Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐԱՎԻ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՈՒԺԸ



ՀԱՐԱՎԻ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՈՒԺԸՇրջկենտրոնից պիտի զրահատանկային զորամաս հասնեմ: Վաղ առավոտ է` դեռ մութն ու լույսը կռիվ են տալիս: Շարունակ շուրջս եմ նայում` սպիտակ «ժիգուլին» ո՞ւր է: Հրամանատարի տեղակալը նախազգուշացրել էր` «հերոսների հետ եմ ճանապարհ գնալու»: Այսքանը, փակագծերը չէր բացել, ոչ էլ անուններ էր նշել: Ահա եւ մեքենան: Զինվորական համազգեստով երիտասարդը ձեռքով է անում.

-Դո՞ւք եք մեր ճամփընկերը: Ես էլ մտածում էի` բոյ-բուսաթով տղամարդ կլինի,-շիկագույն դեմքին անկեղծ ժպիտ է գոյանում,-դե, համեցե՛ք:

«Երեւում է` կատակասերն է»,-մտածում եմ ու տեղավորվում մեքենայում: Չորսով ենք` ես ու երեք սպաները: Ծանոթանում ենք: Երեքն էլ ռազմական համալսարանն են ավարտել: Մեքենայի ղեկին նստածը տանկային վաշտի հրամանատար է` կապիտան Անդրանիկ Ավագյանը: Նրա կողքին զորամասի հրամանատարի հրետանու գծով օգնականն է` մայոր Ռոմա Լալայանը` քչախոս ու լրջմիտ: Մեքենայի ետեւի նստատեղին էլ տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռոման Ադամյանն է նստած: Նրանք մոտակա գյուղերից են: Ամեն օր մի քանի տասնյակ կիլոմետր են կտրում-անցնում զորամաս հասնելու համար: Հետաքրքրվում եմ. «Չե՞ք հոգնում»: Ասում են` հակառակը, երկար ճանապարհը զրուցելու, սեփական մտքերը փորփրելու լավ առիթ է:

-Իսկ դու ո՞ւր պիտի գնաս հետո, եւ որտե՞ղ ես գիշերելու: Էս կողմերում ազգական-բարեկամ ունե՞ս,-հիմա էլ Անդրանիկն է հարցուփորձում իմ դրության մասին, ինչպես, բնականաբար, անում են մարդիկ առաջին ծանոթությունից հետո,-կարող ես մեր տանը մնալ, մեր տունը մեծ է,-առաջարկում է, ու բոլորս լիաթոք ծիծաղում ենք:

-Այ սենց ուրախ, հումորասեր տղա է: Կյանքը մեջը եռում է,-ընկերոջը ներկայացնում է Ռոմանը:

ՀԱՐԱՎԻ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՈՒԺԸԱնդրանիկին ակնհայտորեն դուր է գալիս իր հասցեին արված բնութագրականը, եւ նա մեզ կոնֆետ է հյուրասիրում: Երբ չեմ ու չում եմ անում, միջամտում է Ռոմանը.

-Վերցրո՛ւ, վերցրո՛ւ, «մաղարիչ» է. անցած օրն է նախագահից «Արիության համար» մեդալ ստացել:

-Հերոսը դո՞ւ ես,-կարծես կծիկի ծայրը գտած լինեմ:

-Ով` ե՞ս,-Անդրանիկը մի րոպե տատանվում է,-ես սովորական տղա եմ, գյուղի կաթ ու մածուն կերած տղա, ինձնից ի՞նչ հերոս: Այ, Ռոմանը՝ ուրի՜շ, ինքը «Մարտական խաչ» ունի,-աչքով է անում, իբր թե` «լավ եմ, չէ՞, զրույցի սլաքն ուղղում ընկերոջս կողմը»:

-Թե մեդալով նայես` զորամասի քառասուն տոկոսն է պարգեւատրվել: Բայց հլը մի ասա` մյուսներից ո՞ր մեկն է իրեն խնայել,-վրա է բերում Ռոմանը,-էդքան պարապել էինք, որ պետք եկած ժամանակ շվարեի՞նք: Պիտի կռվեինք, բա ի՞նչ պիտի անեինք…

Հետո զրուցում ենք ապրիլյան դեպքերից: Սպաները հաշվում-մտաբերում են, թե հակառակորդն ինչքան զրահատեխնիկա էր հանել իրենց դեմ: «Շատ էր,-ասում են,-քսաներեքը մի բարձունքի ուղղությամբ էր, մի այդքան էլ՝ մեկ այլ»: Լարում են հիշողությունը, որ հետեւակի մարտական մեքենաների թիվն էլ հիշեն: Պատմում են, որ իրենց զորամասի հրետանային ստորաբաժանումները կենտրոնացել էին մի պաշտպանական շրջանի տեղամասում՝ պատրաստ մարտական խնդիր կատարելու, տանկային ստորաբաժանումներն էլ երթով հասել էին պատերազմական գործողությունների մեկ այլ շրջան ու միանգամից մարտի մեջ մտել: Դժվարությունների մասին խոսելիս սպաները նկատում են` իրենք բաց դաշտում էին, հակառակորդը` ավելի բարենպաստ դիրքում` լավ կազմակերպված ու նախապատրաստված, նաեւ սահուն համագործակցում էր իր հետեւակային ու հրետանային ստորաբաժանումների հետ:

-Բայց դա էլ իրենց չփրկեց, նորմալ նշան բռնել չգիտեն, զրահատեխնիկան դժվար են օգտագործում, շարժվում են տեսանելի վայրերում,-Անդրանիկը հակառակորդի թերություններն է թվում, ապա վերհիշում,-ապրիլի 3-ին իմ անձնակազմը մեր կորցրած հենակետի վրա գրոհ կազմակերպեց: Դեռ չէինք կրակել, թողել, փախել էին:

Տղաները պատմություններ են պատմում պատերազմի օրերից: Ես լսում եմ նրանց ու մտածում, որ, իրոք, ուժեղ մարդիկ միշտ պարզ ու շիտակ են լինում, որ իրական հերոսները հերոս ձեւանալու կարիքը  չունեն, որ փառքը, հարմարավետությունը, պարգեւները երկրորդական, երրորդական բաներ են պատերազմում հաղթած տղաների համար:

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՑԵԼ Է

ՀԱՐԱՎԻ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՈՒԺԸՀասնում ենք զորամաս, որտեղ մեզ դիմավորում է հրամանատարը` փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանը: Ապրիլից հետո առաջին անգամ եմ նրան հանդիպում: Հիմա արդեն դեմքին լարվածություն չկա: Ուղեկցում է իր աշխատասենյակ: Թեեւ կռիվների ժամանակ այս զորամասը կառավարման խնդիր չի ունեցել, գործել է մեկ մարդու պես, եւ, ինչպես հրամանատարն է ասում` «տեխնիկան ոնց ուզել, թեքել են», այնուամենայնիվ, քառօրյա պատերազմը վերլուծել ու գնահատել են նաեւ այստեղ. «Մի շարք հետեւություններ ենք արել թե՛ մեր մանր-մունր բացթողումներից, որոնք էական ազդեցություն չեն ունեցել մարտական գործողությունների ընթացքի վրա, թե՛ հարեւան զորամասերի թույլ տված սխալներից ու հակառակորդի գործողություններից: Ապրիլից ի վեր մեկ րոպե ազատ ժամանակ չենք ունեցել,-նշում է փոխգնդապետ Ջհանգիրյանն ու թվարկում արվածը:-Տարբեր ուղղություններում լրակահավորել ենք բնագծերը, ինժեներական առումով ծավալուն աշխատանք ենք իրականացրել: Կազմակերպել ենք տարբեր իրավիճակներում կրակի կառավարման մարզումներ: Հակառակորդի մարտավարությունը հուշում է, որ մի ուղղությամբ խնդիր կատարելը նպատակահարմար չի լինելու, զորամասի ստորաբաժանումները առանձին-առանձին են գործելու: Վաշտերի հրամանատարները պետք է կարողանան ինքնուրույն ղեկավարել ենթականերին` առանց զորամասի հրամանատարության ակտիվ  միջամտության: Այժմ հակառակորդի հետ անմիջական շփման շրջաններում մարտական կրակի կիրառմամբ պարապմունքներն անցկացնում ենք այդ սցենարով: Իհարկե, բարձրացրել ենք տեխնիկայի կենսունակության աստիճանը, նվազեցրել տանկերի խոցման հավանականությունը: Զրահատեխնիկան ապահովագրելու համար նոր հնարքներ ու միջոցներ են ներդրվել»:

Մարտին Ջհանգիրյանը կարեւորում է կապի կատարելագործված համակարգը: Այն անհրաժեշտության դեպքում հնարավորություն է տալու գործողությունների շրջանի ամբողջ շառավղով եւ տարբեր ուղղություններով ենթակաների հետ մշտական շփման մեջ լինել, համաձայնեցնել զրահատեխնիկայի ու հետեւակի համատեղ գործողությունները, ապահովել տարբեր զորատեսակների միջեւ փոխգործակցությունը. «Ապրիլյան պատերազմից հետո պատասխանատվությունն ավելի է մեծացել»,-եզրափակում է հրամանատարը:

 

ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՈՒՄ

ՀԱՐԱՎԻ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՈՒԺԸԶորամասը համալրվել է տեխնիկական նոր միջոցներով, նաեւ` տանկերով: Հավաքակայանում եմ` սեփական աչքով տեսնելու նորամուծությունները: Մեկը թեւքերը քշտած տանկի ամենօրյա տեխնիկական սպասարկումն է իրականացնում: Երբ գլուխը վեր է հանում, իսկույն ճանաչում եմ, մտաբերում եմ անուն-ազգանունը: Տանկի մեխանիկ-վարորդ, «Արիության» մեդալակիր Արթուր Գրեյանն է: Ապրիլին նա եւ ընկերները մեկ արկով շարքից հանել էին հակառակորդի Տ-90 տանկը: Արթուրը դեռ վեց ամիս էլ պետք է ծառայի, ասում է` պատերազմից հետո տեխնիկայի հանդեպ վերաբերմունքը փոխվել է. «Տանկը պետք է ամեն օր շնչավորի պես խնամես, որ մարտի դաշտում քեզ ենթարկվի: Ստուգում եմ մեր վաշտի տանկերի վառելիքը, յուղը, գիշերային լուսավորության սարքերը, մարտկոցները: Հովացման հեղուկ եմ լցրել շշերի մեջ, եթե գիշերը սառեց, ուրեմն ցուրտ է, տաքացուցիչը կգործարկեմ: Պետք է համոզված լինեմ, որ ամեն րոպե պատրաստ է մարտի, թե չէ՝ քունս չի տանի: Տեխնիկան այս պահին  էլ համալրված է արկերով, զինամթերքով ու փամփուշտներով: Հակառակորդը մեզ անակնկալի չի բերի»,-վստահորեն ասում է Գրեյանը: Նա պատերազմից ինքն իր համար հետեւություններ է արել. «Մեխանիկ-վարորդը պետք է պատրաստ լինի հրետակոծության պայմաններում հաղթահարելու մեծ երթուղիներ, պետք է կարողանա հմտորեն վարելու տանկը, հատկապես՝ բլրոտ տեղանքում, արագորեն ընտրելու վարման առավել նպաստավոր ռեժիմներ ու շարժման  ուղիներ: Մեխանիկ-վարորդը չպետք է աչքը կտրի մարտադաշտից, հայտնվող թիրախների մասին պետք է զեկուցի տանկի հրամանատարին, իսկ նշանառուի համար էլ ապահովի խոցման լավագույն դիրք: Իհարկե, նա պետք է լինի հնարամիտ, չկորցնի տանկի կառավարումը վախի կամ այլ անսպասելի արտաքին ազդակների պատճառով, ունակ լինի միաժամանակ իրականացնելու ձեռքերի ու ոտքերի համակարգված եւ հստակ շարժումներ, ինչպես նաեւ ճիշտ գնահատի հեռավորությունը եւ հիշի, որ ինքը ետ նայելու հնարավորություն չունի, միայն` առաջ»,-մի շնչով ասում, վերջացնում է զինվորն ու անցնում գործի:

Հավաքակայանից հեռանալիս տանկերի վրա նկատում եմ պատկերված սպիտակ խաչեր` որպես հաղթանակի ու հավատքի խորհրդանիշներ:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #06 (1177) 15.02.2017 - 21.02.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/02/2017