Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ԽԱՂԱՂ ՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ



Օրերս երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր ժամանակի երեւելի հայերից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, տաղանդավոր երգեհոնահար, հայ երգեհոնային երաժշտության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ։
Տարիներ առաջ մեր թղթակից Գայանե Պողոսյանը հանդիպել էր մաեստրոյին։ Ներկայացվող հարցազրույցը լավագույնս է բացահայտում մեծանուն արվեստագետին ու մարդուն։

Իմ առաջին հանդիպումը Վահագն Ստամբոլցյանի հետ «Մուշեղ Իշխան» գրատանն էր։ Մեր զրույցը կարճ տեւեց։ Թերեւս առաջին անգամ ինձ չհաջողվեց երկխոսության տրամադրել զրուցակցիս։ Մենք հանդիպեցինք երկրորդ անգամ… ու ես «գտա» անպաճույճ, անկեղծ ու ինքնատիպ մտավորականին։

-Պարոն Ստամբոլցյան, մի հոդվածից տեղեկացա, որ Դուք հայդուկային շարժման հայտնի դեմքերից մեկի՝ Քաջ Ավո մականունով դաշնակցական Ավետիս Ստամբոլցյանի թոռն եք։ Ձեր պապի եւ հոր՝ Պարույր Ստամբոլցյանի լուսանկարը զետեղված է 1915□ին Մոսկվայում լույս տեսած «Հայ կամավորականները» ալբոմում։ Դեմ չե՞ք լինի, եթե մեր զրույցն սկսենք Ձեր նախնիներից։

-Պապս ղարսեցի էր։ Թունդ դաշնակցական, համոզված հակաբոլշեւիկ։ 1918-ին Ղարսից տեղափոխվել էր Երեւան։ Չորս որդի ուներ՝ չորսն էլ բոլշեւիկ, ու պապս չէր հաշտվում այդ մտքի հետ։ Հայրս գործկոմի նախագահ էր, հորեղբայրս՝ Կարմիր բանակի կոմիսար, մյուս որդիները նույնպես կուսակցական գործիչներ էին։ Մի անգամ Ավետիք Իսահակյանը որոշում է խաղալ պապիս հոգու հետ, ու նրանց միջեւ ծայր է առնում այսպիսի զրույց.

-Այ Ավո ջան, դու դեռ դաշնակցակա՞ն ես, ժամանակները փոխվել են, ախր…

-Ոչ միայն ես, այլեւ՝ էս ձեռնափայտս տեսնո՞ւմ ես, էս ձեռնափայտս էլ է դաշնակցական, ու թե այրես, մոխիրն էլ դաշնակցական կլինի։

-Ավո ջան, բա էդ ո՞նց եղավ՝ չորս որդիդ էլ բոլշեւիկ դարձան։

-Էլ մի ասա. վարդ ցանեցի՝ փուշ դուրս եկավ։

Պապս չէր ցանկանում որդիների հետ ապրել, հաճախ հեռանում էր տնից։ Մի օր էլ մայրս տեսնում է, որ ձեռնափայտն առած` ճանապարհ է ընկել։ Ո՞ւր ես գնում՝ հարցնում է։ Ղարաքիլիսա՝ պատասխանում է պապս։ Պատկերացնո՞ւմ եք՝ ոտքով Երեւանից Ղարաքիլիսա։ Մայրս անմիջապես զանգում է հորս։ Հայրս մեքենայով հասնում է պապիս հետեւից, բայց դաշնակցական Քաջ Ավոն հրաժարվում է նստել կոմունիստ որդու մեքենան ու ոտքով շարունակում է ճանապարհը։ Պապիս մահը նույնպես ինքնատիպ էր. Թիֆլիսից զանգում է հորս, թե՝ մահանում եմ, արի, հետդ էլ խմիչք եւ ուտելիք բեր։ Հայրս, մեքենան բեռնած, շտապ հասնում է Թիֆլիս, տեսնում է՝ պապս ողջ□ առողջ։ Քաջ Ավոն սեղան է բացում ու սկսում քեֆ անել։ Հայրս դժգոհում է, թե՝ հազար գործ ունեմ, ուտելիք էր պետք, ասեիր, ուղարկեի, ինձ ինչի՞ հասցրիր Թիֆլիս։ Մահանում եմ՝ կրկնում է պապս ու շարունակում քեֆն ընկերների հետ։ Հայրս վերադառնում է Երեւան ու հենց նույն օրը լսում պապիս մահվան լուրը։ Քաջ Ավոյի չորս որդիներն էլ 1937□ին աքսորվում են՝ որպես ժողովրդի թշնամի։

