Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ» ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԻ ՆՈՐԱՄՈՒԾԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐ



«ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ» ՈՐՊԵՍ ԱՐԴԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

«ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ» ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԻ ՆՈՐԱՄՈՒԾԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԱրդի դարաշրջանում ավանդական ազգային պետությունների զինված ուժերը «ոչ լիովին են համապատասխանում նրանց կարիքներին»: Գոյություն ունի «ավելի կարևոր տեսակների ուժային ազդեցություն»` պայմանավորված, օրինակ, ուժեղ պետական հաստատությունների ստեղծմամբ: Ներկայումս «պետութենաշինության արվեստը ազգային հզորության ապահովման առանցքային բաղադրիչն է», առնվազն նույնքան կարևոր, որքան «ավանդական ռազմական հզորությունն է»: Ըստ այդմ՝ արդի պատերազմներում հարվածներ են հասցվում ոչ միայն ԶՈՒ-ին և տնտեսությանը, այլև պետական կառավարման համակարգին, հասարակական գիտակցությանը, բարոյականությանը: Զինված պայքարը մղվում է ոչ միայն ավանդական պատերազմի ձևով` ռազմական ուժի գործադրմամբ, այլև ֆինանսական, դիվանագիտական, հոգեբանական, տեղեկատվական, կիբեռ և այլ ոլորտներում` բոլոր հնարավոր միջոցների կիրառմամբ: Ակնհայտ է, որ ազգային պետության դեմ մղվող այդպիսի պատերազմներում թիրախ է դառնում ամբողջ ազգը:

Այս իմաստով արդի դարաշրջանի պատերազմները «տոտալ»` «համընդհանուր», պատերազմներ են, որոնց ազդեցությունից զերծ չի մնում հասարակական կյանքի և ոչ մի ոլորտ: Դրանք սկզբունքորեն տարբերվում են 1940-ական թվականների սկզբին ֆաշիստական Գերմանիայի ղեկավարների հռչակած «համընդհանուր պատերազմից», որի էությունն այն էր, որ պետության բնակչության այն մասը, որն ունակ էր զենք վերցնելու, մեկնում էր ճակատ, իսկ մյուսները կանգնում էին հաստոցների մոտ, որպեսզի արտադրեն միայն այն, ինչ անհրաժեշտ է ռազմաճակատին: Եվ քանի որ ամբողջ ժողովուրդը աշխատում էր ռազմաճակատի համար, ուստի համարվում էր օրինական թիրախ ու ենթարկվում զանգվածային ռմբակոծությունների:

«Ավանդական համընդհանուր պատերազմի» իդեալական զինվորը ֆիզիկապես առողջ, ուժեղ երիտասարդն է, իսկ մյուսները «կիսազինվոր» են: Ի տարբերություն դրանից, այսօրվա համընդհանուր պատերազմի զինվոր կարող է լինել յուրաքանչյուր ոք, որին հասանելի է հակառակորդի վրա ազդելու որևէ միջոց, կամ որի վրա կարող է ազդել հակառակորդը:

Ամերիկացի սոցիոլոգ Է. Թոֆլերի տեսության մեջ 20-րդ դարի «ավանդական համընդհանուր պատերազմները» համապատասխանում են Երկրորդ ալիքի (արդյունաբերական հասարակության) պատերազմներին, իսկ ներկայիս համընդհանուր պատերազմները` Երրորդ ալիքի (տեղեկատվական հասարակության) պատերազմներին, ընդսմին ակնհայտ է, որ տեղեկատվական հասարակության մեջ կարևորվում են մարդու ոչ այնքան ֆիզիկական, որքան մտավոր ունակությունները, տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու և տեխնիկան կառավարելու ունակությունները:

Ավանդական համընդհանուր պատերազմներում, որպես կանոն, հնարավոր էր տարբերակել «ռազմաճակատն» ու «թիկունքը», «կոմբատանտներին» ու «ոչ կոմբատանտներին», «մոբիլիզացման ժամանակաշրջանն» ու «վերականգնման ու խաղաղ շինարարության ժամանակաշրջանը»: Այսօր դրանց միջև սահմանները վերանում են կամ դառնում խիստ պայմանական:

Եթե ավանդական զինված հակամարտություններում ազգային պետությունները պատերազմում էին ազգային պետությունների դեմ, ապա ոչ ավանդական հակամարտություններում ազգային պետության հակառակորդ կարող են լինել նաև ոչ պետական կազմավորումները: Եթե ավանդական պատերազմներում ընդհանուր առմամբ գործում են մարդասիրական իրավունքով ամրագրված պատերազմի օրենքները, ապա ոչ ավանդական պատերազմներում դրանց պահպանումն ավելի շատ բացառություն է, քան օրինաչափություն: Եթե ավանդական պատերազմներում դիմակայության հիմնական ասպարեզը «ֆիզիկական» մարտադաշտն է, ապա ոչ ավանդական պատերազմներում` տեղեկատվական-հոգեբանական գործողությունների դաշտը: Եթե նախորդ սերունդների պատերազմներում ընդհանուր հզորությունը հավասար էր սպառազինության ու ռազմական տեխնիկայի միավորների հզորությունների գումարին, ապա ներկայումս, երբ դրանք ներառված են միասնական թվային տեղեկութային ցանցի մեջ, հավաքական հզորությունն էապես գերազանցում է հզորությունների գումարը: Այսինքն` եթե ավանդական պատերազմներում հաղթանակը ձեռք է բերվում հիմնականում զինվորականների և քաղաքացիական իշխանությունների ջանքերով, ապա ոչ ավանդական պատերազմներում` «ամբողջ ազգի համադասված ջանքերով», քանի որ «ժամանակակից պատերազմն իր մեջ ներքաշում է ամբողջ ազգին` յուրաքանչյուրին դարձնելով զինվոր»:

Այսպիսով` արդի դարաշրջանի ոչ ավանդական պատերազմներում  պետությունը կարող է հաղթանակ տանել միայն ամբողջ ազգի համադասված գործողությունների շնորհիվ: Նման գործողությունների ունակ ազգի ստեղծումը հենց «ազգ-բանակ» հայեցակարգի նպատակն է, ուստի կարող ենք եզրակացնել, որ ազգի վերածումը «ազգ-բանակի» պայմանավորված է արդի մարտահրավերների ու սպառնալիքների բնույթով և ներկայիս հրամայականն է:

 

«ԱԶԳ-ԲԱՆԱԿԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրն այնպիսին է, որ նրան կարող է սպառնալ ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական պատերազմների վտանգը: Բավական է նշել միայն 2016 թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած Չորսօրյա պատերազմը (որում որոշ հետազոտողների կարծիքով կային հիբրիդային, այսինքն` ոչ ավանդական, պատերազմի տարրեր), Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում «քաղաքական, կրոնական և կրոնադավանական պայքարի սրումը, այդ թվում` Իրաքում, Սիրիայում, Եմենում և Լիբիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմները, Իրաքի և Սիրիայի որոշ տարածքներում իր բնույթով ահաբեկչական «Իրաքի և Լևանտի Իսլամական Պետության» ստեղծումը, թուրք-քրդական դիմակայության, սուննի-շիա և սուննիների միջավայրում հակասությունների սրումը» և այլն: Ուստի ՀՀ ազգային անվտանգության քաղաքականությունը, Իսրայելի փորձի հաշվառմամբ, պետք է խարսխվի երկու գործոնների վերաբերյալ համապարփակ ազգային համաձայնության վրա. առաջինը հայերի նկատմամբ ցեղասպանության իրագործման բացառումն է, երկրորդը` հայ ժողովրդի ու պետականության գոյության դեմ ուղղված սպառնալիքներին դիմակայելու համար բոլոր հայերի համազգային համախմբման անհրաժեշտության գիտակցումը:

Հետևաբար` օրվա հրամայականն է` նշված մարտահրավերներին դիմակայելու համար հայ ժողովրդի վերածումը «ազգ-բանակի»: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով` «մենք չենք կարող ընտրել կամ չընտրել «ազգ-բանակի» հայեցակարգը: Մենք միայն կարող ենք որդեգրել այն հենց այսօր և նորովի տեսլականով»:

«Ազգ-բանակի» հայկական տեսլականի հիմքում դրված արժեքային համակարգի հետ համընկնում է «երկրապահ» հասկացության (որն առաջացել է Արցախյան պատերազմում հայկական աշխարհազորայինների անվանումից) մեջ ամփոփված այն արժեքային համակարգը, որը 1990-ական թվականների վերջին – 2000-ական թվականների սկզբին մշակել են մի խումբ ճանաչված հայ մտավորականներ` արձակագիր, հրապարակախոս, խմբագիր, զինվորական Վրեժ Իսրայելյանի ղեկավարությամբ*: Մեր կարծիքով, այդ արժեքային համակարգը կարելի է օգտագործել հայկական «ազգ-բանակի» կայացման գաղափարադաստիարակչական ապահովման խնդիրների լուծման համար**:

Շարունակելի

 

* Այդ մտավորականներից են` բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը, գրողներ Գրիգոր Ջանիկյանը, Նորայր Ենգիբարյանը, Հակոբ Հակոբյանը: Հոդվածի հեղինակը նույնպես բախտ է ունեցել նշված ժամանակահատվածում աշխատելու Վ. Իսրայելյանի ղեկավարությամբ` թղթակցելով «Հայ զինվոր» և «Երկրապահ» թերթերին:

** Այդ արժեքային համակարգի հիմքում ընկած են հետևյալ մտքերը.  ա) երկրապահը «երկիր պահող, այսինքն` հող, ազգ ու պատիվ պահող, այն հայն է, որ զենքն առած մարտի է նետվում ոչ երբեք զորակոչով կամ ինչ-որ մեկի հորդորով», այլ` հայրենիքի կանչով. «նա բնազդով է զգում իր երկրին սպառնացող վտանգը», բ) «երկրապահը հասարակության բոլոր խավերից ոգեկոչված անհատների միասնությունն է. նա զինվոր է, քաղաքագետ է, արվեստագետ է և գիտնական, գործազուրկ է և գործատեր, ուսյալ է և անգրագետ, աղքատ է և հարուստ, նա սերում է բոլոր հայերի ընտանիքներից»: Երկրապահը միայն առաջին Արցախյան պատերազմի վետերանը չէ (հիշյալ մտավորականներն ընդլայնել են այդ հասկացության իմաստը). երկրապահ է հայրենիքի պաշտպանության համար նշանակալի ավանդ ներդրելու ձգտում ունեցող և այն իրագործող յուրաքանչյուր ոք:

«Երկրապահ» հասկացությունը ենթադրում է գաղափարներ, որոնց արդյունավետ տարածման նպատակով հիշյալ մտավորականներն ստեղծել են նաև ասույթներ (աֆորիզմներ), որոնք կարելի է օգտագործել «ազգ-բանակ» գաղափարի քարոզչության համար. «Ամենակատարյալ գաղափարախոսությունը ազատագրված հողն է», «Երկրապահը կռվում է զենքով, հաղթում է ոգով, սրբանում է արյամբ», «Երկրապահը նա է, ով տալիս է ամեն ինչ և չի ակնկալում ոչինչ», «Հողը` հայրենիք, երկիրը` տուն, ազգը` երկրապահ», «Միայն ժողովրդի կողմից պաշտպանվող հայրենիքն է անպարտելի», «Հաղթում է նա, ով հավատում է», «Երկրապահը կոչում չէ, ճակատագիր է», «Երկրապահը մեր անունը չէ, արյունն է», «Հայրենիք բառը մենք արյունով գրեցինք, դուք կարդացեք հոգով», «Բանակը ճանապարհ է դեպի հայրենիք» և այլն (տես «Երկրապահ», Երկրապահ կամավորականների միության տարեգիրք: Ե., 2002):

Ա. ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի գիտահրատարակչական կենտրոնի պետի-գլխավոր խմբագրի տեղակալ

գնդապետ

Խորագիր՝ #08 (1179) 01.03.2017 - 07.03.2017, Ռազմական


01/03/2017