ՀԱՅ ԴՅՈՒՑԱԶՈՒՆԸ՝ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Սերժանտ Գրիգոր Թադեւոսյանը ՀՀ խաղաղապահ բրիգադի պայմանագրային զինծառայող է: Ֆիզիկական գերազանց տվյալներ ունեցող երիտասարդը ռեկորդներ է սահմանել պտտաձողից կախված ձգումներ կատարելու վարժությունից եւ երկու անգամ գրանցվել հայկական «Դյուցազնագրքում»: Այս վարժությամբ գերազանցել է նաեւ Գինեսի գրքի վերջին ռեկորդը: Շուտով հայտ կներկայացնի Գինեսի ռեկորդների հանձնախմբին իր նոր՝ այս անգամ արդեն համաշխարհային ռեկորդը ներկայացնելու համար: Ասում է, որ Խաղաղապահ բրիգադ ընդգրկվելու համար ամենակարեւոր չափորոշիչներից մեկը ֆիզիկական պատրաստվածությունն է, հատկապես՝ պտտաձողի վրա ձգումներ կատարելը, ինչը մարդու դիմացկունության մասին է վկայում:
Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Վահան Ծատինյանի սենյակում ենք: Մինչև Գրիգորի ներկայանալը փոխգնդապետը հպարտությամբ ու սիրով է խոսում նրա մասին.
-Հիշում եմ՝ 2007 թ.-ին ոնց էինք շունչներս պահած հետևում, թե ինչպես է Գրիգորը 36 անգամ հեշտ ու հանգիստ ձգվում պտտաձողի վրա: Մտածում էինք՝ ո՞վ է այս երիտասարդը: Իր համառության և աշխատասիրության շնորհիվ նա նորանոր հաղթանակներ գրանցեց: Տեսնենք, թե մինչև ո՞ւր կհասնի: Թեև եղածն էլ արդեն իսկ մեծ ձեռքբերում է:
Քիչ անց սենյակ է մտնում կապուտաչյա, հաղթանդամ երիտասարդը՝ սերժանտ Թադևոսյանը: Ներքուստ զգում եմ՝ սերժանտն առանձնապես տրամադրված չէ իր մասին խոսելու… Սակայն րոպեներ անց կարծես հունի է ընկնում և սկսում է մեկը մյուսից հետաքրքիր բաներ պատմել իր սահմանած ռեկորդների, խաղաղապահի դժվարին եւ պատվաբեր ծառայության մասին:
-Ճիշտ է, դեռ փոքրուց զբաղվել եմ սպորտով, մասնավորապես՝ կարատեով,- ասում է Գրիգորը,- բայց այս վերջին ռեկորդն ինձ համար սկզբունքային հարց էր: Երբ մի անգամ ըներներիս հետ զրուցելիս խոսք եղավ Գինեսի գրքում գրանցված նոր ռեկորդից (պտտաձողի վրա 1 րոպեում 52 ձգում), ասացի՝ «ես հաստատ ավելի շատ կարող եմ ձգվել»: Այն ժամանակ արդեն 40 անգամ ձգվում էի: Դե որ ասել էի՝ էլ ո՞նց կարող էի խոսքիս տերը չլինել: Սկսեցի մարզվել: Երկար քրտնաջան աշխատանքից հետո հասա րոպեում 57 ձգում արդյունքի: Այդ ժամանակ էլ իմացա, որ Գինեսի ռեկորդը ոչ թե 52, այլ 62 ձգում է: Շարունակեցի մարզվել: Ու հաղթահարեցի սահմանված ռեկորդի շեմը: Հետագայում արդեն հայկական «Դյուցազնագրքում» երկու ռեկորդ սահմանեցի. առաջինը՝ 99 ձգում երեք րոպեում, իսկ երկրորդը՝ այս վերջին նվաճումս, 68 ձգում էր մեկ րոպեում: Տվյալ արդյունքով էլ գերազանցեցի Գինեսի գրքի ռեկորդը: «Ինքս իմ նկատմամբ տարած այս հաղթանակը» առանձնահատուկ նշանակություն ուներ. հունվարի 27-ին այն նվիրեցի մեր բանակի 25-ամյակին:
Մտադրվել եմ մեկ ամսից գերազանցել նաեւ այս վերջին ռեկորդս: Կնկարահանենք ինչպես կարգն է՝ ամրագրելով ժամանակը, որպեսզի հստակ ցույց տանք պտտաձողին հասնելու ընթացքը: Պրոֆեսիոնալ նկարահանման շնորհիվ կասկած չի լինի, թե տեսագրությունը մոնտաժված է: Սրանք են Գինեսի ռեկորդների գրքում ներգրավվելու հիմնական պայմանները:
Գրիգորը մասնակցել է միջազգային մի քանի խաղաղարար առաքելությունների:
-Խաղաղապահ գործունեության մեջ չկան «թշնամի» կամ «բարեկամ» հասկացություններ: Կան հակամարտող երկրներ կամ կողմեր, ինչն ավելի է բարդացնում գործը: Ինչպես ընդունված է ասել՝ խաղաղապահ առաքելությունը զինվորականի գործ չէ, բայց դա միայն զինվորականը կարող է իրականացնել:
Խաղաղարար առաքելությամբ երկու անգամ եղել եմ Կոսովոյում, երկու անգամ էլ՝ Աֆղանստանում՝ Քունդուզ և Քաբուլ քաղաքներում: Մասնակցել եմ Գերմանիայում ՆԱՏՕ-ի անցկացրած զորավարժությանը, որն ինձ համար մասնագիտական հրաշալի փորձառություն էր: Բազմազգ այս զորավարժությանը 20-ից ավելի պետության ստորաբաժանումներ էին մասնակցում: Մի ամբողջ քաղաք էր ստեղծվել դրա անցկացման համար՝ ոստիկանության, դպրոցի շենքերով, անհրաժեշտ ենթակառուցվածքներով, անգամ՝ գերեզմանատնով: Ըստ սցենարի՝ առանձնացվել էին հակամարտող կողմերը, տեղաբնակներից ընտրվել էին դերակատարներ՝ կանայք, երեխաներ, ուսանողներ: Զորավարժությունը խաղարկվեց մարտական իրավիճակին հնարավորինս մոտ պայմաններում: Միակ տարբերությունն այն էր, որ փամփուշտները մարտական չէին:
Հատկապես հետաքրքիր էին ամբոխի կառավարման վարժանքները, որոնց ընթացքում խաղաղապահ զորքը հակամարտող կողմերի միջև կենդանի պատնեշ է ստեղծում՝ փորձելով կանխել բախումները: Վտանգը երկու կողմից էր, այդ իսկ պատճառով զորքի համախմբվածությունը եւ գործողությունների ներդաշնակումը վճռորոշ նշանակությունն ունեին: Ամբոխը շոշափում է շարքի թույլ տեղը և փորձում ճեղքել մարդկային պատնեշը: Ասեմ, որ մեր՝ հայերիս ստորաբաժանումը հայտնի է իր միասնականությամբ և անկոտրում ոգով: Մեր պահպանությանը հանձնված կետից ոչ ոք չի հաջողացրել ճեղքում կատարել: Պարզապես անիմաստ են համարում մոտենալը: Եթե ուս ուսի, մեջք մեջքի տված ամուր շարք չեղավ, նրանք կտապալեն քեզ, քանի որ, բոլորին է հայտնի, գազազած ամբոխն անկառավարելի է, իսկ դու պետք է համբերատար բաժանես հակամարտող կողմերին, մինչև հարցը լուծում կստանա:
Մեր ստորաբաժանումն իր կարգապահությամբ, վճռականությամբ հաճախ օրինակ է հանդիսանում այլ պետությունների զորախմբերի համար: Նաև դա է ինձ ոգեշնչում նոր բարձունքներ նվաճելու:
Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #07 (1178) 22.02.2017 - 28.02.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում