Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԳԵՐԴԱՍՏԱՆՆԵՐ



ՎՐՈՒՅՐՆԵՐ

Վրույրների գերդաստանն անխզելիորեն կապված է եղել հայ մշակույթի, մասնավորապես՝ թատրոնի հետ։ Ավագը Արամ Վրույրն էր (իսկական ազգանունը՝ Մաքաշչյան), որը հայ արվեստի պատմության մեջ մտավ որպես դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։ Ծնունդով Կ. Պոլսից էր (1863), սակայն գործունեությունն անխզելիորեն կապված էր Թիֆլիսի հետ։ Շրջիկ թատերախմբերի հետ հանդես է եկել Անդրկովկասի հայաշատ քաղաքներում։ Նա է առաջին անգամ՝ 1895-ին, բեմադրել Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբարը», «Մեծապատիվ մուրացկանները»՝ ինքն էլ հանդես գալով գլխավոր դերերով։ 1910-ին դրանք բեմադրել է նաեւ Մոսկվայում, բեմ հանել ազգային, ինչպես նաեւ ռուսական ու եվրոպական դրամատուրգիայի նշանավոր գործեր։

Արամ Վրույրն աչքի է ընկել իր լայն հետաքրքրություններով՝ կատարել է թարգմանություններ, թատերագիտական եւ հնագիտական ուսումնասիրություններ, զբաղվել լրագրությամբ՝ աշխատակցելով ժամանակի հայ մամուլին, խմբագրել եւ հրատարակել է «Հուշարար» հանդեսը։ Հատուկ սեր է ունեցել լուսանկարչության նկատմամբ։ Բազմիցս մասնակցելով նշանավոր արեւելագետ Ն. Մառի գիտարշավներին (Անի, Գառնի, Վան եւ այլն)՝ արել է շատ արժեքավոր լուսանկարներ, որոնք վավերացրել են հայ ճարտարապետության եզակի կոթողները։

Դերասանուհի էր Արամի կինը՝ Նունե Վրույրը, որը հիմնականում խաղացել է ազգային դրամատուրգիայի գործերում։

Որպես հնագետ-լուսանկարիչ հոր գործն է շարունակել Արամի որդին՝ Արան, որը հանդես է եկել նաեւ որպես դերասան, մի քանի տարի աշխատել Գյումրիի պետթատրոնում։

Հնագետ-լուսանկարիչ էր նաեւ Արամի մյուս որդին՝ Արտաշեսը՝ լինելով միաժամանակ շնորհալի դերասան, հանրապետության վաստակավոր արտիստ։ Նկարահանվել է կինոյում, մասնակցել Ն. Մառի, Հ. Օրբելու եւ այլոց հնագիտական արշավներին։

Ճանաչված դերասանուհի էր Արամի դուստրը՝ Ծաղիկ Վրույրը, Վրաստանի վաստակավոր արտիստուհի, որը աշխատել է Թբիլիսիի հայկական թատրոնում։

Ստեղծագործական մեծ ճանապարհ է անցել Վրույրների գերդաստանը՝ իր նշանակալի հետքը թողնելով հայ արվեստի անդաստանում։

ԲՈԳՈՒՇՆԵՐ

Հայերը Լվովում բնակություն են հաստատել վաղուց ի վեր։ Դեռեւս 13-14-րդ դարերում քաղաքում գործել է երեք հայկական եկեղեցի (որոնցից այսօր կանգուն է միայն մեկը)։ Ժամանակի ընթացքում հայ համայնքը ամուր դիրք է գրավել քաղաքի կյանքում, տվել պետական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, բժիշկներ, ճարտարապետներ, այլ մասնագիտությունների տեր մարդիկ, որոնցից շատերի անունը մտել է Լեհաստանի եւ Գալիցյան Ռուսիայի պատմության մեջ։

Լվովն ունեցել է հայ նշանավոր գերդաստաններ, որոնք ավանդաբար շարունակել են իրենց նախնիների գործը, մեծ հռչակ վայելել քաղաքի սահմաններից դուրս։ Դրանցից է Բոգուշների (Բոգուշովիչների) նկարչական գերդաստանը։ Գերդաստանի նախահայրը համարվում է Պավել Բոգուշը, որի ոչ միայն ծննդյան թիվն է անհայտ, այլեւ ծնունդով որտեղից լինելը։ Հայտնի են այլ տեղեկություններ՝ աշխատել է ներկայիս Լվովի մարզի (Ուկրաինա) Ժուլկվա, այժմ՝ Նեսպերով քաղաքում, մեծահարուստ հետման (մեծ իշխան) Ստանիսլավ Ժոլկեւսկու կալվածքում որպես նկարիչ, ստեղծել իր դպրոցը, որտեղ սովորել են ինչպես հայ, այնպես էլ ուկրաինացի երեխաներ։ Դրանք 1570-ական թվականներն էին։ Վայելել է Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ 3-րդի համակրանքը եւ հասել այն բանին, որ վերջինս իր 1600թ. ապրիլի 14-ի հրովարտակով վերացրել է այն սահմանափակումները, որոնք մտցված էին ոչ կաթոլիկ հայ արհեստավորների (ոսկերիչներ, քարգործներ, ներկարարներ) նկատմամբ։ Նշանակալից գործերից են Սիգիզմունդ 3-րդի, հետման Ժոլկեւսկու դիմանկարները, որոնցից առաջինը պահվում է Կրակովի համալսարանի, երկրորդը՝ Լվովի պատմության թանգարանում։ Հեղինակել է նաեւ մի շարք զինանշաններ։ Ենթադրվում է, որ նկարիչը մահացել է 1605 կամ 1613 թվականներին։

Հոր հետքերով է գնացել Պավել Բոգուշի որդին՝ Շիմոնը (Սիմոնը), որը եղել է պալատական նկարիչ։ Հատկապես արժեքավոր են նրա այն կտավները, որոնք պատկերում են թագուհի Մարինա Մնիշեկին («Մարինա Մնիշեկի նշանադրությունը Կրակովում», «Մարինա Մնիշեկի թագադրությունը» եւ այլն), որոնք ներկայումս պահվում են Մոսկվայի պատմության պետական թանգարանում։ Շիմոն Բոգուշի մի շարք նկարներ ցուցադրվում են Կրակովի, Լվովի եւ այլ թանգարաններում։ Նրա ծննդյան թիվը եւս անհայտ է, ենթադրվում է, որ մահացել է 1644-ից հետո։

Շատ քիչ տեղեկություններ կան գերդաստանի մյուս անդամի՝ Յան (Հակոբ) Բոգուշի մասին։ Հայտնի է միայն, որ աշակերտել է հորը եւ աշխատել Լվովում։ 1605թ. հետո նրա անունն ընդհանրապես ոչ մի տեղ չի հիշատակվում։

Բոգուշների նկարչական գերդաստանը մեծ հետք է թողել լեհական եւ ուկրաինական արվեստի պատմության մեջ, եւ հնարավոր է՝ ժամանակը նոր տվյալներ ի հայտ կբերի լեհահայ համայնքի հետ նրանց կապերի, հետագա սերունդների մասին, կլինեն նրանց թողած ժառանգության նոր բացահայտումներ։

ՊԱԼՅԱՆՆԵՐ

Պալյանները հայ ճարտարապետների, արվեստագետների, ազգային-հասարակական գործիչների մեծ գերդաստան էին, ապրել եւ ստեղծագործել են 18-19-րդ դարերում, Կ.Պոլսում։

Գերդաստանի նահապետը եղել է Պալի Քալֆան, որը ծնունդով Կեսարիայի Դերեվանք գյուղից էր, տեղափոխվելով Կ.Պոլիս՝ զբաղվել է կառույցների նորոգմամբ, ապա նշանակվել պալատական ճարտարապետ։ Նույն պաշտոնը 1788-ից զբաղեցրել է նրա որդին՝ Գրիգորը, որը, առաջինը կրելով Պալյան ազգանունը, փոխանցել է այն գերդաստանի հաջորդ սերունդներին։ Կառուցել է թագավորական պալատներ, դղյակներ, զորանոցներ, նաեւ՝ եկեղեցիներ, որոնցից մեկը՝ հոր ծննդավայր Կեսարիայում, հռչակվել է որպես բազմահմուտ ճարտարապետ։

Ճարտարապետներ են եղել Գրիգորի եղբայրը՝ Սենեքերիմը, եւ որդին՝ Կարապետը, որը հատուկ մեկնել էր Անի եւ ուսումնասիրել հայկական ճարտարապետությունը։ Հոր մահից հետո (1831) նշանակվել է նրա պաշտոնում՝ պալատական ճարտարապետ, կառուցել բազմաթիվ հիանալի շենքեր, որոնցից ամենանշանավորը 1856-ին ավարտված Դոլմա-բախչեի պալատն էր։ Այն այսօր էլ կա եւ համարվում է Ստամբուլի ամենագեղեցիկ կառույցներից մեկը։ Նա է կառուցել Ստամբուլի ներկայիս պոլիտեխնիկական ինստիտուտի կենտրոնական գրադարանի եւ երկու ֆակուլտետների շենքերը, «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցը (Հովհաննես Սերվերյանի հետ), Սկյուտարի վարժարանը՝ իր ծախսերով, Պեշիկթաշի հայոց գերեզմանատունն ու նրա պարիսպը։

Կարապետ Պալյանն ակտիվորեն մասնակցել է Կ.Պոլսի հայ համայնքի կյանքին, զբաղվել նրա մշակութային, կրթական գործերով։ Ազդեցություն ունենալով արքունիքում՝ նա կարողացել է ձեռք բերել Ազգային հոգեւոր եւ գերագույն ժողովների արտոնագիր (1847)։ Այդ ժողովները Կ.Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներից ընտրված մշտական գործող մարմիններ էին, որոնց նպատակն էր տնօրինել համայնքի հոգեւոր, մշակութային եւ կրթական գործերը։

Պալատական ճարտարապետ է նշանակվել նաեւ Կարապետի որդին՝ Նիկողոս Պալյանը, որը, կրթություն ստանալով Փարիզում, վերադարձել է Կ.Պոլիս, աշխատակցել հորը, կատարել ինքնուրույն աշխատանքներ եւ նույնպես ակտիվորեն մասնակցել հայ համայնքի կյանքին։ Նա 1863-ին պաշտոնապես ճանաչված Ազգային սահմանադրության ստեղծողներից էր։

Նշանավոր ճարտարապետ, գյուտարար, միաժամանակ նկարիչ եւ դաշնակահար էր Կարապետի մյուս որդին՝ Սարգիս Պալյանը։ Նա նույնպես կրթություն էր ստացել Փարիզում, վերադարձել Կ.Պոլիս եւ շարունակել հոր գործը՝ որպես պալատական ճարտարապետ կառուցելով բազմաթիվ հայտնի շենքեր, զուգընթաց զբաղվելով նաեւ գյուտարարությամբ։ Ստեղծել է երկու մեքենասարքեր, որոնց համար անգլիական կառավարությունից ստացել է արտոնագիր (1862), մեկի համար՝ Լոնդոնի միջազգային ցուցահանդեսի մրցանակ։ Արժանացել է ճարտարապետության բնագավառի բարձրագույն՝ Պետության գլխավոր ճարտարապետի կոչմանը։

Սարգիս Պալյանը նյութապես օգնել է ժամանակի հայ մշակույթի գործիչներին, Բերիայի իր ապարանքում ընդունել մեծ ծովանկարիչ Հովհ. Այվազովսկուն, զբաղվել հայ համայնքի կրթական հարցերով։

Ճարտարապետ եւ ազգային գործիչ էր Կարապետի մյուս որդին՝ Հակոբ Պալյանը, որը նույնպես կրթություն էր ստացել Փարիզում, վերադարձել Կ.Պոլիս եւ աշխատակցել հորն ու եղբորը՝ Սարգիս Պալյանին։ Եղել է արվեստի հովանավոր։ Օրթագյուղի նրա ապարանքը, ինչպես Թումանյանի նշանավոր Վերնատունը, եղել է հայ մշակութային գործիչների հավաքատեղին, որտեղ մշտապես հյուրընկալվել են Նահապետ Ռուսինյանը («Կիլիկիա» երգի հեղինակը), Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Ծերենցը, Պետրոս Ադամյանը, Ազնիվ Հրաչյան եւ շատ ուրիշներ։ 1873-ից ապրել է Փարիզում եւ թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Անվանի ճարտարապետներ են եղել Կարապետի մյուս որդին եւս՝ Սիմոն Պալյանը, եւ թոռը՝ Լեւոն Պալյանը (Նիկողոսի որդին)։

Պալյանները հսկայական հետք են թողել Թուրքիայի գեղարվեստի ոլորտում, եվրոպական զարգացման ուղի հարթել ճարտարապետության համար, արեւելյան (այդ թվում՝ հայկական) եւ արեւմտյան նոր ու դասական ոճերի համադրմամբ ստեղծել արժեքներ, որոնց գնահատականը տվել է ժամանակը։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #27 (892) 13.07.2011 – 20.07.2011, Պատմության էջերից


20/07/2011