ԱՅԴ ԳԵՂԵՑԻԿ, ԿՐԱԿՈՏ, ՀԱՆԴՈՒԳՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ
Թիֆլիսի հայ քաղաքագլուխների շարքում իր ուրույն տեղն ունի Գալուստ Շերմազանյանը։ Նա այդ բարձր պաշտոնում ընտրվել է 1862-ին, վերընտրվել 1865-ին։ Ծնունդով Ջուղայից էր, Թիֆլիսի հետ կապվեց այն ժամանակ, երբ սովորում էր տեղի Ներսիսյան դպրոցում (1824-27)։
Գալուստ Շերմազանյանը, ինչպես ասում են, աշխարհ տեսած մարդ էր։ Հոր առեւտրական գործերով շրջել էր Պարսկաստանում, Գերմանիայում եւ այլ երկրներում, մոտիկից ծանոթացել եվրոպական թատրոնին։ Ահա թե ինչու, վերադառնալով Թիֆլիս, առաջին գործերից մեկն էր եղել թատերասրահ բացել եւ ներկայացումներ կազմակերպել։ Վերակառուցեց իր սեփական երկհարկանի տունը, հարմարեցրեց թատերաշենքի, որի սրահը կարող էր տեղավորել 200 հանդիսատես։ Թատերաշենքը բացվեց 1836-ին եւ կոչվեց «Շերմազանյան դարբաս»։ Բացումը կատարվեց իր իսկ գրած մի պիեսով, ապա դրան հաջորդեցին ռուսական, վրացական պիեսներ եւ նույնիսկ իտալական օպերաներ։ Այստեղ բազմաթիվ ներկայացումներ են տվել հայկական շրջիկ թատերախմբերը։ «Շերմազանյան դարբասը» երեւույթ դարձավ Թիֆլիսի մշակութային կյանքում՝ նախորդելով նշանավոր «Թամամշյան թատրոնին»։
Գալուստ Շերմազանյանը ստեղծագործել է դեռեւս Ներսիսյան դպրոցում սովորելու տարիներին, տպագրվել 1828թ. սկսած։ Պիեսներում արտացոլել է հասարակական կյանքի բացասական գծերը, մեծ տեղ հատկացրել ազգային-կենցաղային սովորույթներին ու ծեսերին։ Դրանք նա լավ գիտեր, քանի որ հետեւողականորեն զբաղվել է նաեւ ազգագրությամբ եւ հատկապես բանահավաքությամբ։ Նրան իրավամբ կարելի է համարել հայ անվանի բանահավաքներից մեկը։ Ճամփորդելով զանազան վայրերով՝ հավաքել է մեծ թվով ձեռագրեր, աշուղական երգեր, ազգագրական բնույթի նյութեր եւ հրատարակել տարբեր պարբերականներում, նաեւ առանձին գրքերով։ Դրամատուրգիական գործերում ծաղրում էր ցարական պաշտոնյաներին՝ մերկացնելով նրանց խարդախությունների ու զեղծարարությունների մեջ, պիեսներից մեկում այնքան ուժեղ էր ծաղրը, որ այն արգելվեց գրաքննության կողմից։ Զբաղվել է նաեւ պատմության հարցերով, ծավալուն աշխատություն գրել նշանավոր պարսկահայերի մասին, անդրադարձել Ա. Գրիբոյեդովի գործունեությանը Պարսկաստանում։
Գրական գործերի համար Գալուստ Շերմազանյանը 1889-ին արժանացավ հեղինակավոր Իզմիրլյան մրցանակի։ Երկու տարի անց այդ անխոնջ մարդն այլեւս չկար։
Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Խորագիր՝ #27 (892) 13.07.2011 – 20.07.2011, Պատմության էջերից