Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱՐԱՆ՝ ԸՆԴԴԵՄ ԱԹԵՆՔԻ ԵՎ ՆԱՏՕ-Ի



ԱՆԿԱՐԱՆ՝ ԸՆԴԴԵՄ ԱԹԵՆՔԻ ԵՎ ՆԱՏՕ-ԻԹուրքիան փորձում է մեծացնել իր դերակատարությունը Հարավարեւելյան Եվրոպայում: Բալկանյան երկրների մի մասն արդեն ՆԱՏՕ-ի անդամ է կամ թեկնածու, սակայն դա չի խանգարում Թուրքիային պարբերաբար բարձրացնելու Էգեյան ծովի այս կամ այն կղզու պատկանելության հարցը, նույնիսկ սպառնալու Հունաստանին ռազմական գործողություններով:

Թուրքիայում կարծում են, որ Էգեյան ծովի կղզիները Հունաստանին տրվել են դավադրության արդունքում, եւ պետք է «վերականգնել պատմական արդարությունը»: Իսկ իրականում Սեւրի պայմանագրով Հունաստանին պետք է անցներ Էգեյան ծովի ողջ արեւելյան ափը, ինչը տեղի չունեցավ հենց թուրքական դիվանագիտության բանսարկությունների եւ սպառնալիքի պատճառով: Ճիշտ է, հունական բանակը պարտություն էր կրել 1919-1922թթ. թուրք-հունական պատերազմում, այնուամենայնիվ, պնդել, թե կղզիները ապօրինաբար են տրվել Հունաստանին, թուրքական հերթական զեղծարարությունն է:

Դեռ անցած տարվա աշնանը Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ պետք է վերանայել 1923 թվականի Լոզանի պայմանագիրը, որով նա հավակնություններ էր ներկայացնում ոչ միայն Էգեյան ծովի կղզիների, այլ նաեւ հունական Թրակիայի նկատմամբ: Այս հայտարարությունը սուր արձագանք գտավ Աթենքում: Հույներն սպառնացին միջազգային հանրությունից պահանջել ի կատար ածելու 1920թ. Սեւրի պայմանագրի բոլոր կետերը: Այնինչ, դիվանագիտական հերթական աղմուկից եւ փոխադարձ մեղադրանքներից բացի, արտառոց ոչինչ տեղի չունեցավ:

Թուրքական իշխանությունների գնահատմամբ՝ հնարավոր պատերազմի դեպքում Աթենքը չի կարողանա դիմակայել թուրքական բանակի հարձակմանը, եթե չլինի ՆԱՏՕ-ի միջամտությունը: Արտաքին վտանգի պատրաստ չէ նաեւ հույն հասարակությունը, տվյալ պահին առավել կարեւոր են ներքին խնդիրները՝ տարեցտարի բարդացող սոցիալ-տնտեսական վիճակը, հազարավոր փախստականների ներհոսքը Մերձավոր Արեւելքից: Հենց այդ պատճառով էլ Հունաստանը, ի տարբերություն Կիպրոսի, չի խոչընդոտում Թուրքիայի եվրաինտեգրմանը՝ հույս ունենալով, որ Անկարան կգնահատի նման պահվածքը:

Էգեյան ծովի որոշ կղզիների պատկանելության հարցը միջազգային օրակարգ վերադարձել է 1980-ականներին: 1987 եւ 1996 թվականներին Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ ռազմական գործողություններ չսկսվեցին միայն ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի ջանքերի շնորհիվ: Այժմ էլ Հունաստանը ձգտում է ապառազմականացնել երկու երկրների սահմանը, մինչդեռ Թուրքիան պարբերաբար խախտում է հունական ծովային սահմանը՝ մատնանշելով միջազգային մի շարք պայմանագրեր եւ երկու պետությունների՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելու փաստը:

Թուրքիան չափում է եւ՛ Հունաստանի, եւ՛  Հյուսիսատլանտյան դաշինքի համբերությունը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն օրեր առաջ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել հետ քաշելու իրենց ուժերը Էգեյան ծովի տարածքից: 2016թ. փետրվարից ՆԱՏՕ-ն ռազմածովային ուժերի օպերատիվ խումբ է ուղարկել Էգեյան ծովի շրջան՝ սիրիացի եւ իրաքցի անօրինական ներգաղթյալների հոսքը վերահսկելու նպատակով: Եվ ահա Թուրքիայի արտգործնախարարը պնդում է, որ այդ ուժերը ետ քաշելու ժամանակն է, որ ՆԱՏՕ-ի «Էգեյան առաքելությունը» կորցրել է իր արդյունավետությունը: Ըստ Չավուշօղլուի՝ այդ ընթացքում Էգեյան ծովով դեպի Եվրոպա ներգաղթյալների անօրինական անցման դեպքերի 90 տոկոսը կանխել են Թուրքիայի ռազմածովային ուժերը:

Իսկ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը ասել է, որ «թուրքերը ոտք չեն դնի հունական կղզիներ», եւ Թուրքիան պատասխան կստանա նոր սադրանքների դեպքում: Նրա խոսքով՝ Հունաստանի ներկայիս կառավարությունը զգալիորեն տարբերվում է 1996թ. կառավարությունից, եւ իրենք չեն նահանջի:

Թուրքիայի նման ագրեսիվ պահվածքը ուժի ցուցադրում է եւ Բալկաններում դերակատարությունը մեծացնելու փորձ: Անկարային թերեւս կաշկանդում են Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրերը, ինչպես նաեւ՝ եվրոպական հանրության բացասական կարծիքի ձեւավորումը:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #08 (1179) 01.03.2017 - 07.03.2017, Տարածաշրջան


01/03/2017