Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՄԵՆԱՄՅԱ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՎԱՔԸ



Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի հնգօրյա օպերատիվ հավաքը, որին մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալները, ՊՆ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետերը, բանակային զորամիավորումների հրամանատարները, ինչպես նաեւ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի  եւ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմը: Հայկական երկու hանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում միջոցառմանը ներգրավված են նաեւ ԼՂՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Հավաքի նպատակն է պաշտոնատար անձանց հետ հանդիպումների եւ դասախոսությունների միջոցով մասնակիցներին ծանոթացնել ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականության առաջնահերթություններին,  ԶՈՒ զարգացման միտումներին, քննարկել պաշտպանության նախարարության եւ ՀՀ այլ ուժային կառույցների միջեւ փոխգործակցության հարցերը, իրականացնել փորձի փոխանակում, ինչպես նաեւ մասնագիտական հավաք-պարապմունքների միջոցով բարձրացնել ու կատարելագործել գեներալների, սպաների, քաղաքացիական հատուկ ծառայողների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի եւ զորքերի կառավարման, գործառութային պարտականությունների կատարման բնագավառներում, ձեւավորել միասնական պատկերացումներ ու տեսակետներ բանակի մարտունակության եւ պետության պաշտպանունակության շարունակական բարձրացման հարցերում:

 

«ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ»

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՄԵՆԱՄՅԱ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՎԱՔԸՀավաքի առաջին օրը ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա խոսել է Հայաստանի Հանրապետության հանրային և ազգային անվտանգության օրախնդիր հարցերի մասին, պատասխանել օպերատիվ հավաքի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Ըստ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի` թերի կառավարվող ցանկացած օղակ թուլացնում է ազգային անվտանգությունն ու երկրի պաշտպանունակությունը: Հենց այդ պատճառով է նախաձեռնվել սահմանադրության բարեփոխման գործընթացը. «Մեր երկիրն այդպիսով թեւակոխել է բեկումնային փոփոխությունների փուլ, որն անմիջապես պետք է զգալի լինի»: Երկրի ղեկավարը գիտի` ներկաներից շատերին է մտահոգում, որ նոր սահմանադրությամբ Հայաստանը խաղաղ ժամանակ գերագույն գլխավոր հրամանատար չի ունենալու, քանի որ վարչապետին են տրվելու ազգային անվտանգության եւ երկրի պաշտպանության լիազորությունները: Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոն նախատեսված է միայն պատերազմի դեպքում. «Նպատակը հետեւյալն է` մեկտեղ կենտրոնացնել պատասխանատվությունը եւ լիազորությունները: Այսպիսով՝ մենք բացառել ենք «համակեցության» պայմաններում հանրապետության նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցության հնարավորությունը: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր է»:

Հանրապետության նախագահը մանրամասնեց, որ զինվորականների աշխատանքի վրա այս փոփոխությունները որեւէ անդրադարձ չեն ունենա, իսկ եթե ունենան էլ, ապա միայն դրական տեսանկյունից: Խորհրդարանական ընտրություններում բանակին որեւէ դեր վերապահված չէ, թեև պաշտպանության նախարարն է գլխավորում իշխող հանրապետական կուսակցության ընտրացուցակը: Նախագահը բացառեց նախընտրական քարոզչության եւ Վիգեն Սարգսյանի պաշտոնական լիազորությունների իրականացման որեւէ խաչաձեւում. «Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու: Ավելին, զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են»:

