Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ



ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ Առավոտ կանուխ արթնանալ, անկողինը հարդարել, ճաշարան գնալ, սեփական հագուստն արդուկել և այլն. նորակոչիկի համար անսովոր ու անհաղթահարելի թվացող այս փոփոխությունները շաբաթներ անց դառնում են առօրյայի անբաժան մասը: Քաղաքացիական կյանքից զինվորական խստակյաց կյանքին անցումը հեշտ չէ, բայց հաղթահարելի է: Հայոց բանակին զինվորագրվելուց շաբաթներ անց արդեն նորակոչիկը չի զիջում փորձառու զինծառայողին: Փոփոխությունները բոլոր ոլորտներում են: Աշակերտական կամ ուսանողական նստարանին փոխարինում է զինվորական նստարանը: Զինվորն առաջին իսկ օրվանից ստանում է որոշակի գիտելիքների պաշար զինված ուժերի, տարբեր զինատեսակների, մարտավարության նրբությունների, զինվորական օրենքների, իրավունքների ու պարտականությունների մասին: Սովորել պարտավոր են բոլորը, որովհետեւ գիտելիքն է հզոր եւ մարտունակ բանակի, հետեւաբար՝ հզոր հայրենիք ունենալու գրավականը:

Զինվորի առօրյայի մասին տղաները տեղեկություններ ստացել են դեռ քաղաքացիական կյանքում՝ ավագ ընկերներից, իրենց արդեն իսկ ծառայած եղբայրներից: Եվ արդեն հարմարվել ու հաղթահարել են առաջին փորձությունները: Քիչ չէ նաեւ ռազմական թեքումով դպրոցներում սովորած նորակոչիկների թիվը: Օրինակ՝ Վարազդատը ռազմական կրթահամալիրի սան է, եւ նրա համար զինվորական առօրյան սովորական է: Կիրառելով կրթահամալիրում ստացած գիտելիքները՝ օգնում է ընկերներին, թեեւ ինքն էլ նորակոչիկ է:

Վարազդատ Քոչարյան.

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ-Ավարտել եմ ռազմամարզական վարժարանը, պատրաստված եկել եմ ծառայության, ռեժիմին սովոր եմ, կարգացուցակը նույնն է, իմ առօրյան շատ լավ է անցնում նաեւ այստեղ: Ապրիլյան պատերազմի օրերին մտածում էի՝ հասնեմ, ես էլ զենք վերցնեմ: Եվ հիմա ամեն ինչ անում եմ մարտունակ, իմ գործի գիտակ մարտիկ դառնալու համար:

Անտոնյան Էդուարդ.

-Օրն ըստ կարգացուցակի սկսում ենք առավոտյան ժամը վեցին, զբաղվում ենք անձնական հիգիենայով, դրանից հետո ինքնապատրաստության ժամն է: Ամենաբարդը տան, ընտանիքի անդամների կարոտն է, ինչն էլ կամաց-կամաց հաղթահարելով՝ ընտելանում ենք զինվորական կյանքին:

Ժորա Հակոբյան.

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ-Սնունդը համեղ է, տան ճաշերից ոչնչով չի տարբերվում: Շատ հաճախ մեր խոհարարները նեղանում են, որ մինչև վերջ չենք ուտում, ավելանում է…

Արմեն Միրզոյան.

-Եղբայրս մասնակցել է քառօրյա պատերազմին: Այդ ժամանակ շատ էինք անհանգստանում: Երբ բարեհաջող վերադարձավ տուն, շատ բան պատմեց ծառայության մասին, խորհուրդ տվեց քաջ ու անվախ լինել: Հիմա էլ ես եմ եկել ծառայելու, իմ պարտքը կատարելու: Եթե հարկ լինի, քաջաբար կկռվեմ, չեմ վախենա:

Օրեր անց տղաները զինվորական երդում կընդունեն եւ կանցնեն լիարժեք ծառայության՝ ըստ իրենց մասնագիտացումների: Իսկ մեզ մնում է մաղթել նրանց խաղաղ ծառայություն և մարտական անկոտրում ոգի:

 

Հարություն ՉԱՔՄԻՇՅԱՆ

Խորագիր՝ #06 (1177) 15.02.2017 - 21.02.2017, Ազգային բանակ


15/02/2017