Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԵԼԻ ԳՐՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ. ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎ ԱԶԳԸ, ԿՐՈՆԸ, ԼԵԶՈՒՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՆ



ՍԻՐԵԼԻ ԳՐՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ. ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎ ԱԶԳԸ, ԿՐՈՆԸ, ԼԵԶՈՒՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՆՓետրվարի 23-ին բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանը կդառնար 77 տարեկան:

Երվանդ Պետրոսյանն իր ուրույն դեմքն ու նկարագիրն ունի հայ ժամանակակից գրականության մեջ, նրա՝ թե՛ մեծերի համար գրված խոհական, սիրային ու հայրենասիրական խորունկ բանաստեղծությունները, թե՛ մանկական՝ մեկը մյուսից գեղեցիկ գործերը աչքի են ընկնում պատկերավորությամբ, բանաստեղծական գեղեցիկ, հաճախ զվարճալի գյուտերով, ասելիքը մատչելի ու գրավիչ դարձնող հմուտ հանգավորմամբ:

Երվանդ Պետրսոյանի առաջին գիրքը հրատարակվել է 1968թ. «Պատուհան» վերնագրով.

Ինձ աշխարհին կապող,

Ինձ աշխարհից զատող,

Ինձ լույս ու մութ բերող, ի՛մ պատուհան:

Երվանդ Պետրոսյանն ավելի քան 50 գրքերի հեղինակ է, արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների. 1989թ. «Հազարան հավք» ժողովածուի համար արժանացել է Հայաստանի գրողների միության Ստ. Զորյանի անվան գրական մրցանակի, 1999թ. «Կապույտ հեքիաթ» մանկական ժողովածուի համար` «Ոսկե եղեգն» գրական Պետական մրցանակի, 2007թ. «Վարդավառ» գրքի համար Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրքի մրցանակի: 2010թ.` ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, 2011թ.-ին` ՀՀ վարչապետի հուշամեդալի: 2015թ.-ին պարգևատրվել է մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:

Ստորև ներկայացնում ենք մի փոքրիկ հուշապատում:

 

1989թ.-ի գարունն էր: Հայ-կոյունլուական սահմանին իրավիճակը լարված էր: Կոյունլուական… Մեր ավագ գրչակիցները Ադրբեջան կամ, առավել ևս, Ատրպատական անվանումը չէին կիրառում: «Եթե իրենք իրենց սիրում են ոչխարների գույնով տարբերակել և ոչխար կոչել, մենք ինչո՞ւ պիտի վիրավորենք իրենց ինքնասիրությունը և մարդկային անունով կոչենք»,- սիրում էր կրկնել Արշակը՝ Քեռի մականունով:

Եվ այսպես՝ 1989թ.-ի գարունն էր: Բանաստեղծ Երվանդ Պետրոսյանի նոր լույս ընծայված «Հազարան հավք» գիրքը մրցանակ էր ստացել: Առաջներում ամեն մի նոր գրքի լույսընծայում մեծագույն իրադարձություն էր, որ նոր ծնված երեխայի պես ուրախություն ու բերկրանք էր պարգևում: Բոլորս հավաքվում ու տոնում էինք: Երվանդ Պետրոսյանն ավելորդ ցուցամոլության սիրահար չէր և նման առիթները միշտ մտերմիկ շրջապատով էր նշում: Անսահման պարզ էր ու համեստ: Եվ իր մարդկային բնավորության համաձայն էլ  որոշեց, որ «Հազարան հավքի» հոնորարի մեծ մասը պիտի տրամադրի ազատամարտի նվիրյալներին` որպես օգնություն:

Խանութները դատարկ էին: Ամեն բան չէր ճարվում, ավելի ճիշտ՝ ոչինչ չէր ճարվում: Որքան կարողացանք` հրուշակեղեն, գուլպա, ավելի շատ ծխախոտ և ազատամարտիկի համար պիտանի բաներ գնեցինք: Պայմանավորված օրը մեր ընկերներից մեկի մեքենան բարձեցինք և ճանապարհ ընկանք: Երվանդը մի առանձնակի ուրախության մեջ էր: Գնում էինք սահմանը պահող տղերքի մոտ, նրանց հետ միասին «Հազարան հավքի» լույս աշխարհ գալը և գնահատանքի արժանանալը նշելու:

Հասանք Հայոց աշխարհի հյուսիսարևելյան սահմանը: Մեր առաքելությունն ավարտին հասցնելու համար պիտի հասնեինք Նոյեմբերյանի ինքնապաշտպանական ջոկատներից մեկի կենտրոնակայան: Ջոկատի հրամանատարը Օհանյան Հովիկն էր՝ մեր հնագետ Հովիկը: Լեռնային ոլոր-մոլոր ճանապարհը հայկական գյուղից մտնում էր կոյունլուներինը, դուրս գալիս ու նորից էր մտնում:

Հանկարծակի մեր ճանապարհը կտրեց մոլեգնած խառնամբոխը՝ եղան, փայտ ու կացին ձեռքներն առած: Հայկական ռադիոյի, «Նաիրի» հրատարակչության և մատենադարանի աշխատակիցներով էինք: Հագնված էինք սովորականի պես՝ օսլայած վերնաշապիկներ, փողկապ… Ասես աշխատանքի գնալիս լինեինք: Ամբոխն էլ իր «առօրյա զգեստավորմամբ» էր՝ անլվա, անթրաշ ու ճպռոտ, ինչպես ասում են՝ սանրի ու օճառի երես չտեսած: Յուրաքանչյուր պահի կարող էին անկանխատեսելի զարգացումով իրադարձություններ բռնկվել: Մեքենան կանգ առավ ամբոխի առջևից ընթացող մի վայրագնած պառավի դիմաց, որը, առանց շունչ քաշելու, շարունակ բարբաջում էր: Անիվների տակ արժանավորապես չճզմվելուց ոգևորված՝ պառավն սկսեց ավելի բարձր աղմկել: Իսկ նրա ետևից վրա հասածները կացիններն ու փայտերն էին ճոճում: Այդ միջոցին Երվանդը դանդաղ դուրս եկավ մեքենայից. նրա դեմքը, որ սովորաբար բարություն էր ճառագում, այս անգամ արդեն զայրույթ ու ցասում էր արտահայտում:

Ամբոխի առաջ կանգնում է հաղթանդամ մի մարդ: Ներկայանալի… ամենայն հավանականությամբ՝ պետական բարձր պաշտոնյա, ինչպես մտածեցին ամբոխականները: Հոնքերը կիտած, զայրույթով լի մարդը շարժվում է ամբոխի կողմը: Ամբոխը բնազդաբար նահանջում է: Երվանդը գլխի շարժումով հարցնում է՝ ի՞նչ եք ուզում, և այդ շարժումից խուժանը ասես կարկամում է:

Ընկերներից մեկը, որ վայրկենապես էր կողմնորոշվում ցանկացած խառն իրավիճակում,  մեքենայից ցատկեց դուրս և վազեց Երվանդի կողմը: Կանգնելով Երվանդի ու ամբոխի միջև` նա սկսեց ռուսերեն բարձրաձայնել. «Не сердитесь, товарищ полковник, не сердитесь. Они у нас смирные», որ մերազնյա թարգմանությամբ թերևս կհնչեր այսպես. «Մի՛ զայրացեք, պարո՛ն գնդապետ, սրանք խելոք են»: Երվանդի տեսքը, խոժոռ հայացքը և մեր հնարամիտ ընկերոջ ռուսական կատարյալ արտասանությունը ամբոխին ասես շանթահարեցին: Մի պահ լռություն տիրեց: Երվանդը հայացքը հառեց մոտակա ծերուկին՝ կարծես հարցնելով, թե՝ քո ասա՞ծն ինչ է: Վերջինս, որ ըստ ամենայնի ամբոխի պարագլուխներից էր, մի պահ առավել զգաստացավ, ապա առաջ նետվեց, կռացավ ու համբուրեց Երվանդի ձեռքը: Նա մանկուց էր սովորել՝ «ձեռքը, որ չես կարող կտրել, պիտի համբուրես»: Նրան թվում էր, թե վառոդի հոտ պիտի առներ «պալկովնիկի» ձեռքից, բայց փողկապով մարդու ձեռքից կոյունլուի համար անհասկանալի մի հոտ էր գալիս: Այդպես բուրում է հազարամյակների խորքերից սերող մշակութաստեղծ ձեռքը` Երվանդի ձեռքը, հայ մտավորականի ձեռքը: Դա մի հոտ էր, որ կոյունլուն երբևէ չէր առել և այլևս երբեք չէր առնելու: Նա համբուրում էր մի ձեռք, որից մահու չափ վախենում էր և երկյուղում, որովհետև իր կարծիքով այն մահաբեր զենք բռնող ձեռք էր: Սակայն չգիտեր, որ այդ ձեռքն անհամեմատ ավելի վտանգավոր ու հատու զենք էր բանեցնում՝ գրիչ, որ դարեր շարունակ վանել է մեր թշնամիներին՝ պաշտպանելով ազգը, կրոնը, լեզուն ու հայրենին:

Գևորգ ՄԱԴՈՅԱՆ 

 

ՏԱՐԵՑ ԶԻՆՎՈՐԻ ԽՈՍՔԸ

Կասեն, թե ծեր եմ, արդեն տկար,

Ընկել եմ իբր ոտ ու ձեռից,

Կասեն` եկել եմ անվան համար,

Կասեն` եկել եմ հանուն փառքի:

 

Իսկ ես հիշում եմ մանկութ օրերից.

Պատմություններն իմ անվերջ լսած,

Թե ինչպես խուժեց նենգ թշնամին,

Մեր լացն ու կոծը երկինք հասավ:

 

Լցվող բազուկս պատանեկան

Պրկվել, մի սուր էր ասես դարձել,

Մռլտում էի, նորից թե գան,

Կոզբադնի օրը պիտի գցեմ:

 

Այդպես եմ ապրել ու մեծացել,

Եվ թե բնույթը փոխվեր նրանց,

Կխաղաղվեի ինքս էլ գուցե,

Կմեղմանային ցավերս անանց:

 

Բայց այդպես չեղավ. նույն են էլի,

Նույն ժանիքներն են պարզվել դժխեմ:

Եվ իմ հին ու նոր ոխով ես լի

Այդ ժանիքներն եմ ուզում փշրել:

 

Ձե՛զ հետ, ձե՛ր կողքին, ձե՛զ օգնական,

Արծիվ տղաներ զարթնած ազգիս,

Գումարեք ուժս էլ ծերունական

Ուժին դավթազարմ ձեր հաղթ բազկի:

 

Ու եթե ասեն…

Թո՛ղ որ ասեն…

Կգայի՛ թեկուզ առանց ձեռքի:

Եկել եմ` գոչեմ.

-Քաջե՜ր, ի զե՜ն,

Հանուն հայրենյաց կյանք ու փառքի:

 

 

Խորագիր՝ #07 (1178) 22.02.2017 - 28.02.2017, Հոգևոր-մշակութային


22/02/2017