Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԿՍՎԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ-ԱՇՆԱՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ



Հունիսի 12-ին ազգային բանակում սկսվեց այս տարվա երկրորդ՝ ամառային-աշնանային ուսումնական փուլը։ Ավանդաբար զինվորական մասնագիտությունների ուսուցման եւ զորքերի մարտունակության բարձրացման համար նախատեսված այս կարեւոր գործընթացը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով բոլոր զորամասերում սկսվում է տոնական հանդիսությամբ, որին հաջորդում են եռօրյա մարտավարաշարային պարապմունքները։ Նախատեսված միջոցառումները հաջողությամբ կազմակերպելու եւ զորամասերի հրամանատարական կազմերին գործնական օգնություն ցուցաբերելու նպատակով արդեն հունիսի 11-ին զորամասեր էին գործուղվել զինված ուժերի գլխավոր շտաբի կազմավորած հանձնաժողովները։

Գեներալ-մայոր Կամո Քոչունցի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տոնական հանդիսությունը համատեղ էին կազմակերպել գնդապետներ Ս. Գրիգորյանի, Գ. Խաչատրյանի մոտոհրաձգային, ինչպես նաեւ զորամիավորման անմիջական ենթակայությամբ գործող զորամասերը։

Նախաճաշից անմիջապես հետո՝ 8։10 րոպեին, հանդիսավոր տողանի կանգնած զորամասերի պահակախմբերը շարահրապարակ բերեցին մարտական դրոշները։

Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը ողջունեց եւ շնորհավորեց զորամասերի անձնակազմերին ուսումնական փուլի մեկնարկի առթիվ։ Ի պատասխան անձնակազմերը հնչեցրին հաղթական «հուռա»-ն եւ կատարեցին հանրապետության օրհներգը։ Այնուհետեւ գեներալ-լեյտենանտ Մ. Գրիգորյանը ներկայացրեց ուսումնական փուլի կարեւոր խնդիրները, կոչ արեց ուսումնական գործընթացն սկսել ու շարունակել ուրախ տրամադրությամբ, հանրապետության անկախության քսանամյակին ընդառաջ դրսեւորել մարտական պատրաստության առավել բարձր արդյունքներ։

Ողջունելով եւ շնորհավորելով զորամասերի սպաներին, ենթասպաներին, սերժանտներին եւ շարքայիններին՝ զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Կամո Քոչունցը կարեւորեց յուրաքանչյուր զինվորի, զինծառայողի տեղը, դերն ու նշանակությունը ստորաբաժանումների եւ զորամասերի մարտունակության կատարելագործման ասպարեզում։ Անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ նկրտումներին՝ բանախոսը կոչ արեց սովորել, աշխատել կրկնապատկված եռանդով, մշտապես պատրաստ լինել հայրենիքի պաշտպանությանը։

♦♦♦

Գնդապետ Գ. Խաչատրյանը, ելույթ ունենալով, անդրադարձավ մեր պատմության բախտորոշ ու հերոսական ժամանակաշրջաններին, կարեւորեց զինվորի, բանակի դերը ազգային արժեքների պահպանման սուրբ գործում։ Շնորհավորելով զինվորներին եւ սպաներին նոր ուսումնական փուլի առթիվ՝ գնդապետը վերադաս հրամանատարությանը հավաստիացրեց, որ ամեն ինչ կարվի կարճ ժամանակահատվածում երիտասարդ զինվորներով համալրված ստորաբաժանումների եւ զորամասերի ամբողջական մարտունակությունը պատշաճ մակարդակի բարձրացնելու եւ հնարավոր մարտական խնդիրների կատարմանը պատրաստ լինելու համար։

Տոնական միտինգն ավարտվեց զորամասերի անձնակազմերի հանդիսավոր երթով, որից հետո տեղի ունեցավ շարային ստուգատես։

Վաշտերի հրամանատարներին առաջադրանք տրվեց դասակների եւ վաշտերի կազմերով անցկացնելու մարտավարաշարային պարապմունքներ «գործողությունները ռազմական տագնապով վերկացի ժամանակ» թեմայով։ Պարապմունքների հսկողությունը դրվեց գումարտակների հրամանատարների վրա։

♦♦♦

-Ստորաբաժանումների երթը մարտական դրոշներով շատ տպավորիչ էր, երեւում է՝ զորամասերը մարտական կարեւոր առաջադրանք կատարելուն զուգահեռ լավ են նախապատրաստվել նոր ուսումնական տարվան։ Ես լիահույս եմ, որ մարտավարաշարային պարապմունքներն էլ կանցկացվեն հաջողությամբ, կծառայեն իրենց նպատակին,- ասաց պարապմունքներին օժանդակող հանձնաժողովի անդամ գնդապետ Դ. Աղաջանյանը։

-Ես գոհ եմ ձմեռային-գարնանային ուսումնական փուլի ընթացքից եւ արդյունքներից։ Զորամասը հաջողությամբ է կատարում առաջադրանքները։ Ուսումնական փուլի վերջում՝ մայիս ամսին, մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում զորամասի կազմով անցկացրինք մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն՝ խաչաձեւ կրակի կիրառմամբ եւ համոզվեցինք, որ զորամասը մարտունակ է, ի վիճակի կատարելու բարդ ռազմական խնդիրներ։ Ասեմ նաեւ, որ հունիսի 9-ին տեղի ունեցավ նորակոչիկների երդման արարողությունը։ Արդեն նկատել եմ, որ այս զորակոչի ընթացքում մենք բավական լավ համալրում ենք ստացել։ Նորակոչիկների մեջ շատ են բարձրագույն կրթություն ստացած, ուսանող տղաները, որոնք աչքի են ընկնում գիտելիքների հարուստ պաշարով եւ բարձր ֆիզպատրաստվածությամբ։ Նրանք արդեն համալրել են ստորաբաժանումները եւ ոգեւորությամբ ուսումնասիրում են զինվորական մասնագիտության նրբությունները,- ասաց զորամասի հրամանատար գնդապետ Գ. Խաչատրյանը։

♦♦♦

Հայտարարված ընդմիջումն ավարտվեց, եւ դասակներն ու վաշտերը սկսեցին նախատեսված պարապմունքները։

Փոխգնդապետ Ա. Դանիելյանի հրամանատարությամբ գործող գումարտակում վաշտի հրամանատար կապիտան Ժ. Դալիբալթայանն անձնակազմին հանգստի (քնելու) հրաման էր տվել։ Նա դասակի հրամանատարների հետ մեկ անգամ եւս քննարկեց առաջադրանքը եւ ծրագրով առաջնորդվելու հրաման տվեց։

Վաշտի հերթապահ շարքային Նարեկ Մորիկյանն ազդարարեց տագնապով վերկացը։ Ջոկերի հրամանատարներ կրտսեր սերժանտ Գարեգին Մանուկյանը, շարքայիններ Ռազմիկ Վարդանյանը եւ Ներսես Սահակյանը, երկրորդելով տագնապով վերկացը, նոր թափ հաղորդեցին գործողությանը։ 35-40 վայրկյան չանցած` զինվորներն արդեն շարքում էին եւ հընթացս շարունակում էին հարդարել հագուստը։ Ընդունելով ջոկերի հրամանատարների զեկույցները, դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Ա. Երիցյանը առաջին ջոկին հրամայեց զինարանից զենք ստանալ, երկրորդ ջոկին՝ ստանալ ուսապարկերը, իսկ երրորդին՝ անկողիններն ու պահարանները նախապատրաստել հնարավոր տեղափոխման։ Ջոկերը հերթականությամբ կատարելով առաջադրանքները, արագ-արագ դուրս եկան զորանոցից եւ շարվեցին շարահրապարակում։ Գրեթե նույն պահին, նույն սպառազինությամբ բոլոր զորանոցներից սկսեցին շարահրապարակ դուրս գալ մյուս գումարտակների ստորաբաժանումները։ Զինվորները, առանձին-առանձին, երկուսով կամ չորս հոգով իրենց հետ շարահրապարակ էին բերում հրամանատարական, ինչպես նաեւ զինամթերքի ծանր արկղերը։ Նրանց ցուցաբերած ջանասիրությունը պարզապես գովեստի էր արժանի։ Ճիշտ է՝ գործողության ընթացքում որոշակի իրարանցում էր նկատվում, բայց այդ պահին կարեւորը այն ջանքն ու նվիրվածությունն էին, որ ցուցաբերում էին տղաները՝ ձգտելով առաջադրանքը կատարել տրված ժամանակում։

Կարճատեւ դադարի պահին զրուցեցինք կրտսեր սերժանտ Գարեգին Մանուկյանի ջոկի փորձառու եւ երիտասարդ զինվորների հետ։

-Ես աշնանը զորացրվելու եմ, Մարտունուց եմ, սովորում եմ Գավառի պետական համալսարանում, զորակոչվել եմ ուսումնական զորամաս, այնտեղից էլ տեղափոխվել եմ այստեղ։ Վերջին զորավարժության ժամանակ ջոկը բարձր արդյունքներ ապահովեց, ափսոս, շատերը զորացրվեցին, շատ լավ զինվորներ էին,- ասաց սերժանտը։

Շարքայիններ Դավիթ Քալանթարյանը, Անդրանիկ Փինաչյանը, Մխիթար Գալստյանը, Նարեկ Մնացականյանը եւ Արթուր Մկրտչյանը նշեցին, որ բանակ են զորակոչվել 2010թ. աշնանը, եւ դեռ ծառայության մեծ մասն առջեւում է։ Նրանք նույնպես մայիս ամսին տեղի ունեցած զորավարժության մասնակիցներ են։ Նորակոչիկներ են շարքայիններ Աշոտ Սուքիասյանը, Վահե Գրիգորյանը եւ Դավիթ Պողոսյանը։

-Ես Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող եմ, զորամասում ինձ շատ լավ եմ զգում, փորձառու զինվորներն օգնում են, որ դժվարություններ քիչ ունենանք։ Բոլորից գոհ ու շնորհակալ եմ,- ասաց Աշոտը։

-Ավարտել եմ հայկական պետական ճարտարագիտական համալսարանը։ Չեմ դժգոհում, որ չզորակոչվեցի ուսումնական զորամաս, այստեղ ամեն ինչ շատ լավ է,- ավելացրեց Վահեն։

Վաշտի նորակոչիկներից զրուցեցինք նաեւ շարքային Սասուն Անտոնյանի հետ.

-Արդեն հիսուն օր ծառայության մեջ եմ։ Նորատուս գյուղից եմ, սովորել եմ գյուղի N 1 դպրոցում, հետո ընդունվել եմ մեր, այսինքն՝ Գավառի պետական համալսարան։ Այժմ ավագ հրաձիգ եմ։ Ասեմ, որ զորամասը շատ կազմակերպված է, չէի սպասում, որ բանակում ամեն ինչ այսքան բարձր հիմքերի վրա կլինի։

-Եթե շարքային Անտոնյանը եւս երկու-երեք ամիս այսպես լավ ծառայի, մենք նրան կնշանակենք ջոկի հրամանատար,- ասաց գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը։

♦♦♦

Հունիսի 13-ին պարապմունքները շարունակվեցին գումարտակների կազմերով, իսկ 14-ին արդեն՝ ամբողջ զորամասի կազմով։ Այդ օրը զորամասը դուրս եկավ նստեցման շրջան։ Միաժամանակ, զորամասի հրամանատարի հրավիրած վարչակազմի խորհրդակցության ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին զորահավաքային խնդիրները։

Հունիսի 15-ին մարտավարաշարային պարապմունքները կշարունակվեն այն զինծառայողների համար, որոնք այս ընթացքում ազատված են եղել շարային պարապմունքներից կամ վերակարգում գտնվելու պատճառով անհրաժեշտ կերպով չեն մասնակցել վարժություններին, իսկ հունիսի 18-ից կսկսվեն ուսումնական փուլի ծրագրով նախատեսված տեսական եւ գործնական պարապմունքները։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #27 (892) 13.07.2011 – 20.07.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


20/07/2011