ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
«Հայ զինվորի» խմբագրությունը հանրապետության տարբեր մարզերից եւ արտերկրից բազմաթիվ նամակներ է ստանում` հասցեագրված հայ զինվորին: Այս համարում տպագրում ենք Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների նամակները: Աշակերտներն ակնկալում են նամակագրական կապ հաստատել սահմանամերձ զորամասերի զինվորների հետ:
Բարեւ, քաջ զինվոր: Մենք ապրում ենք սահմանին մոտ: Հայրս ու եղբայրս ապրիլյան պատերազմի օրերին եղել են ձեր կողքին: Այդ պատճառով էլ շատ լավ եմ հասկանում ձեր մայրերի ու քույրերի հույզերն ու տագնապները: Երախտագիտության անհուն զգացումով եմ գրում այս տողերը, քանզի դուք եք պահպանում մեր երկրի անդորրը: Սահմանին եղած ձեր ամեն մի օրն ու ժամը տարի է թվում, իսկ մենք հանգիստ ու խաղաղ քնում, արթնանում եւ ապրում ենք: Կապ չունի, թե դուք որ դիրքում եք, հայ զինվորի կոչումն արդեն արժանի է պատվի, հարգանքի եւ գնահատանքի:
Սիրելի զինվոր, թույլ տուր` քեզ եղբայր կոչեմ: Եղբայրս, ես ամեն բացվող առավոտ աղոթում եմ ձեզ համար, աղոթում առ Աստված, որ սահմանից ոչ մի վատ լուր չստանանք: Ես գիտեմ, որ ձեր օրը խաղաղ չի անցնում, բայց նաեւ վստահ եմ` դուք այնքան քաջ եք, որ չեք երկնչում ոչ մի վտանգից, քանզի ձեր երակներով Հայկի զորեղ արյունն է հոսում:
Ձեզ մաղթում եմ խաղաղ ծառայություն, չկորցնեք ձեր զգոնությունը եւ հիշեք` մենք հավատով սպասում ենք ձեր վերադարձին:
Մութ գիշերով կանգնած դիրքում,
Մորս գիրկն էի վազել ուզում,
Երազում էի հորս տեսնել,
Նրա իմաստուն խոսքը լսել:
Կգամ ես տուն, մայր իմ անգին,
Ու կփարվեմ ես քո կրծքին,
Պապ ջան, կլսես ձայնս ուժգին,
Ու կտեսնես` ոնց է փոխվել քո որդին:
Ժենյա Կիրակոսյան
10-րդ դասարան
***
Իմ մեջ արդեն վաղուց անհետացել են վախն ու անվստահությունը, քանի որ իմ յուրաքանչյուր քայլը պաշտպանում ես դու` սահմանին անվեհեր կանգնած իմ սիրելի եղբայր: Ծնողներիդ նման մենք էլ մեծ հպարտությամբ ենք խոսում քո մասին: Թանկագին եղբայր, քեզ ցանկանում եմ քաջառողջություն եւ հաջողություն քո հետագա ողջ կյանքի ընթացքում:
Աիդա Աղասյան
9-րդ դասարան
***
Բարեւ, զինվո՛ր եղբայր: Չեմ ուզում շնորհակալության խոսքեր ասել, քանզի հայրենիքին ծառայելը բոլորիս սրբազան պարտքն է: Երկու տարուց ես էլ կգամ ու կփոխարինեմ քեզ: Գիտեմ, որ շուտով սահմանին կանգնած մի քաջ զինվորի` Արտյոմ Մնացականյանի ծննդյան օրն է, լրանում է նրա 19-ամյակը: Սիրելի՛ Արտյոմ, բանաստեղծությունս սրտանց նվիրում եմ քեզ:
Սիրում եմ քեզ, իմ հայ զինվոր,
Դու իմ պաշտպան ու հենարան`
Միշտ քաջարի, տոկուն կամքով
Օր ու գիշեր մեզ պահապան:
Սահմանը մեր հայրենիքի
Հսկում ես դու արթուն կանգնած`
Դու քառօրյա պատերազմում
Պատվով կռված, հաղթանակած:
Շատ քիչ մնաց, երկու տարուց ես էլ կգամ,
Որ քեզ նման զինվոր դառնամ,
Օր ու գիշեր արթուն կանգնեմ,
Մեր սահմանը լավ հսկեմ:
Էդիկ Ղալեչյան
11-րդ դասարան
***
Բարեւ, իմ հայրենիքի՛ պաշտպան: Ճիշտ է` ես քեզ չեմ ճանաչում, բայց գրում եմ անսահման գորովանքով ու մեծ հպարտությամբ: Խնդրում եմ, միշտ ժպտա, զինվո՛ր, քանի որ քո ժպիտով ողջ հայ ազգն է հպարտանում: Երբեմն ցանկանում եմ գալ, կանգնել կողքիդ եւ քեզ հետ ծառայել, բայց… Միակ բանը, որ կարող եմ անել, ամեն օր քեզ համար աղոթելն է: Իմ օրհնանքը միշտ քեզ հետ կլինի:
Այս փոքրիկ բանաստեղծությունը նվիրում եմ քեզ. սիրելի՛ զինվոր:
Դեռ չլրացած 101 տարին,
Թշնամին կրկին ցցվեց սահմանին,
Որոշեց էլի տարածք գրավի,
Կարծում էր` հային ծնկի կբերի:
Բայց ոսոխն անգամ չէր էլ մտածում,
Թե ի՜նչ տղերք կան հայոց բանակում:
Թամարա Մանվելյան
10-րդ դասարան
Խորագիր՝ #08 (1179) 01.03.2017 - 07.03.2017, Բանակ և հասարակություն