Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այցելել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ), հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Պաշտպանության նախարարը ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի և ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, գնդապետ Սամվել Գալստյանի ուղեկցությամբ շրջել է ռազմաբժշկական ֆակուլտետում, ծանոթացել ուսումնական գործընթացին, զրուցել ֆակուլտետի կուրսանտների` ապագա ռազմական բժիշկների հետ:

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դահլիճում գտնվող ապրիլյան մարտական գործողությունների մասնակից նախկին զինծառայողներին ցուցաբերած հայրենասիրության և հերոսության համար: «Մեր մեջ ընդունված է հերոսներին փնտրել այլուր: Հերոսներն իրականում մեր մեջ են, հերոսներն այն մարդիկ են, ովքեր ամենավճռական պահին, երբ տատանվելը, մտահոգվելը կարող է թվալ բնական, ապացուցում են, որ երկմտելու ժամանակ չկա»,-նշել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ եթե տղաները կրկին փորձության առջև կանգնեն, կդրսևորեն նույն խիզախությունը, ինչ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ:

Այցի շրջանակում Վիգեն Սարգսյանը եղել է նաև Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում, ծանոթացել բժշկական հաստատությունում զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի ստեղծման աշխատանքներին:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


24/02/2017