթ, 16 հակատանկային
հրթիռներ AGM-114
Անձնակազմը 2 մարդ
AH-1 Cobra ուղղաթիռի Վիետնամական պատերազմին հաջող մասնակցությանը ապահովեց հարվածային ուղղաթիռների կիրառության կարեւորությունը: Միեւնույն ժամանակ նույն «Կոբրա»-ի հետնորդի հարցը մնում էր հարցականի տակ: Վերջապես 1972թ. ԱՄՆ զինված ուժերը սկսեց նոր` կատարելագործված հարվածային ուղղաթիռ (Advanced Attack Helicopter, AAH) ստեղծելու ծրագիր: Ի սկզբանե, այն առաջին հերթին ստեղծվել էր հակառակորդի տանկերի դեմ պայքարի համար, եղանակային տարբեր պայմաններում, ցերեկով եւ գիշերով: Այս նոր մոդելը կոչվեց ԱՀ-64 «Ապաչի»: 1984թ. «Ապաչի» ուղղաթիռների առաջին խումբը մտավ ԱՄՆ սպառազինություն: ՆԱՏՕ-ի մասնագետների խոսքերով, այն առավել կատարելագործված մեքենա է: Ունի մարտական հնարավորությունների հարուստ պաշար, փայլուն խուսավարելիություն, թռիչքային բարձր արագություն: Բավականին զրահապատ է եւ կենսունակ նույնիսկ 12,7մմ տրամաչափի հրազենի հարվածների դեպքում, իսկ իր յուրահատուկ` հովացում ապահովող շարժիչի շնորհիվ նվազագույնի է հասցված ինֆրակարմիր գլխիկով հրթիռների կողմից խոցվելու հավանականությունը: Նշված զինատեսակների կողմից խոցվելու դեպքում նույնիսկ այն ընդունակ է շուրջ 30 րոպե մնալ օդում եւ կատարել մարտական առաջադրանքը: Ուղղաթիռի վրա շատ կառուցվածքային լուծումներ օրինակ դարձան ուղղաթիռաշինության հետագա զարգացման համար: ԱՀ-64 «Ապաչի»-ի վրա տեղադրված են նաեւ նոր ռադիոէլեկտրոնային սարքավորումներ: Այն առաջին հարվածային ուղղաթիռն է, որում տեղադրված է թիրախավորման սաղավարտային համակարգը: Այսինքն` օդաչուն գլխի շարժումով կարող է որսալ թիրախը, ինչպես նաեւ ուղղորդել հրթիռները կամ հրանոթը: «Ապաչի»-ն ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր հարվածային ուղղաթիռն է, այն ընդգրկված է նաեւ Իսրայելի, Հոլանդիայի եւ Ճապոնիայի ռազմաօդային ուժերում: Ուղղաթիռը մասնակցել է Իրաքյան պատերազմին եւ փայլուն արդյունքներ գրանցել: Բանակային ավիացիայի հաղորդագրությունների համաձայն` առճակատմանը մասնակցել է 288 ԱՀ-64Ա «Ապաչի», որոնց մարտական թռիչքների տեւողությունը կազմել է 18700 ժամ, այդ ընթացքում շարքից հանվել է իրաքյան ավելի քան 500 տանկ: Կորուստները կազմել են 4 մեքենա, մեկը` մարտում, երկուսը` վթարներում, ու մեկն այրվել է բեռնաթափման պահին: Չնայած շահագործման ծանր պայմաններին, մարտունակությունը կազմել է 86%: Իր փայլուն գործողությունների համար այն ստացել է «տանկերի կործանիչ» անվանումը: Հետագայում կատարելագործման արդյունքում ի հայտ եկավ վերջինիս նոր տարբերակը ԱՀ-64 Դ «Ապաչի Լոնգբոուն», որը, մասնագետների պնդմամբ, համարվում է 21-րդ դարի ուղղաթիռ:
ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Խորագիր՝ #27 (892) 13.07.2011 – 20.07.2011, Ռազմական