Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՂԱՆԴԱՀԱՐ



Սկիզբը՝ նախորդ համարներում

 

ՂԱՆԴԱՀԱՐԱՆՑՅԱԼԸ՝ ԻՆՉՊԵՍ ՆԵՐԿԱ…

Սատանի կամուրջը եւ նրա սպասավորները

Ապրիլի 24-ին՝ հայերի ցեղասպանության յոթանասուներորդ տարելիցի օրը, որի մասին հատուկ նշանակության երրորդ գումարտակում ոչ ոք երբեւէ ոչինչ չէր լսել, ոչինչ չգիտեր, մեր ջոկը պարեկում էր «Սատանի» կոչվող կամրջի վրա եւ փաստաթղթային ստուգումներ էր անցկացնում։ Սատանի կամուրջը իր խորհրդային սպասավորներով տեղաբնիկների համար վաղուց արդեն վերածվել էր մի յուրօրինակ լիկկայանի, որտեղով երթեւեկողների շարքերից ժամանակ առ ժամանակ զատվում էին ապաշնորհ եւ քաղաքականապես անբարեհույս աֆղանցիները, որոնք դժվարանում էին, ասենք, պատասխանել մի քանի պարզունակ հարցերի՝ ձո՞ւն է առաջ եղել, թե հավը, ի՞նչ գույն ունի հույսը, ե՞րբ եւ ո՞վ է առաջին անգամ կանեփ ցանել… Եվ «քաղաքական հայացքների» տհասությամբ կամ իսպառ բացակայությամբ էլ պայմանավորվում էր  աֆղանցու նկատմամբ կիրառվող «վարչական տույժի» չափը։ Ամեն գյուղացուց՝ մի իշաբեռ, ամեն մենատնտես կալվածատիրոջից՝ շատ ավելին։

Հերթապահության ավարտին թողանցման ուղեփակոցի մոտ կանգնեցրինք խուրջինով բարձված մի գրաստ-ձի՝ թամբին երկու հեծվոր։ Տղերքը իսկույն իրարով անցան (նրանց տառապանքը փորձ ուներ), քանի որ պատահում էր` մի քոսոտ յաբուից այնքան վարձատրություն էինք ստանում, որքան նույնիսկ մի ամբողջ քարավանից չէինք քամի։

-Շուրավի կոնտրո՜լ*,- ավտոմատի փողը ձիու մռութին դեմ տալով՝ հայտարարեց ջոկի հրամանատար Պավել Վիննիչենկոն։

Ձին խրտնեց եւ ուզում էր, ուր որ է, տուտը տնկած չափ ընկնի, երբ ցանցառ այտմորուսներով առաջին հեծյալը սանձեց կենդանուն. «Բը՜ռռ»։ Սանձը ձգողը անապատի բնակչի համար բավական մռթեղ մեկն էր, որի հողագույն դեմքին դժվար էր հոգեկան հուզման կամ թե տագնապի որեւէ արտահայտություն նկատել։ Լսելով Պավել Վիննիչենկոյի մոգական «շուրավի կոնտրոլը»՝ աֆղանցու դիմակը շինծու ժպտաց՝ ցուցադրելով դեղնադարչնագույն, ցանցառ ատամները։

-Ֆարուխ Լաֆրայը բարի ողջությո՜ւն է ցանկանում հրամանատարին,- ծանրումեծ ողջունեց աֆղանցին իր բարձրությունից պռատ ռուսերենով՝ արագ-արագ թարթելով պսպստան, խորամանկ աչքերը։

-Դե լա՜վ, հերիք ծամածռություն անես, մամածակ, ծանո՜թ ենք…,- զզվանքով վրա բերեց ավագ սերժանտը։ -Ցած իջիր ձիուց։

Աֆղանցին, որ Ֆարուխ Լաֆրայ անունով էր ներկայացել, փուշը թողած, կախ ընկավ թամբից։

-Հարգանա՜ցդ հավաստի՜քը, հրամանատար,- ծոր տվեց հաճկատար՝ հլու:

-Հիմի՞ ինչ ես պարտակել, հարամզադե, հը՞, հաշի՞շ, հերոի՞ն, գուցե կո՞կա,- հոգեբանական տեռորի գործուն միջոցին դիմելով՝ Պավել Վիննիչենկոն, որին տղերքը կրճատ Վիննի էին կանչում, ձեռնամուխ եղավ իր «ամենաինտերնացիոնալ» պարտականությունների կատարմանը։ -Քանդիր  պարկերը, մաքսանենգ մունդռիկի մեկը։