Մորական պապս՝ Նահապետ Ազատյանը, ուսուցիչ էր, իսկական մտավորական, Աճառյանի, Մանանդյանի, Թումանյանի եւ ժամանակի երեւելի մարդկանց ընկերը։ Նրա որդիներից մեկը ցարական բանակի սպա էր, մյուսը՝ Խորհրդային Միության երկաթուղու ժողկոմի տեղակալը, երրորդը՝ Հայաստանի կենտկոմի երկրորդ քարտուղարը։ Վերջինս ակադեմիկոս էր, 5□6 լեզու գիտեր, իրավաբանականը Գերմանիայում էր ավարտել, բժշկականը՝ Շվեյցարիայում։ Տաճատ քեռիս դասախոսում էր Ռոստովի համալսարանում։ Նա համարձակություն ունեցավ Կիրովի մահվան կապակցությամբ ելույթ ունենալ եւ ասել ճշմարտությունը։ Հետո խուսափելով խոշտանգումներից ու նվաստացումներից՝ ինքնասպան եղավ։ Նահապետ պապս 10 երեխա ուներ, ոչ մեկին դպրոց չէր ուղարկել, տանը պարապել էին ու էքստեռն քննություն հանձնել։

-Պարոն Ստամբոլցյան, մենք, բնականաբար, պիտի ավելի շատ խոսեինք երգեհոնային արվեստից, սակայն Ձեր հիշողություններն այնքան հետաքրքիր են, որ չեմ կարող չհարցնել Ձեր ծնողների եւ ընտանիքի մյուս անդամների մասին։

-Հորս լավ չեմ հիշում. ես փոքր էի, երբ նրան աքսորեցին։ Նա շատ լավ է երգել, հորս ճանաչողներն ասում էին՝ դարդիման երգում էր։ Երբ հորս աքսորեցին, բռնագրավեցին նրա ողջ գույքը՝ իրերը, գրքերը, մեր երեք սենյականոց բնակարանը խլեցին՝ թողնելով միայն մեկ սենյակը։ Ժողովրդի թշնամու խարանը մշտապես հետեւել է ինձ։

Մայրս երգել է Թիֆլիսի հայկական եկեղեցու երգչախմբում, որը Կարա-Մուրզան էր ղեկավարում։ Պետերբուրգից եկած մի հայտնի երգչուհի, լսելով մորս երգեցողությունը, ցանկացել է նրան տանել Պետերբուրգ՝ ասել, որ հազվագյուտ ձայն ունի։ Սակայն մորս ավագ քույրը թույլ չի տվել։ Մայրս ռուսաց լեզու էր դասավանդում մանկավարժական ինստիտուտում։

-Ասացիք, որ ժողովրդի թշնամու խարանը միշտ ուղեկցել է Ձեզ։

-Ես մի քանի մանկապարտեզ եմ փոխել։ Երբ վարիչներն իմանում էին, որ աքսորյալի զավակ եմ, հեռացնում էին մանկապարտեզից։ Մայրս ստիպված փոխում է ազգանունս, ու ես դառնում եմ Ազատյան։ Հետագայում ե՛ւ Լենինի պատվին դրած Վլադիմիր անունս փոխեցի, ե՛ւ կրկին հորս ազգանունը վերցրի։ Պիտի ասեմ, որ ես աշխույժ տղա էի։ Վերջին մանկապարտեզը, որ հաճախում էի, երկու հերթ ուներ։ Մեր հերթի «ղոչին» ես էի, մյուս հերթի «ղոչին» Ալիկ անունով մի տղա էր։ Ղոչի նշանակում է ամենաուժեղը։ Մի օր ղոչիներով կռվեցինք, որ որոշենք ամենաուժեղին, բայց ուժերը հավասար էին, ու երկուսս էլ պահպանեցինք ղոչիի «տիտղոսը»։

Մի անգամ հազիվ փրկվեցի. հակասովետական վարքի համար վտարում էին կոնսերվատորիայից, միջանցքում պատահաբար հանդիպեցի կոմերիտմիության քարտուղարին, որն ինձ հապճեպ խցկեց մի լսարան, չհասցրի հասկանալ՝ ինչ կատարվեց։ Լսարանում սկսեցին հարցեր տալ։ Սկզբում ամեն ինչ հարթ էր, հետո հարցրին՝ սիրո՞ւմ եք արդյոք Չայկովսկուն։ Ասացի, որ չեմ սիրում (թեեւ այդպես չէ, պարզապես նյարդայնացել էի եւ ուզում էի հակադրվել)։ Իսկ երբ հարցրին, թե ինչպե՞ս եմ պատկերացնում կուսակցությունը արվեստում, ասացի, որ չեմ պատկերացնում, ու այն ինձ համար անընկալելի է։ Կոնսերվատորիայի տնօրենը նկատողություն ստացավ։

-Դուք ընտանիքի միակ երեխան էի՞ք։

-Մորս միակ երեխան էի, բայց հայրս առաջին կնոջից երեք երեխա ուներ։ Ավագ եղբայրս ակադեմիկոս, սրտաբան Ռաֆայել Ստամբոլցյանն է, քույրս՝ Ելենան, բժիշկ□թոքաբան է, պրոֆեսոր, մյուս քույրս՝ Սեդան, բանասեր էր, նա մահացել է։

