Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՎՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ



ԵՐԴՎՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸՀակաօդային պաշտպանության մասնագետներ պատրաստող ուսումնական զորամասում երդման արարողություն է: Շարահրապարակում խրոխտ, ձիգ ու առնական կանգնած են զինվոր տղերքը: Հայաստանի տարբեր անկյուններից հարազատ-բարեկամ եկել են մասնակցելու հանդիսավոր միջոցառմանը: Ծնողները փորձում են գտնել հարազատ դեմքեր, ծանոթ աչքեր ու դիմագծեր, սակայն դժվարանում են.  համազգեստ հագած տղաներն այնքան նման են իրար:

Արցունքոտ աչքեր, հպարտ հայացք ու…հազարումի զգացողություն… Լուսանկարչական սարքերն անընդհատ չխկչխկում են. հոլիվուդյան աստղերն անգամ երեւի թե այդքան չէին լուսանկարվել…

Տոնական արարողակարգն սկսվում է Օշականի հոգեւոր հովիվ Տեր Վիգենի աղոթքով. «Սիրելի՛ զինվորներ, դուք երդվում եք ձեր ծնողների, ձեր հրամանատարների, Աստծու առաջ՝ պաշտպանելու մեր հողը,  մեր ժողովրդին: Աստված օրհնի, պահի ու պահպանի Հայոց աշխարհը, հայ զինվորին եւ զինվորին սպասող ծնողին»:

 

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ ղեկավարության, ՀՕՊ զորքերի հրամանատարության անունից շնորհավորում է ներկաներին.

-ՀՕՊ կարեւորությունը բոլորս ենք գիտակցում, այն առանձնահատուկ տեղ ունի ռազմական անվտանգության համակարգում: Այս զորամասում կրթվում են հակաօդային պաշտպանության բարձրակարգ մասնագետներ: 5-6 ամսում կուրսանտները գերազանց պատրաստություն են ստանում, իսկ լավ պատրաստությունը ավելի է ամրացնում վստահությունը: Մասնագետ դառնալուց հետո մեր զինվորները  մեկնում են  զորքեր՝ իրականացնելու հակաօդային պաշտպանություն: Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողներն իրենց պարտականությունները պատվով կատարեցին եւ կազմակերպված դիմագրավեցին հակառակորդի օդուժին: Չեմ կարող հպարտությամբ չարձանագրել՝ մեր նոր սերունդը՝ անկախության սերունդը, ավելի լավ է պատրաստված՝ խելացի, կրթական մակարդակը բարձր, ոգին տեղը: Այսօր մեր զինվորներն ավելի վճռական են, ավելի վստահ:

Բոլորիդ բարի ծառայություն եմ մաղթում, իսկ ձեր ծնողները դեռ առիթներ կունենան հպարտանալու ձեզնով:

Փոխգնդապետ Գոռ Նազարեթյան, զորամասի հրամանատար.

-Այսօր տոնական օր է զորամասի համար, հերթական անգամ մեր նորակոչիկ անձնակազմը զինվորական երդում տվեց՝ զինվորագրվելով հայրենիքին: Մենք տեսանք, թե ինչպես էին հպարտ, վեհ կեցվածքով երդվում մեր խաղաղ երկնքի պաշտպանները: Կասկած չունենք, որ դառնալով հակաօդային պաշտպանության իսկական մասնագետներ՝ նրանք ջանք ու եռանդ չեն խնայի՝ հակառակորդի օդային հարվածները ետ մղելու  եւ արժանի հակահարված տալու համար…

Ապրիլյան գործողությունների ժամանակ մենք եւս մեկ անգամ ականատես եղանք, թե մեր ուսումնական զորամասով անցած զինվորները ինչպիսի մարտական խնդիրներ կատարեցին՝ ոչնչացնելով հակառակորդի ուղղաթիռներ, անօդաչու սարքեր: Շնորհավորում եմ այսօր երդում ընդունողներին, մաղթում հաղթողի կամք եւ վճռականություն:

Փոխգնդապետ Վարդան Տեր-Պետրոսյան, ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ.

-Օրը հիշարժան է: Շնորհավորում եմ ողջ անձնակազմին՝ զինվորական երդման կապակցությամբ, ցանկանում եմ նոր ձեռքբերումներ ի շահ մեր բանակի, երկրի հզորացման ու բարգավաճման: Հպարտանում ենք մեր սաների հաջողություններով, ապրիլյան քառօրյայի  ժամանակ նրանք անառիկ պահեցին մեր օդային սահմանը: Թշնամու մարտական ուղղաթիռ խոցած Գեւորգ Մանուկյանը մեր ուսումնական զորամասի շրջանավարտներից է, զորամասի Պատվո գրքում նրա անունը գրանցվել է որպես պատվավոր զինվոր: Թող հակառակորդը  մեկընդմիշտ հասկանա, որ մեր սահմանները՝ թե օդային, թե ցամաքային, անառիկ են:

♦♦♦

Երդվում են զինվորները, հանդիսավոր խոստում տալիս՝ հավաստելով իրենց նվիրվածությունն ու հավատարմությունը հայրենիքին ու զինված ուժերին: Ու արտասանվող ամեն բառի հետ հավատդ է՛լ ավելի է ամրանում՝ հայոց բանակը քաջերի պակաս չունի:

ԵՐԴՎՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸԱրամայիս Սահակյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից է զորակոչվել. «Այսօր մեզ համար օրն ավելի քան տոնական է. երդվում ենք մեր հայրենիքի, մեր ծնողների, հրամանատարների առաջ, խոստանում ենք լինել երկրի պաշտպանը, հարկ եղած դեպքում չխնայել ամենաթանկը՝ մեր կյանքը: Ապրիլյան պատերազմի ժամանակ ընկերներիցս շատերն են կռվել, հերոսացել, հիմա էլ մեր հերթն է»:

ԵՐԴՎՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸՄխիթար Կարապետյան. «Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից եմ: Արմատներով մշեցի եմ: Հայրս Արցախյան պատերազմի մասնակից է, զենք է վերցրել, միացել կամավորականներին, որ էլ հող  չկորցնենք, որ Արցախն էլ  նույն ճակատագրին չարժանանա: Մայրս բուժքույր է ու կռվի օրերին բժշկական օգնություն էր ցույց տալիս վիրավորներին: Եղբայրս էլ արդեն ծառայել է: Մի խոսքով՝ մեր տնից բոլորն էլ  հայրենիքին իրենց պարտքը տվել են,  իմ հերթն է հիմա:  Ծառայում եմ հայրենիքիս, ծառայում եմ ժողովրդիս»:

ԵՐԴՎՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸՌաֆիկ Հովհաննիսյան. «Աշտարակից եմ, մինչ զորակոչվելս սովորում էի ճարտարագիտական համալսարանում, բայց չի բացառվում, որ ծառայությունից հետո մասնագիտությունս  փոխեմ ու զինվորական դառնամ: Այսօր, առավել քան երբեւէ, մեր ազգին զինվորներ են պետք: Մեր ուսումնական զորամասում զինվում ենք գիտելիքներով, որ հակառակորդի օդուժի սպառնալիքները չեզոքացնենք:

♦♦♦

ԵՐԴՎՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸԵրդվում են  մեր օդային դարպասներն ամուր պահող զինվորները՝ մեր խաղաղ երկնքի պահապանները, իսկ քիչ հեռվում  կանգնած բարեկամ-ընկերները փորձում են գտնել հարազատ դեմքեր,  լարում են լսողությունը, գոնե ձայնով ճանաչեն…

Զինաիդա Մարգարյանը Ամասիայի շրջանից է, եկել է որդու՝ Արշակի զինվորական երդմանը մասնակցելու. «Տեր Աստված, թող բոլոր զինվորների համար լինի խաղաղ երկինք, խաղաղ հող, խաղաղ մոր սիրտ…»:

Հասմիկ Ալիխանյանը Իջեւանի Աչաջուր գյուղից է. «Սահմանաբերանում ապրողներս լավ գիտենք, թե ինչ  է պատերազմը, պատերազմի ցավն ու դառնությունը: Ամեն զինվորով խաղաղությունն ավելի է ամրանում: Առաջին թոռս՝  Ալբերտս է հիմա զինվոր»:

Ծերունազարդ Բենիկ Ավագյանն էլ անտեսելով տարիք, առողջություն, հարազատների հորդորներ, եկել է այստեղ. Թամանյան դիվիզիայում ծառայած պապը բա իր Հայկ թոռան երդումը չլսի՞:

13-ամյա Վահեն էլ ծնողների հետ Իջեւանից եկել է եղբորը՝ Վոլոդյա Մովսիսյանին տեսնելու. «Հեռվից տեսա՝ զենքը ձեռքին, հպարտ, ինձ պատկերացրի իր տեղը… Զինվոր եմ դառնալու…»:

Հակոբ Հակոբյան. «Ավագ որդուս զինվորական երդմանն եմ եկել մասնակցելու: Համալսարանում է սովորում, ուզում էի՝ տարկետում վերցնի, չհամաձայնեց՝ «պիտի գնամ…»:

Ռաֆիկ Ներսիսյանն էլ է միանում զրույցին. «Իմն էլ 3-րդ թոռս է այսօր երդվում՝ Գրիգորը: Ապրիլյան պատերազմի ժամանակ երկու թոռներիս կողքին գնացի կանգնեցի: Ոգին տեղը զինվորներ ունենք, ես իրենց հոգուն մեռնեմ: Դեռ 2 թոռ էլ ճանապարհելու եմ բանակ»:

-Ես էլ Մասիսի Հովտաշատ գյուղից եմ,- ներկայանում է Բորիս Հովհաննիսյանն ու առիթը բաց չի թողնում հպարտանալու.- Ինը թոռ ունեմ, հիմա երկրորդ թոռս՝ Մարատն է ծառայում: Աստված ինձ էնքան կյանք տա՝ բոլոր թոռներիս բանակ գնալ-գալը տեսնեմ: Ես  խորհրդային բանակում եմ ծառայել, ջահել լինեի,  մեր բանակում  էլ ծառայեի: Ո՜նց կծառայեի…

Զինվորներին ազատական են տալիս մինչեւ ժամը 18:00-ն: Կարոտած մայրերը փարվում են զավակներին՝ աշխարհն ասես իրենց են տվել:

Թող բոլոր զինվորները անփորձանք ծառայեն ու վերադառնան աշխարհի ամենատաք ու ամենաջերմ անկյունը՝ մոր մոտ…

 

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #06 (1177) 15.02.2017 - 21.02.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/02/2017