Շրջիկ վաճառականը ձեռ ու ոտ ընկավ։

-Խղճա՜, հրամանատար, մի կործանի՜,- աղաչանք էր թափում մորթվողի ձայնով,- գործերս վատ են, շա՜տ վատ, ապրանքը թանկացել է, վաշխը՝ ավելացել, ապրուստն էլ սո՜ւղ է, չի հերիքում, հալներս հալ չի, կնոջս հերու թաղեցի, ուրիշ խնամող չունե՜մ, երեխեքիս կերակրել-հագցնել չեմ հասցնում, խնայի՜, հրամանատար, մեղք ենք,  էլ հնար չկա՜, ախր, էս տարի արդեն քանի անգամ վարձահատույց եմ եղել, Փեշավարից** մինչեւ Ղազնի ու Գարդեզ*** շատ բաժանեցի, կկործանվե՜նք…

Ո՛չ մանր վաճառականի աղաչանք-պաղատանքը, ո՛չ իսկ օրապակաս կյանքի սրտաճմլիկ մանրամասները չէին կարող Սատանի կամրջի սպասավորների ուշադրությունը շեղել արյուն-քրտինքով տեղ հասցրած հակերից, որոնց բերանները լայն բացվել էին նրանց առաջ՝ երեւան հանելով Արեւելքի  «պերճանքն ու շուքը»՝ կանացի էժանագին արդուզարդ,  յազմա ու չալմա****, անուշահոտ յուղեր, մի քանի տեսակ ընդեղեն, չամիչ… Աֆղանցու անճարակ շատախոսությունից, տղերքի ավարառու գզվռտոցից ու անտանելի տոթից գլուխս սկսեց դժժալ, սիրտս՝ խառնել։ Եվ ինքս ինձ ձեռնահաս չհամարելով «մաքսավորի գործունեության» համար՝ հայացքս ձանձրույթից դարձրի գրաստին նստած երկրորդ հեծվորին, որը մի լղարիկ աղջնակ էր։

Նա Ֆարուխ վաճառականի դուստրն էր, որին առաջին անգամ հայրն իր հետ տարել էր ճամփորդության դեպի Փեշավարի նահանգ՝ հնադարյան տաճարը տեսնելու եւ ապրանքափոխանակության, այնտեղից էլ՝ Ղազնի ու Գարդեզ՝ շահավետ առեւտրի ակնկալիքով… Մոտենալով՝ հանկարծ տեսա չադրայի մեջ կորած մի չորուկ, թուխ երես, որ կարծես միայն աչքերից էր կազմված։ Երկու մեծ-մեծ, մթին մոլորակներ, որոնք ինձ էին նայում անհուն-տիեզերական թախիծով…

-Մեզ չե՞ք սպանի, չե՞ք սպանի…- լաց եղավ թամբին մնացած աղջիկը։

Եվ ես այդ օտար, անապատական քուշանուհու հայացքում սոսկումով հայտնաբերեցի ինձ այնքա՜ն ծանոթ…  հարազատ մի աղերս՝ այրող մի տենչ, որը մինչ այդ միայն հայի աչքերում էի տեսել՝ ողբերգականորեն անպարագրելի ու այնպե՛ս… պատճառաբանված։ Ո՞վ էր նա, ազգային նկարագրի ի՞նչ ավանդներ էր ժառանգել՝ չգիտեմ, սակայն սիրտս սրսփաց ինձ համակած արտասովոր-անձնուրաց մի ապրումից, որ աղջկա անմեղ խնդրանքի հետ փոխանցվեց մարմնիս, ճնշեց քունքերս, եւ տարիներ անց դեմքիս վրա նորից շառագունեց նորին մեծություն ԱՄՈԹԸ՝ առաջվանից սկզբունքորեն տարբերվող՝ ոչ իմ խեղճությունից սնունդ առած։

-Լաց մի՛ լինի, քույրի՛կ,- հանգստացրի աղջկան,-  ձեզ չեն նեղացնի, կարգ է, կստուգեն ու բաց կթողնեն։

Նույն միջոցին էլ, հակառակ իմ հուսադրող հավաստիացումների, զինվորներից երկուսը՝ եֆրեյտոր  Ռամազանովն ու սերժանտ Պովխը, աֆղանցու չդադարող բարբաջանքը լռեցնելու համար բանեցրին հրազենի խզակոթը… Որին էլ հաջորդեց ոչ պակաս զգայացունց մի տեսարան։ Մանկամարդ քուշանուհին, առանց ձայն-ծպտուն հանելու, աչքիս առաջ նվաղեց եւ թամքից գլորվեց ցած՝ կորցնելով գիտակցությունը։ Կատարվածը զարհուր ազդեց. ոտքիցս գլուխ սարսուռի մանրիկ կոհակներ վազեցին… Ուզեցի օգնել. մինչդեռ անհասկանալի, կապարե մի ծանրություն կաշկանդել-գամել էր ինձ գետնին՝ բռնանալով կամքիս եւ համոզմունքներիս վրա…  Պատռած քիթ ու պռոշով հայրը, նկատելով դստեր մարելը, կարծեց՝ սպանեցին եւ անմարդկային (անասնական) ոռնոցով չորեքթաթ նետվեց աղջկա անկենդան մարմնի մոտ, սեղմեց կրծքին։ «Ի՜նչ արին քեզ, իմ լուսերե՜ս, իմ հույս, իմ ապավեն, ով սպանե՜ց քեզ, Նասիմե ջան, վեր կա՜ց, բա՛ց արա աչուկնե՜րդ, իմ թալիսմա՜ն, ես ու ախպերդ, ախր,  առանց քեզ քոռ ու փուչ կըլնե՜նք…»,- արնախառն լորձունքն ու լոզը շաղելով աղջկա գունատ, անկյանք դեմքին՝ հայրը անկուշտ հոտվտում-լիզում էր դստեր աչք-ունքը։

Տղերքն իրենք էլ մի պահ ապուշ կտրեցին նման անսպասելի ելքից։

-Նրան ոչ ոք մատով չի դիպել, խաչը վկա,- արդարացան մեկ-երկուսը:- Ընկնավորի մեկն է:

Հոր փաղաքշանք-փայփայանքից աղջիկը, ի վերջո, կենդանության նշաններ ցույց տվեց եւ դանդաղ բացելով կապտավուն կոպերը՝ հազիվ լսելի արտաբերեց. «Ջո՜ւր…»: Ինքս էլ կարծես կյանք առա այդ կենարար խոսքից՝ թոթափելով անտեսանելի կալանդներս. «Ի՞նչ ես քարացել, ջուր բեր»,- պահանջեցի կողքիս կանգնած սերժանտ Վիննիչենկոյից, որ փորձում էր հասկանալ՝ ընկնավորությո՞ւն է, թե կույր գնդակ: Վիննին թերմոսից սառը ջուր լցրեց, եւ ես ալյումինե բաժակը զգուշորեն մոտեցրի աղջկա դողդողացող՝ հասած բալի գույն շուրթերին։ Նա խմում էր եւ հոնգուր-հոնգուր արտասվում։

-Լսեք, տղերք, էս թշվառականների ապրանքը տվեք, թող գնան, ի՞նչ մի չճարվող բան կա էդ քուրջ ու փալասի մեջ. երբ էլ ասես ձեռքներս հո կընկնի՞,- հանդուրժողության կոչ հնչեցրի։ Բայց, ինչպես ասում են,  «ձայն բարբառոյ յանապատի»։

Խոսքս ծանրակշիռ եւ ազդեցիկ դարձնելու համար մի կարճ կրակահերթ արձակեցի նրանց  գլխավերեւով։

-Թարգը տվեք,- կրկնեցի վճռական։ -Նասիմեն, ախր, իմ քո՜ւյրն է, սարսաղներ։

Ամենքը մեկ մարդու նման քարացան տեղներում, ինչ դիրքում որ էին՝ արտահայտելով անորոշ վախի, ցասման ու տարակուսանքի խառնակ զգացումներ…

…Երբեմն մոլեգին հույզերը մխրճում են մեզ անկարգ վիճակի մեջ, եւ կատարվածից ուշքի ենք գալիս մեղավոր, զղջացող սրտով, մինչդեռ իմ ներսում ո՛չ մեղանչում կար, ո՛չ էլ զղջում, որովհետեւ ես ընդվզել էի այս անիրավ պատերազմի դեմ, ոչ թե տղերքի: Իմ կռիվը այս կեղծավոր-անօրեն կարգուկանոնի դեմ էր, որ մոլորեցրել, խելքահան էր արել մեզ՝ երեկվա «ոսկեբերան պատանիներիս»։ Տղերքը ի՞նչ մեղավոր էին, որ ջահել աֆղանուհու աչքերում բույն դրած մահվան սարսափն ինձ ավելի էր հասկանալի՝ մերձ, չէ՞ որ ես թեեւ դաժան արհավիրքներից կարծրացած, բայց եւ կարոտած հոգուս աչքերով էի նայել, նմանեցրել… Տղերքը մեղավոր չէին: Նրանց համար Աֆղանստանը ոչ միայն «ինտերնացիոնալ պարտքի» կատարում էր ենթադրում, այլեւ իրենց աղքատիկ, պակասավոր կյանքի առաջին ու վերջին ճամփորդությունն էր միջնադարյան մի երկիր, որտեղ աշխարհի ամենահյութեղ նուռն է հասնում՝ նուշ ու քիշմիշ, որ հունիսին արդեն չամիչ է դառնում (ո՞վ չի սիրում չիր ու չամիչ): Եվ դեռ աֆղանցու մախաղում թե՛ ճապոնական մագնիտոֆոն կա, թե՛ Wrangler ջինս՝ նորաձեւության վերջին ճիչը, իսկ թեւին կապում է թանկարժեք ժամացույց՝ ապակին շափյուղայից: Դիմանա՞լ կլինի… Չէ՛, տղերքը մեղք չունեին, առանց այդ էլ նրանց կյանքում՝ անցյալ թե ներկա (գալիքն էլ առանձնապես փայլուն չէր պատկերանում), ուրախություն քիչ կար. էլ ո՞վ եւ ե՞րբ մեզ նորից Ղանդահարի նահանգ կբերեր, որ գեղեցիկն ու նորաձեւը, անուշահամն ու չնաշխարհիկը ճանաչել-գնահատել կարողանայինք։ Խորհուրդների երկրում էդ տեսակ «հեքիաթային բաներ» մեր դասակարգի քթին հաստատ չէր հասնի, ուրեմն տղերքն իրենց «ԵՐԱԶԻ» հետեւից էին գնում… Է՛հ, թող լույս իջնի նրանց զուրկ ու զարկված հոգիներին…

