ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ ԱՌԱՔՎԵՑ ՍԻՐԻԱ
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ նախագահի հանձնարարությամբ փետրվարի 14-ին Հայաստանի անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն է առաքվել սիրիական հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:
Օգնության տրամադրման կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների, ՀՀ գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, սփյուռքի, տնտեսական զարգացման և ներդրումների, արտաքին գործերի նախարարությունների և ՀՀ նախագահի աշխատակազմի ջանքերով:
Մարդասիրական օգնությունը (18 տոննա՝ հիմնականում սննդամթերք) Սիրիա է առաքվել Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով, որի ճանապարհմանը «Էրեբունի» օդանավակայանում ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա են մեկնել ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների և սփուռքի նախարարությունների ներկայացուցիչները:
Առաջիկա օրերին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության անունից մարդասիրական օգնության ևս մեկ խմբաքանակի առաքում: