Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ



Վերջին տասնամյակում հայոց ցեղասպանության պատմությունը կեղծող առավել «բեղուն» հեղինակներից է ամերիկացի պաշտոնաթող փոխգնդապետ Էդվարդ Էրիկսոնը: Նա զինվորական ծառայությունը սկսել է 1975թ.` որպես հրետանու սպա: Սակայն, դատելով նրա զբաղեցրած մի շարք պաշտոններից, նա ենթադրաբար եղել է հետախուզության աշխատակից:

Պատմության կեղծարար Էդվարդ Էրիկսոնը

Է. Էրիկսոնը մասնակցել է «Փոթորիկ անապատում» (1991թ.), «Իրաքյան ազատություն» (2003թ.) օպերացիաներին: Ծառայել է Թուրքիայում (Իզմիր) եւ Իտալիայում (Նեապոլ) տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմական հենակետերում: Իսկ 1995թ. ծառայել է Սարաեւոյում: 1997թ. զորացրվել է, 2003թ. կրկին զորակոչվել եւ ծառայել է Իրաքում տեղակայված ամերիկյան 4-րդ հետեւակային դիվիզիայում: Վեցամսյա ծառայությունից հետո կրկին զորացրվել է: 2005թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն (Ph.D): Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի պատմական գիտությունների դոկտոր է:

2007-2008թթ. Է. Էրիկսոնը աշխատել է Իրաքի պաշտպանության նախարարությունում` որպես «քաղաքական գիտությունների պրոֆեսոր» (պարզվում է, որ Իրաքի ՊՆ-ում նման տարօրինակ պաշտոններ էլ կան): 2011թ. դրությամբ` պաշտոնաթող փոխգնդապետը դասավանդում է ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Քուանտիկոյի ծովային հետեւակի համալսարանում:

Է. Էրիկսոնը հեղինակ է մի շարք աշխատությունների եւ հոդվածների, որոնք նվիրված են թուրքական բանակին եւ նրա մղած մարտական գործողություններին: Իր ուսումնասիրություններում ռազմական պատմաբանը զգալի տեղ է հատկացնում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի ցեղասպանությանը` հիմնականում հերքելով թուրքերի` հայերին զանգվածաբար տեղահանելու եւ կոտորելու փաստը:

Ակնհայտ է, որ թուրքական կառավարությունը եւ Գլխավոր շտաբը վստահում են ամերիկացի փոխգնդապետին, քանի որ վերջինիս թույլատրվել է աշխատել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի արխիվում: Թերեւս այդ է բխում «պրոֆեսորի» վկայակոչած գրականությունից: Սակայն, նույնիսկ հպանցիկ քննությունը վկայում է, որ նա գլխավորապես օգտվել է թուրք պատմաբանների աշխատություններից` ամբողջությամբ լինելով թուրքական պատմագիտության ազդեցության ներքո, եւ եթե նույնիսկ շեղվել է թուրք հեղինակների տեսությունից, ապա` աննշան չափով:

Է. Էրիկսոնի անձի եւ նրա կատարած «գիտական հետազոտության» կարեւորությունն է վկայում այն փաստը, որ նրա գրքի առաջաբանի հեղինակն է այն ժամանակվա (2001թ.) Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ գեներալ Հուսեյն Կիվրիկօղլին:

Իր ուսումնասիրությունում Է. Ջ Էրիկսոնը կեղծ ափսոսանք է հայտնում, որ արեւմտյան հետազոտողների զգալի մասն այն կարծիքին է, որ Անատոլիայի արեւելյան մասում (Արեւմտյան Հայաստանում) 1915թ. տեղի ունեցած հայկական ապստամբությունները վտանգավոր չեն եղել Օսմանյան կայսրության համար:

Հարկ ենք համարում ընդգծել, որ հեղինակը միաժամանակ երկու միտումնավոր սխալ է թույլ տալիս: Նախ` խուսափում է Արեւմտյան Հայաստան բառից, իսկ երկրորդը` շրջանառության մեջ է փորձում դնել «ապստամբություն» բառը` «ինքնապաշտպանական գործողության» փոխարեն եւ միաժամանակ ընթերցողի մեջ տպավորություն է ստեղծում, թե իբր արեւմտյան այլ հեղինակներ եւս հայերի ինքնապաշտպանությունը համարում են ապստամբություն:

Է. Էրիկսոնը մեղմորեն կշտամբում է այն պատմաբաններին, որոնք կարծում են, որ հայերի ցեղասպանությունը սկսվել է XIX դարի կեսերից եւ իր գագաթնակետին է հասել 1915թ.: Այս վերջին լայնածավալ եղեռնագործության` ցեղասպանության մեջ մեղադրվում են երիտթուրքական «Միություն եւ առաջադիմություն» կուսակցությունը եւ նրա պարագլուխները: Ամերիկացի պատմաբանը շտապում է հայտնել, որ թուրքական պաշտոնական պատմագրությունը մերժում է նման գնահատականը: Թուրք պատմաբանների կարծիքով, Առաջին աշխարհամարտի տարիներին օսմանյան իշխանությունները ստիպված են եղել դիմելու հարկադրանքի, որպեսզի երկրի արեւելյան նահանգները զերծ պահեն հայկական լայնածավալ խռովություններից: Է. Էրիկսոնը նույնպես պաշտպանում է այս տեսակետը` բերելով «ծանրակշիռ եւ հավաստի» փաստեր:

Փորձելով պատասխանել այն պատմաբաններին, որոնք իրենց ուսումնասիրություններում նշում են թուրքական իշխանությունների կողմից իրականացվող ժողովրդագրական միտումնավոր քաղաքականությունը, Է. Էրիկսոնը գրում է, որ դա եղել է «օբյեկտիվ գործոնների» ազդեցությամբ եւ վկայակոչում է Բալկանյան պատերազմները, որոնց հետեւանքով Բալկաններից Թուրքիա` Անատոլիա են գաղթում հազարավոր մահմեդականներ: Նրա կարծիքով` դա էր պատճառը, որ հայկական նահանգներում հայտնվում է մահմեդական մեծաքանակ բնակչություն:

Ինքնին հասկանալի է, որ նման հնարքով ամերիկացի պատմաբանը փորձում է մոլորության մեջ գցել ընթերցողին եւ շրջանցել այնպիսի հանրահայտ փաստեր, ինչպիսիք են, օրինակ, պատերազմի տարիներին (1913-1916թթ.) Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի զեկուցագրերը, հաղորդումները եւ հուշերը:

Փորձելով երիտթուրքական կառավարությունից հեռացնել ցեղասպանի խարանը` Է. Էրիկսոնը ամբաստանում է մեծ տերություններին, որոնք խրախուսում էին հայ ազգայնականներին: Վերջիններիս հակազդելու նպատակով էլ, իբր, երիտթուրքերը զարկ են տալիս պանթուրքիզմի եւ պանիսլամիզմի քարոզչությանը: Նա գտնում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ավելի շատ թուրքեր են սպանվել, քան հայեր:

Ռազմական պատմություն դասավանդող ամերիկացի պատմաբանը հայկական «ավազակային» խմբերի վտանգավորությունն «ապացուցելու» համար վկայակոչում է թուրքական 2-րդ եւ 3-րդ բանակների հրամանատարության հրամանները, որոնցից բխում է, որ նրանք հարկադրված են եղել զգալի մարդկային եւ նյութական միջոցներ հատկացնելու` թիկունքը եւ հաղորդակցության ուղիները պահպանելու համար: Ըստ նրա` հայկական «խռովությունների» դեմ հարկադրված էր պայքարել նաեւ Միջագետքում տեղակայված 4-րդ բանակը` ուժեր հատկացնելով հաղորդակցության ուղիները եւ կապի միջոցները պաշտպանելու համար:

Ընթերցողի մոտ թյուր տպավորություն ստեղծելու, հայերի «խռովությունների» իրական եւ վտանգավոր լինելը հաստատելու համար Է.Էրիկսոնը վկայակոչում է վիճակագրություն, որը վերաբերում է թուրքական 3-րդ բանակի սպառազինությանը եւ պարենին: Ըստ նրա` 1914թ. սեպտեմբերի 26-ի դրությամբ, այսինքն` մինչեւ թուրքերի` Ռուսաստանի վրա հարձակվելը, թուրքական 3-րդ բանակում կար 168608 զինվոր եւ սպա, 53794 բեռնակիր կենդանի: Դիտմամբ նվազեցնելով թուրքական բանակի զինվորների քանակը` Է. Էրիկսոնը ցանկանում է այն թյուր տպավորությունը ստեղծել, թե իբր թուրքերը ստիպված են եղել ոչ միայն դիմակայելու ռուսական գերակշիռ զորքին, այլեւ զգալի ուժեր ուղղելու իրենց թիկունքում գործող «հայ ահաբեկիչների» դեմ:

Իրականում, թուրքական 3-րդ բանակում կար մոտ 300 հազար զինվոր եւ սպա: Նրանց դիմագրավում էր ռուսական Կովկասյան բանակը, որի զինվորների քանակը մեկ երրորդով փոքր էր` մոտ 200 հազար:

Փաստորեն, ամերիկացի ռազմական պատմաբանը ցանկանում է թուրքերի պարտության ամբողջ մեղքը բարդել «հայ ահաբեկիչների», այլ ոչ թե Թուրքիայի ռազմական նախարար Էնվեր փաշայի վրա:

Վերջինս գերմանական ռազմական դպրոցի ջերմ երկրպագուն էր, ամեն ինչ կրկնօրինակում էր գերմանացիներից, այդ թվում` ռազմական դոկտրինը: Գերմանական բանակի կառուցվածքի կրկնությունն էր նաեւ թուրքական բանակի կառուցվածքը: Այն պետք է հնարավորություն տար արագ լուծելու մարտավարական եւ մատակարարման հետ կապված խնդիրները: Սակայն Թուրքիայի զինված ուժերը չունեին գերմանական հզոր տնտեսական եւ քաղաքական ներուժը, զարգացած հաղորդակցության ուղիները, գերմանական կրթական համակարգը: Թուրքական բանակի զինծառայողների ճնշող մեծամասնությունը անգրագետ էր:

Ռուսաստանի դեմ գործող 3-րդ բանակն ուներ երկուսուկես ամսվա համար նախատեսված հաց եւ միս, 18 օրվա գարի, 20 օրվա բրինձ եւ 5 ամսվա շաքար: Առավել դժվարը զինամթերքի խնդիրն էր, որի պատճառը հրազենի եւ հրետանու` տարբեր տրամաչափի լինելն էր: Զինամթերքի մատակարարումը դժվարանում էր հաղորդակցության ուղիների երկարության եւ անմխիթար վիճակի պատճառով: Մատակարարման հետ կապված հիմնախնդիրները սրվում են մարտական գործողությունները թեժանալուց հետո: Փաստորեն, Թուրքիան պատերազմի մեջ է մտնում` չունենալով նյութատեխնիկական բավարար հենք:

1914թ. դեկտեմբերի վերջին եւ 1915թ. հունվարի սկզբին թուրքական 3-րդ բանակը ծանր պարտություն է կրում ռուսական Կովկասյան բանակից: Թուրքական կողմի կորուստը պաշտոնական տվյալների համաձայն կազմում է 33 հազար սպանված, 7 հազար գերի եւ 10 հազար վիրավոր: Պարտության պատճառը Թուրքիայի ռազմական նախարար Էնվեր փաշայի փառասիրությունն էր եւ, իհարկե, ռուս զինծառայողների, հատկապես բարձրագույն սպայական կազմի մարտական բարձր պատրաստականությունը. ռուս-թուրքական ռազմաճակատը Առաջին համաշխարհային պատերազմի միակ ռազմաճակատն էր, որտեղ ռուսական բանակը ոչ մի պարտություն չկրեց:

Էնվեր փաշան իր բոլոր ռազմական օպերացիաներն իրականացնելիս նմանակում էր անցյալի գերմանացի զորահրամանատարների գործողությունները, սակայն մոռանում էր, որ Օսմանյան կայսրությունն իր տնտեսական զարգացման մակարդակով անհամեմատ ետ էր մնում Գերմանիայից: Բացի դրանից, 1914թ. իրականացվող մարտական գործողությունները նման չէին 1870թ. ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ իրականացվող օպերացիաներին: Իսկ Էնվեր փաշան փորձում էր կուրորեն հետեւել գերմանացի ռազմական տեսաբանների ու զորավարների խորհուրդներին` չըմբռնելով ռազմաճակատների, ռելիեֆի, կլիմայի եւ մատակարարման հնարավորությունների արմատական տարբերությունները: Ահա թե ինչն էր թուրքերի պարտության բուն պատճառը:

Է. Էրիկսոնը, խուսափելով իր կարծիքը հայտնելուց, նշում է, որ մի շարք հեղինակների պնդմամբ, թուրքական կառավարությունը ռուս-թուրքական ռազմաճակատում իր անհաջողությունը քողարկելու նպատակով քավության նոխազ է դարձնում հայերին:

1914թ. դեկտեմբերի վերջին թուրքական բանակը ծանր պարտություն է կրում Սարիղամիշի ճակատամարտում: Մի շարք արեւմտյան հեղինակների համոզմամբ, թուրքական կառավարության համար այն ելակետ է դառնում հայերի «ոչնչացման» համար:

Է. Էրիկսոնը, հիմնվելով թուրքական տվյալների վրա, փորձում է «մեղմել» Սարիղամիշի ճակատամարտում թուրքական 3-րդ բանակի կորուստը: Նրա ներկայացրած տվյալների համաձայն` Սարիղամիշի ճակատամարտում թուրքական կողմը տվել է 33 հազար սպանված, 7 հազար գերի եւ 10 հազար վիրավոր: Իրականում` թուրքական 90 հազարանոց բանակից կարողանում են փրկվել միայն 12 հազարը: Իր պարտությունը քողարկելու համար Էնվերին անհրաժեշտ էր քավության նոխազ, որը նա գտավ հանձինս հայերի:

Ըստ ամերիկացի պատմաբանի վկայակոչած վիճակագրության` 1915թ. մարտական գործողությունների ընթացքում 3-րդ բանակը շարունակում է ծանր կորուստներ կրել: Բանակի դիվիզիաները պետք է բաղկացած լինեին 9 հազար զինծառայողներից, սակայն 1915թ. մայիսի դրությամբ դիվիզիաներից յուրաքանչյուրում կար մոտ 3 հազար զինվոր եւ սպա:

Թուրքական հրամանատարությունը լուրջ խնդիրներ ուներ` կապված զենքի եւ զինամթերքի հետ: Բանակը սպառազինված էր հինգ տեսակի հրացաններով, երկու տեսակի ատրճանակներով եւ չորս տեսակի գնդացիրներով: Այս հանգամանքը դժվարացնում էր զինամթերքի եւ պահեստամասերի հայթայթումը:

Է. Էրիկսոնն իր գրքի գլուխներից մեկը կոչել է «Հայկական սպառնալիք»: Եթե մինչ այդ նա փորձում էր ներկայացնել, թե ինչ ծանր պայմաններում է կռվել թուրքական բանակը ռուսական գերակշիռ ուժերի դեմ, ապա իր աշխատության այս հատվածում նա կոնկրետ մեղադրանքներ է ներկայացնում հայերին: Ըստ ամերիկացու` հայերը, ոգեւորված սերբերի, հույների եւ բուլղարացիների հաջողություններով, իրենք եւս կազմակերպում են հեղափոխական կոմիտեներ, որոնք սկսում են գաղտնի եւ բացահայտ գործել թուրքական կառավարության դեմ: Նրա կարծիքով, հակաթուրքական պայքարում աչքի են ընկնում Հնչակյան եւ Դաշնակցություն կուսակցությունները:

Պատմաբանը ընթերցողի ուշադրությունը հրավիրում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` 1914-1916թթ. ռուսական Կովկասյան բանակի կազմում մարտնչող հայ կամավորական ստորաբաժանումների գործունեության վրա` որպես «հայկական ահաբեկչության» օրինակի: Նա, սակայն, չի պարզաբանում, թե ինչո՞ւ են արեւմտահայերը, որոնց թվում կային նաեւ թուրքահպատակներ, զինվորագրվում կամավորական խմբերին: Բացի դրանից, պատմաբանը լռության է մատնում այն փաստը, որ, օրինակ, մինչեւ երիտթուրքերի իշխանության գլուխ անցնելը հայ ազգային կուսակցություններից ՀՅԴ-ն եւ ոչ թուրքական այլ կազմակերպություններ համաձայնության էին եկել երիտթուրքերի հետ` Աբդուլ Համիդ Երկրորդի վարչակարգը տապալելու եւ Օսմանյան կայսրությունում սահմանադրությունը վերականգնելու շուրջ: Է. Էրիկսոնը նույնիսկ հարկ չի համարում որեւէ պարզաբանում տալ հայ ազգային կուսակցությունների վերաբերմունքի փոփոխության մասին. ինչո՞ւ Դաշնակցությունը պատերազմի նախօրեին հրաժարվեց երիտթուրքական կառավարող կուսակցության հետ համագործակցելուց: Պատասխանը պարզ է` երիտթուրքերը չկատարեցին իրենց խոստումը: Իշխանության գլուխ անցնելուց հետո նրանք շարունակեցին թուրք սուլթանների ազգային քաղաքականությունը, եւ պատերազմը նրանց համար լոկ առիթ էր` հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար:

Հայկական ահաբեկչության օրինակներ ներկայացնելու նպատակով ամերիկացի պատմաբանը վկայակոչում է հիմնականում թուրքական աղբյուրներ: Այսպես, դեռեւս 1914թ. հուլիսին Կարսում թուրքական հյուպատոսարանը հայտնում է, որ Օսմանյան կայսրություն է տեղափոխվել 400 հրացան: Հյուպատոսարանի մեկ այլ տեղեկության համաձայն` դաշնակցականները զենք են խնդրել ռուսներից:

Է. Էրիկսոնն իր հոդվածում անդրադառնում է 1914թ. հուլիսի 25-ից մինչեւ օգոստոսի 17-ը Էրզրումում կայացած ՀՅԴ 8-րդ Ընդհանուր ժողովին եւ եզրակացնում, որ վերջինիս ընդունած որոշումները թուրքական կառավարության կողմից որակվում են որպես ապստամբության նախապատրաստում: Եվ որպես ապացույց վկայակոչում է թուրքական կառավարության տեղեկությունը, թե իբր Էրզրումում հայերի տներում հայտնաբերվել են ռուսական արտադրության հրացաններ:

Ինչպես հայտնի է, թուրքական կառավարությունը հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար կազմակերպել էր հատուկ նշանակության ջոկատներ, որոնք հայտնի էին «Թեշքիլաթը մահսուսե» («Հատուկ ջոկատներ») անունով: Իսկ Է. Էրիկսոնը փորձում է ընթերցողին համոզել, որ ջոկատը ստեղծվել էր հակապարտիզանական պայքար մղելու համար:

1919թ. հունվարի 8-ին Կ. Պոլսում կազմվում են Առաջին, Երկրորդ եւ Երրորդ ռազմական ատյաններ: Դատավարության ընթացքում բացահայտվեց, որ հայերի ցեղասպանության հրամանները տրվել են բանավոր եւ գրավոր, իսկ «Թեշքիլաթը մահսուսե»-ի անվան տակ գործել են երկու գաղտնի կազմակերպություններ: Առաջինը հիմնվել է ռազմական նախարարությունում, եւ այն գլխավորել է Սուլեյման Ասքերի բեյը: Երկրորդը կազմավորվել եւ գործել է ՆԳ նախարարության ենթակայության ներքո: Այն գլխավորել է Բեհաէդդին Շաքիր բեյը: Է. Էրիկսոնն իր հոդվածներից մեկում կասկածի տակ է դնում Վահագն Դադրյանի այն պնդումը, որ գերմանացի կապիտան (հետագայում` մայոր) Շտանգեն գլխավորել է Բաթումի մարզ ներխուժած «Թեշքիլաթը մասուսե»-ի ստորաբաժանումը եւ մասնակից է եղել հայերի կոտորածներին: Ամերիկացի պատմաբանը փորձում է «Թեշքիլաթը մահսուսե»-ն ներկայացնել որպես հատուկ նշանակություն ունեցող թուրքական ստորաբաժանում, որի կազմում ընդգրկվել են բացառապես թուրք սպաներ: Նա «մոռացության» է մատնում այն հանգամանքը, որ գոյություն ունեին երկու «Թեշքիլաթը մահսուսե»: Տվյալ դեպքում խոսքը ՆԳ նախարարության ենթակայության ներքո գործող եւ հայերի զանգվածային սպանդներն իրականացրած ստորաբաժանման մասին է:

Էրիկսոնը փորձում է անցյալ դարասկզբին կատարվածը համեմատել մեր օրերում Իրաքում եւ Աֆղանստանում բոլորին հայտնի ամերիկյան «հակաահաբեկչական» գործողությունների հետ: Փաստորեն, նա փորձում է հոգեբանական հնարքի միջոցով ընթերցողին շփոթմունքի մեջ գցել, քանի որ մարդկանց մեծ մասը «հակաահաբեկչական գործողություն» ասելով հասկանում է պայքար անօրինական կազմավորումների դեմ, որոնք քաղաքացիական բնակչության դեմ ուղղված իրենց գործողություններով ապակայունացնում են իրադրությունը այս կամ այն պետության մեջ:

Է. Էրիկսոնը եզրակացնում է, որ հայերը լուրջ վտանգ էին թուրքական 3-րդ եւ 4-րդ բանակների համար, ուստի հրամանատարությունը որոշում է հայ զինծառայողներին հեռացնել շտաբներից:

Պատմաբանը որպես հայկական ապստամբության բացառիկ օրինակ մատնանշում է պատերազմի սկզբում Զեյթունի ապստամբությունը: Դարձյալ վկայակոչելով թուրքական աղբյուրները` նշում է, որ Կիլիկիայի լեռնային այդ շրջանում կային 15 հազար զինված հայեր, որոնք հարմար առիթի էին սպասում` հակակառավարական գործողություններ սկսելու համար:

Շարունակելի

ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
պատմ.գիտ. թեկնածու

Խորագիր՝ #27 (892) 13.07.2011 – 20.07.2011, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


20/07/2011