-Ի՞նշ եղավ քեզ, Վաչի՛կ, ի՞նշ քիքիր, ի՞նշ բան,- խախոլավարի բացատրություն պահանջեց ջոկի հրամանատար Պավել Վիննիչենկոն։

-Հրամայիր թալանածը տիրոջը վերադարձնեն,- կարճ կապեցի։

-Սա թալան չի, ինչե՞ր ես դուրս տալիս, Վաչի՛կ, ախր,  դու էլ մեզ հետ առավոտից արեւի տակ չիր ես դառնում, ուրեմն թալան չի,- հարգանաց թթվությունը դեմքին՝ հանդիմանեց Վիննին։

-Ի՜նշ ավարա մարդ ես, Պաշկո,- տնազեցի հիասթափված։

-Ո՛վ, ե՞ս։

-Հա՛, դո՛ւ։

-Է՜, չեղա՛վ, եղբա՜յր, վիրավորո՛ւմ ես…

Եվ նա՝ Պավել Բոգդանովիչ Վիննիչենկոն, Կարպատների այդ վեց ու կես փթանոց հսկան, որի դեմքը սովորաբար զուրկ էր լինում մտքի արտահայտությունից, եւ ով բթամտության աստիճան համառ էր իր գործերում ու դատողություններում, նախանձելիորեն հնազանդ եւ համերաշխ գտնվեց՝ կարգադրելով զինակիցներին դատարկել ծոցերն ու գրպանները։

– Խուրջինը լցրեք, ինչ վերցրել եք, թե չէ՝ հերթով բոլորիդ կխփեմ։

Արյունը սառեց երակներումս՝ քաջ իմանալով Վիննիի բնավորության ծայրահեղ, վայրագ կողմերը, եւ թե՝ ինչ անկանխատեսելի հետեւանքների կարող էր հանգեցնել «վարակիչ օրինակը»:

-Խելքներդ թռցրի՞ք…,- խռովության ալիք բռնկեց տղերքի շարքերում։

Ենթարկվել չցանկացողներին կարգի հրավիրելու նպատակով Պաշկան մի ամբողջ պահունակ արյուն թողնելու պես պարպեց տղերքի ոտքերի տակ եւ քիչ մնաց՝ էն  աշխարհը ուղարկեր։ Խեղճերը սմքեցին սարսափից։ Հայր ու աղջիկ դիվահարի նման կուչ էին եկել գրաստի հետեւը՝ սպասելով իրենց համար նպաստավոր վախճանի։

-Վաչիկի ասածը ի՛մ ասածն է։ Նասիմեն ի՛մ քիրն է,- անառարկելիորեն եզրափակեց Վիննին։ -Տեղը դրեք, ինչ վերցրել եք, ամո՜թ է։

– Էդպես էլ կասեի՜ք… Ո՞վ է դեմ…

Ավագ սերժանտի  աննախադեպ վարմունքը, իրականում, ոչ այնքան հօգուտ ինձ արտահայտված զորակցության դրսեւորում էր, որքան մանր ընկերասիրություն, որով նա «արժանին էր հատուցում» երբեմնի արկածախնդիր մի դիպվածի համար։

Շարունակելի

*  Ստուգում (զինվորական ժարգոն)

**  Բնակավայր Պակիստանում

***  Աֆղանական քաղաքներ

****  Կանացի արդուզարդի պարագաներ

Խորագիր՝ #07 (1178) 22.02.2017 - 28.02.2017, Հոգևոր-մշակութային


22/02/2017