Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿՓՐԿԻ՞ ԱԼԻԵՎԻՆ



ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿՓՐԿԻ՞ ԱԼԻԵՎԻՆԱրցախի հետ սահմանին իրավիճակը մշտապես ապակայունացնելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է պահպանել իր իշխանությունը և ապահովել դրա ժառանգաբար փոխանցումը: Այդ նպատակով շարունակաբար ստեղծվում է պատերազմի վերսկսման պատրանք, որպեսզի Ադրբեջանի հանրությունը չկենտրոնանա սոցիալ-տնտեսական առկա խնդիրների և անարդարության վրա: Իլհամ Ալիևը ոչ միայն ձգտում է վերականգնել երկրի ազգաբնակչության հավատը սեփական «հաղթական» բանակի նկատմամբ, այլ նաև թաքցնում է պաշտպանական ոլորտի միջոցով երկրի պետբյուջեի միջոցները մսխելը:

Իլհամ Ալիևը մտադիր է ավելի կենտրոնացնել իշխանությունն իր ընտանիքի ձեռքում և պատրաստվում է փոխնախագահի պաշտոնը հանձնել իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, որպեսզի ապահովի նաև հետագայում իր որդուն՝ Հեյդար Ալիև կրտսերին իշխանության հանձնումը: Իր մտադրություններն իրականացնելու ճանապարհին Ադրբեջանի նախագահի համար առավել հարմար է ռազմական իրավիճակ ստեղծելը: Նա խորապես ուսումնասիրել է իր «ավագ եղբոր»՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի փորձը, որը կարողացավ 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձից հետո արտակարգ իրավիճակ հայտարարել և այդ պայմաններում Հանրապետությունը խորհրդարանականից վերափոխել նախագահականի: Սակայն Իլհամ Ալիևը շատ լավ հասկանում է, որ ինքն ու Էրդողանը մեկ չեն, իսկ Ադրբեջանում դեռ պահպանվում են խորհրդային ժամանակների վատագույն ավանդույթները, որոնց համաձայն՝ ավելի հեշտ է իշխանությունը կորցնել, քան վերափոխել հանրային կարծիքը: Ներքին պատերազմ հրահրելը ինքնասպանություն է, մնում է միայն ԼՂ հակամարտության սրացումը:

Այնինչ, Ալիևը լուրջ սպառնալիքների առաջ է կանգնած, որոնք կարող են խաթարել նրա ծրագրերը: Առաջինը հենց նախագահի ընտանիքից, ավելի ճիշտ՝ խնամիներից եկող վտանգն է: Ադրբեջանի քաղաքական վերնախավում աճում է նախիջևանյան և Փաշաևների (Մեհրիբան Ալիևայի հայրական ընտանիքի) կլանների միջև մրցակցությունը, որը կարող է վերաճել ներքաղաքական խոշոր հակամարտության: Շատերն այդ հանգամանքով են պայմանավորում օրեր առաջ Ադրբեջանի ամենահայտնի նախարարներից  Զիյա Մամեդովի պաշտոնանկությունը: Տրանսպորտի նախկին նախարար Մամեդովը Ադրբեջանի ամենահարուստ, ազդեցիկ և կոռումպացված այն պաշտոնյաներից էր, որը պաշտոնավարել է դեռևս Հեյդար Ալիևի նախագահության ժամանակաշրջանից՝ 2002 թվականից: Նրա ղեկավարած նախարարության փոխարեն ձևավորվում է տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարություն, որի ղեկավարությունն ստանձնում է կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը 2016 թ. հունվարից զբաղեցնող Ռամին Գուլուզադեն: Իլհամ Ալիևը, փաստորեն, զոհաբերեց իր թիմակցին՝ նոր պաշտոնը տալով Փաշաևների կլանի ներկայացուցչին:

Նախիջևանյան կամ Ալիևների կլանն Ադրբեջանում իշխում է արդեն 40 տարի՝ կարճ ընդհատումներով: Փաշաևների ընտանիքը Ադրբեջանի կյանքում մեծ դերակատարություն ունի 1990-ականների սկզբից. համախմբում է ադրբեջանական մտավորականությանն ու լավ կապեր ունի ռուսաստանյան քաղաքական վերնախավի հետ: Նրանք վերահսկում են մաքսային, հարկային, շինարարական, ՏՏ և հեռուստահաղորդակցության, որոշ չափով նաև ֆինանսա-բանկային ոլորտները: Թեև Մեհրիբան Փաշաևա-Ալիևայի նշանակումը փոխնախագահի պաշտոնում ձեռնտու է հենց Փաշաևների կլանին, իրականում այն երաշխավորում է Իլհամ Ալիևի իշխանությունը և ճանապարհ հարթում նախիջևանյան կլանի մյուս ներկայացուցիչների և իր որդու համար:

Պայքարը սուր է նաև ֆինանսական ոլորտում: Երկու կլաններն էլ պայքարում են նավթային ոլորտում իրենց մասնաբաժինները մեծացնելու ուղղությամբ: 2017-ի հունվարի սկզբին Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամի ակտիվները կազմել են 33 մլրդ 147 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 427,1 մլն դոլարով: Հիմնադրամից երկրի բյուջեին փոխանցված միջոցները կազմել են ընդամենը 7 մլրդ 615 մլն մանաթ։ Իրական եկամտի մեծ մասը բաշխվել է Ալիևների ու Փաշաևների միջև: Նախագահի դուստրերին է պատկանում նավթային եկամուտների հիմնական շրջանառող Caspian Development Bank, AtaBank և Pasha Bank բանկերի կառավարումը, Ալիևների ընտանիքինն է ֆինանսա-բանկային եկամտի գրեթե 70 տոկոսը: 2015 թվականին մանաթի արհեստական արժեզրկման շնորհիվ այդ բանկերի միջոցով Ալիևների ընտանիքն ստացել է շուրջ 64 միլիոն դոլարի եկամուտ, այն դեպքում, երբ երկրի բանկային համակարգը կորցրել է շուրջ 1 միլիարդ: Բանկերից մեկում վերահսկող փաթեթ ունի նույնիսկ 14-ամյա Հեյդար կրտսերը:

Ալիևները մեծ եկամուտներ են ստանում նաև սպառազինության առք ու վաճառքից, բանակի թիկունքային ապահովումից, որքան էլ այս տարվա պետական բյուջեով նախատեսված բանակի ֆինանսավորումը գրեթե կրկնակի քիչ է: Վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները ռազմական բյուջեի թռիչքաձև աճի քաղաքականություն էին որդեգրել: Եթե 2007-ին Ադրբեջանի պետբյուջեում պաշտպանական ոլորտի ծախսերը շուրջ 800 միլիոն դոլար էին կազմում, ապա 2008 թվականից արդեն դրանք կտրուկ աճեցին` 2011 թվականին հասնելով 3 միլիարդի:

Ապրիլյան պատերազմը փորձություն էր նաև Ադրբեջանի իշխանական համակարգի համար: Մինչև ռազմական գործողությունները ադրբեջանական հանրությունն արդեն ցնցվում էր սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակից առաջացած դժգոհության ալիքից: Բանակում ուժեղացել էր Թուրքիայի հետ կապ ունեցող հրամանատարության ազդեցությունը, մտավորականության շրջանակներում՝ Ռուսաստանի: Սեպտեմբերի 26-ին կայացած Սահմանադրական նոր հանրաքվեից առաջ Իլհամ Ալիևին օդ ու ջրի պես հանրության համախմբումն էր պետք: Նոր սահմանադրությամբ նախագահի պաշտոնավարումը երկարաձգվել է ևս 2 տարով, իսկ թեկնածուների տարիքային շեմը իջեցվել է մինչև 18 տարեկան: Այսպես՝ Իլհամ Ալիևը ապահովում է որդու մուտքը իշխանական համակարգ: Ապրիլյան պատերազմը սանձազերծելով՝ նա կարողացավ ապահովել իր հեռահար նպատակների իրականացումը, քանի որ երկրում առկա էր ռազմական հեղաշրջման վտանգ (թուրքամետ գեներալները կարող էին իշխանությունն իրենց ձեռքը վերցնել):

Իրենց դիրքը փրկելու համար Փաշաևները օգտագործեցին մոսկովյան կապերը և դրանց միջոցով կարողացան հասնել զինադադարի: Նրանք ամրապնդեցին իրենց դիրքերը երկրում ու նաև բավական շահավետ  արդյունքի հասան. նրանց շինարարական ընկերությունները ռազմական գործողություններից տուժած բնակավայրերի վերականգնման գործարքներ կնքեցին:

Իլհամ Ալիևն զգում է պալատական հեղաշրջման վտանգը: Նա երկընտրանքի առաջ է կանգնած. կա՛մ փաստացի մեծացնել Փաշաևների մասնաբաժինը իշխանական դաշտում, կա՛մ երկրում արտակարգ իրավիճակ ստեղծել և միանձնյա կառավարմամբ գոնե մի քանի տարի անսասան պահել իշխանությունը: Արդեն իսկ ընդունվել են պատերազմական իրավիճակին բնորոշ օրենքներ բանակին վերաբերող տեղեկատվության սահմանափակման, գրաքննության մեծացման մասին:

Իլհամ Ալիևին պատերազմ է հարկավոր: Դիվանագիտական, գիտական, հնարավոր բոլոր ասպարեզներում փորձ է արվում «օրինականացնելու» Արցախի նկատմամբ ագրեսիան: Մինչդեռ, Իլհամ Ալիևն ստիպված է նաև այլ իրականության հետ հաշվի նստել՝ ադրբեջանական հասարակությունն այևս չի գնա պատերազմի հանուն մի ընտանիքի շահերի բավարարման: Հանրությանը պետք են հերոսներ, նոր առաջնորդներ և ապագայի հստակ տեսլական: Տարիների ընթացքում Ադրբեջանի հասարակությանը պարտադրվում էին Հեյդար Ալիևի՝ «ազգի հոր» գաղափարները: Ապրիլյան պատերազմը հնարավորություն ընձեռեց նոր հերոսների ի հայտ գալուն: Հերոսացվում են նույնիսկ դիվերսիայի անհաջող փորձ կատարած վարձկանները: Վերջին ամիսներին էլ Ադրբեջանում մեծ հնչեղություն է ստացել Արցախին սահմանակից Ջոջուկ Մարջանլու գյուղի վերաբնակեցման ծրագիրը: Տեղական լրատվականներն ակտիվորեն տարածում են տեղեկություններ, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին ազատագրված գյուղում կառուցվելու է 50 տուն, որտեղ բնակություն կհաստատի 190 ընտանիք: Նման կեղծարարությամբ հանրության աչքին թոզ փչելու փորձ է արվում՝ տպավորություն ստեղծելով, թե իբր ադրբեջանական բանակը ապրիլին լուրջ հաղթանակների է հասել: Այնինչ, Հորադիզի շրջանի Ջոջուկ Մարջանլու գյուղը ադրբեջանական վերահսկողության տակ է արդեն 23 տարի:

Փաշաևների իշխանության գալը Իլհամ Ալիևի համար չարյաց փոքրագույնը կլինի: Ավելի մեծ վտանգ են ներկայացնում «Իսլամական պետության» շարքերում կռված ադրբեջանցիները: Նրանք կարող են օգտվել աճող սոցիալական դժգոհությունից: Միաժամանակ, տարածաշրջանում խաղի իր կանոններն է թելադրում Իրանը՝ Ադրբեջանի իշխանությունների դեմ տրամադրելով շիա մահմեդականներին: Ալիև-Փաշաև ընտանիքի անհեռատես քաղաքականությունը, նեղ անձնական շահերին տրվելու և հարստանալու մոլուցքը կարող է պայթեցնել Ադրբեջանը՝ դարձնելով այն կովկասյան Լիբիա:

Նման պայմաններում Ալիևն ու իր շրջապատը կշարունակեն հարմար առիթ փնտրել՝ Արցախի սահմանին իրավիճակը կրկին ապակայունացնելու:

 Հ.Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով Մեհրիբան Ալիեւան նշանակվել է երկրի առաջին փոխնախագահ:

 Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #07 (1178) 22.02.2017 - 28.02.2017, Տարածաշրջան


22/02/2017