-Պատմեք Ձեր, այսպես ասած, երաժշտական կարիերայի մասին։ Որքան տեղյակ եմ, հաճախ եք դպրոցից դպրոց տեղափոխվել, եւ Ձեր ճանապարհն այնքան էլ սահուն չի եղել։

-6-րդ դասարանում թողեցի Չայկովսկու դպրոցը, ընդունվեցի երաժշտական ուսումնարան, սակայն դարձյալ իմ տեղը չգտա։ Հետո ընդունվեցի Երեւանի կոնսերվատորիայի երաժշտագիտության ֆակուլտետ, սակայն մեկ ու կես տարի սովորելուց հետո կրկին թողեցի եւ ընդունվեցի դաշնամուրային բաժին՝ Առնո Բաբաջանյանի դասարան ու կրկին կիսատ թողեցի։

-Ի՞նչ էիք փնտրում, ի՞նչն էր պակասում Ձեզ։

-Ուրիշ սպասելիքներ ունեի։ Երաժշտությունն ինձ համար բացառիկ, անպարագրելի երեւույթ էր, ինչպես բնությունը, երազում երգեհոն էի տեսնում, թեեւ իրական կյանքում տեսած չկայի, լսում էի երգեհոնի ձայնը։ Ինձ համար երաժշտության գագաթը Բախն է։ Նա կատարելության սահմանն է՝ բնությանը, աստվածայինին մոտ։ Ի վերջո, ընդունվեցի Լենինգրադի կոնսերվատորիայի դաշնամուրային բաժին եւ այդտեղ էլ առաջին անգամ ծանոթացա երգեհոնի հետ։

-Ի՞նչ նախասիրություններ ունեք։

-Սիրում եմ ոտքով շրջել, սարերը բարձրանալ, լինել բնության գրկում, եկեղեցիներում, նայել երկնքին։ Սաներիս հաճախ հետս եմ տանում։ Սովորեցնում եմ ուժի, կամքի ու կենսասիրության ակունք գտնել բնության ու երաժշտության մեջ։

-Ովքե՞ր են Ձեր ընկերները, ո՞ւմ եք վստահում Ձեր ապրումները, խոհերը, ո՞ւմ հետ եք խոսում։

-Ընկերներս շատ տարբեր են՝ մեկը ճարտարապետ է, մյուսը՝ բժիշկ, երրորդը՝ վարորդ։

-Ինտելեկտի տարբերությունը չի՞ խանգարում։

-Ի՞նչ ինտելեկտ, սուտ խոսքեր են, արժանապատիվ, ազնիվ տղամարդ լինի, կարողանա մտածել։

-Պարոն Ստամբոլցյան, կարող էինք շատ երկար խոսել Ձեր արվեստից, անդրադառնալ այն հսկայական աշխատանքին, որ կատարել եք մինչ օրս, քննարկել ժամանակի երաժշտական իրողությունները, սակայն այդ մասին շատ են գրել։ Նրանք, ովքեր սիրում են Ձեր արվեստը, հնարավորություն չունեն մոտիկից ծանոթանալու Ձեզ հետ եւ այս հոդվածի միջոցով մեր զրույցի մասնակիցը կդառնան։ Վերջում ուզում եմ հարցնել՝ ի՞նչ խորհուրդ ունի Անկախությունը Ձեզ համար։

-Անկախությունն ու Արցախյան պատերազմի հաղթանակը մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներն են։ Սրանք այն հիմքերն են, որոնց վրա պիտի կառուցել նոր երկիր, նոր փոխհարաբերություններ, նոր արժեհամակարգ։

-Մի հոդվածից տեղեկացա, որ Դուք սիրում եք զբաղվել բարեգործությամբ եւ հասարակական գործունեությամբ։ Օրինակ՝ ժամանակին բարեգործական համերգների հասույթ եւ հոնորար եք տրամադրել Չեռնոբիլից եւ երկրաշարժից տուժած երեխաներին, Արցախի եկեղեցիների նորոգմանը։ Հյուրախաղերի ժամանակ Արցախի հիմնախնդրի մասին պատմող թռուցիկներ եք տարածել։ Պատերազմի ժամանակ ցանկացել եք մեկնել ճակատ, բայց մերժել են՝ փաստարկելով տարիքը։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

-Դուք արդեն ասացիք։ Միայն ավելացնեմ, որ 22□ամյա աղջիկս մասնակցեց պատերազմին՝ որպես բուժքույր։

-Ինչպիսի՞ն եք պատկերացնում նոր Հայաստանը։

-Զերծ ստից, շինծու արժեքներից, անբնական գաղափարներից, թոթափած քաղքենիությունը, նյութապաշտությունը, մերձ բնությանը, գեղեցիկին… Երազում եմ խաղաղ ու ներդաշնակ Հայաստան։

Խորագիր՝ #27 (892) 13.07.2011 – 20.07.2011, Բանակ և հասարակություն


20/07/2011