Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅԼԵՎՍ՝ ՄԻԱՅՆ ԱՐՑԱԽ



ԱՅԼԵՎՍ՝ ՄԻԱՅՆ ԱՐՑԱԽՓետրվարի 20-ին Արցախում անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե՝ կառավարման նախագահական համակարգի անցնելու վերաբերյալ: Արցախի ժողովուրդը կրկին հաստատեց ժողովրդավարության սկզբունքներով ապրելու իր ազատ կամարտահայտման իրավունքը:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 102 757 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է շուրջ 77 տոկոսը:  Ըստ Արցախի Հանրապետության ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների՝ սահամնադրական փոփոխություններին կողմ է քվեարկել  քվեարկության մասնակցած քաղաքացիների 87.6 տոկոսը:

Հանրաքվեի ընթացքին հետեւել են տեղական, ինչպես նաեւ միջազգային դիտորդական խմբեր: Լատվիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից, Սլովակիայից, Բելգիայից եւ Բոլիվիայից ժամանած պատվիրակությունների կազմում էին իրավագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:

Կառավարման նոր՝ նախագահական համակարգի հիմնական դրույթներն են.

* Հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է: Նա ընտրվում է համընդհանուր, ուղղակի ընտրություններով: Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում այդ պաշտոնը (գործող նախագահի լիազորությունների ավարտին մնացած ժամանակով) ստանձնում է Ազգային ժողովի նախագահը:

* Հանրապետության նախագահն իրավունք ունի լուծարելու Ազգային ժողովը: Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ իրավունք ունի անվստահություն հայտնելու հանրապետության նախագահին: Երկու դեպքում էլ տեղի են ունենում հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:

* Հանրապետության նախագահի պաշտոնում կարող են առաջադրվել միայն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների առաջադրած թեկնածուները: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել նախագահ:

* Հանրապետության նախագահը նշանակում եւ ազատում է նախարարներին: Ունի օրենսդրական վետոյի իրավունք, որը կարող է հաղթահարվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

* Ազգային ժողովն իրավունք ունի ձայների 2/3-ով, Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պաշտոնանկ անելու հանրապետության նախագահին՝ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:

Բայց սահմանադրական փոփոխությունների թերեւս կարեւորագույն դրույթն այն է, որ հանրապետությունն այսուհետ կոչվելու է «Արցախի հանրապետություն» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխարեն:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #07 (1178) 22.02.2017 - 28.02.2017, Ռազմական


22/02/2017