Նա նաև այս ժամանակահատվածում զինվորականներից ակնկալում է առավելագույն զգուշություն. «Ադրբեջանում ոմանք պատրանքներ ունեն, թե, իբր, ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետևաբար և իրենց կարճ խելքով՝ խոցելի: Վստահ եմ, որ մեր զինվորականները՝ շարքայինից մինչև ամենաբարձրաստիճան սպան, գալիք խորհրդարանական ընտրությունների շրջանում լինելու են զգոն ու աչալուրջ, պատրաստ՝ կանխելու հակառակորդի յուրաքանչյուր դավադիր ծրագիր»:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը խոսել է Արցախի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող բանակցությունների մասին եւ նշել, որ որեւէ ճեղքում արձանագրելու հիմք այս պահին չկա: Հայաստանը ջանք ու եռանդ չի խնայելու ուժերի հավասարակշռության պահպանման համար, բայց եւ չի մտնելու Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ. «Թող Ադրբեջանը մրցակցի իր իսկ հավակնությունների հետ: Մենք վստահաբար շարունակելու ենք այնպիսի կարողությունների ձևավորումը, որոնք կապահովեն պաշտպանության արդյունավետ կազմակերպում, ինչպես նաև՝ հակառակորդի հնարավոր ագրեսիային շեշտակիորեն ազդելու կարողություն»,- ընդգծել է նախագահը:

Հայաստանի անվտանգության համար կարեւոր է ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ բարեկամությունը, իսկ այն խոսակցությունները, թե Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդեն սպառել է անհրաժեշտությունը, նախագահը անթույլատրելի է համարում: Միաժամանակ, ինչպես նշեց Սերժ Սարգսյանը, շարունակելու ենք աշխույժ դրական օրակարգ ձեւավորել Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպության եւ դրա անդամ պետությունների հետ՝ միջազգային խաղաղության և անվտանգության հետագա ամրապնդման նպատակով. «Այս բոլորը կարեւոր գործոններ են մեր մյուս հարեւանի՝ Թուրքիայի անբարյացակամ, եթե չասենք՝ թշնամական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չեզոքացնելու համար»:

 

ԱՌԱՋՆՈ՞ՐԴ, ԹԵ՞ ԿԱՌԱՎԱՐԻՉ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՄԵՆԱՄՅԱ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՎԱՔԸՀավաքի մասնակիցներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Առաջնորդություն եւ կառավարում» թեմայով դասախոսության ժամանակ նա ընդգծել է. «Յուրաքանչյուր հրամանատար համադրում է երկու կարեւոր գործառույթ` կառավարչի, քանի որ նրան է վստահված իր ենթակայության ներքո գործող ստորաբաժանման գործունեության կառավարումը, եւ առաջնորդի, քանի որ հաջողության եւ արդյունքի հասնելու համար հրամանատարը պետք է առաջնորդի հատկանիշներ ու պատասխանատվություն ունենա: Ուստի իմ՝ որպես պաշտպանության նախարարի, ակնկալիքն է տեսնել այս հատկանիշների դրսեւորումը զինվորական ծառայության ընթացքում»: Վիգեն Սարգսյանը մատնանշել է առաջնորդի եւ կառավարչի տարբերությունները: Առաջնորդն իր եւ իր հետեւորդների առջեւ դնում է երկարաժամկետ տեսլական, իսկ կառավարիչը հիմնականում կենտրոնանում է կարճաժամկետ նպատակների, անմիջական խնդիրների լուծման վրա. «Եթե կառավարչի գլխավոր գործառույթը չսխալվելն ու առաջադրված խնդիրը լիարժեք կատարելն է, ապա առաջնորդը պետք է կարողանա ճիշտ քայլերով հասնել հաղթանակի: Առաջնորդը կենտրոնանում է մարդկանց, իսկ կառավարիչը՝ գործընթացների վրա: Առաջնորդը ստեղծում է արժեքներ, այնինչ կառավարիչը հաշվառում է առկա միջոցները: Կառավարման եւ առաջնորդության հիմնական տարբերություններից մեկն էլ այն է, որ կառավարումը աշխատանք է, իսկ առաջնորդումը՝ կենսակերպ: Կառավարիչն ունի աշխատանքի սկիզբ եւ ավարտ, իսկ առաջնորդի համար առաջնորդումը իր կյանքի անբաժան մասն է: Առաջնորդությունը լինում է տարբեր մակարդակներում, ինչը բանակի համակարգում ավելի քան ակներեւ է»:

Պաշտպանության նախարարը համոզված է, որ իրական առաջնորդը ձգտում է ձեւավորել նոր առաջնորդներ եւ ոչ թե մեծացնել հետեւորդների թիվը: Նրա համար առանցքային է պատասխանատվություն բառը, ինչպես նաեւ ռիսկի դիմելու ընդունակությունը. «Առաջնորդը պատասխանատվություն է ստանձնում ինչպես կայացրած որոշման հետեւանքների, ձեռնարկած միջոցառումների, այնպես էլ՝ դրանց հնարավոր տապալման համար: Եթե նա երբեւէ փորձի ձախողման պատասխանատվությունը բարդել մեկ այլ մարդու վրա, ուրեմն նրա օրերը հաշված են: Որեւէ մեկը չի ցանկանա հետեւել առաջնորդի, որը ծայրահեղ վիճակում փորձում է մեղավորներ գտնել»:

Աշխարհը արագ է զարգանում, եւ նրա առաջ կանգնած սպառնալիքներն այսօր նույնը չեն, ինչ որ երեկ: Վիգեն Սարգսյանը նշել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ՝ որպես ապագայի հիմնական մարտահրավերներ, քննարկվել են կիբեռանվտանգության, հիբրիդային պատերազմների, կեղծ տեղեկատվությունը որպես զինատեսակ օգտագործելու հարցերը. «Հաշվի առնելով մեր հակառակորդի խորհրդատուներին, նրա մոտեցումները` ակնհայտ է, որ այս խնդիրները թակելու են նաեւ մեր դուռը: Ապրիլին արդեն ականատես եղանք տեղեկատվական մարտերի դրսևորումների»:

 

ԹԻԿՈՒՆՔԸ՝ ԱՄՈՒՐ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՄԵՆԱՄՅԱ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՎԱՔԸՕպերատիվ հավաքում ներգրավված անձնակազմի հետ հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ներկայացրել է կառավարության գործունեության ամփոփ հաշվետվությունը. «Նախ` ախտորոշել ենք խնդիրներն ըստ ոլորտների, երկրորդ` ներկայացրել ենք համապատասխան լուծումներ, երրորդ` հստակեցրել ենք, թե ինչ միջոցառումներ են պետք իրականացնել, չորրորդ` ձեւավորել ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»:

Ներկայացնելով երկրի զարգացման տեսլականը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Մենք խելացի կառավարում պետք է իրականացնեք բոլոր ոլորտներում: Մարդկային կապիտալը մեր երկրի գերագույն արժեքն է: Երջանիկ երկրների շարքում հայտնվում  են ոչ թե նավթով, գազով ու այլ բնական պաշարներով հարուստ երկրները, այլ այնպիսիք, որտեղ ստեղծված են աշխատող ու արարող մարդկանց համար առավելագույն բարենպաստ պայմաններ»: Վարչապետը վստահեցրել է` անելու ենք հնարավորը՝ զինվորականների թիկունքը ամրացնելու համար:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ իր ելույթում անդրադարձել է երկրի առջեւ ծառացած արտաքին մարտահրավերներին, միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, ինչպես նաեւ Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին: Նախարարը կարեւորել է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում անցկացված գագաթաժողովները, որոնք նպատակ էին հետապնդում կայունացնելու Լեռնային Ղարաբաղի դեմ ապրիլին Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը. «Հատուկ շեշտվել է, որ հակամարտությունը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում, պետք է անվերապահ իրականացվեն հրադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերը, ստեղծվի միջադեպերի հետաքննության մեխանիզմ, ընդլայնվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմը»:

Տարածաշրջանում նոր պատերազմը, ռազմական գործողությունները, ըստ արտգործնախարարի, որևէ մեկի շահերից չի բխում. «Արկածախնդրությունը միջազգային բացասական հետեւանքներ կունենա: Թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ֆրանսիան, թե՛ Ռուսաստանը կողմերին զգուշացրել են` նոր պատերազմը անընդունելի կլինի, եւ միջազգային հանրությունն էլ չի սահմանափակվի միայն հայտարարություններով, այլ կդիմի հստակ քայլերի»:

 

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #07 (1178) 22.02.2017 - 28.02.2017, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


22/02/2017