Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄԵրևանի Վարդանանց տոնի կապակցությամբ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը հյուրընկալել էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Պաշտպանության նախարարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի և ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, գնդապետ Սամվել Գալստյանի ուղեկցությամբ շրջել է ռազմաբժշկական ֆակուլտետում, ծանոթացել ուսումնական գործընթացին, զրուցել ֆակուլտետի կուրսանտների` ապագա ռազմական բժիշկների հետ:

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ նախարարը նշել է, որ Վարդանանց տոնը համախմբման, միասնականության և ընդհանուր գաղափարի շուրջ միավորման ազգային խորհրդանիշ է, ինչպես արեցին սուրբ Վարդանը և նրա զինակիցները: Նա նաեւ խորհրդանշական համարեց, որ Վարդանանց տոնը այս տարի համընկել է հասարակության կողմից մինչ օրս սիրված, թեև պաշտոնապես չնշվող, Հայրենիքի պաշտպանի օրվա հետ:

Վիգեն Սարգսյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները. «Երբ մենք խոսում ենք ազգի միասնականության, մեր ընդհանուր խնդիրներին միասին դիմակայելու մասին, ամեն ինչ սկսվում է այսպիսի լսարաններից, դպրոցից, համալսարանից, ընտանիքից»:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դահլիճում ներկա ապրիլյան պատերազմի մասնակից նախկին զինծառայողներին՝ ցուցաբերած հայրենասիրության և հերոսության համար: «Մեր մեջ ընդունված է հերոսներին փնտրել այլուր, մինչդեռ հերոսները, իրականում, մեր մեջ են, հերոսները այն մարդիկ են, ովքեր ամենավճռական պահին, երբ տատանվելը, մտահոգվելը կարող է թվալ բնական, ապացուցում են, որ երկմտելու ժամանակ չկա»: Նախարարը վստահություն է հայտնել, որ եթե տղաները կրկին փորձության առջև կանգնեն, կդրսևորեն նույն խիզախությունը, ինչը եւ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄԸստ նախարարի, «ազգ-բանակ» հայեցակարգը զուտ հերթական նշաձող չէ, այլ՝ ազգային գաղափարախոսության և աշխարհընկալման մի կարեւոր բաղկացուցիչ. «Կարծում եմ՝ ինչպես այստեղ նստած տղաները ապրիլյան դժնդակ օրերին պատվով քննություն բռնեցին, այնպես էլ մեր պետությունը, մեր ժողովուրդը, մեր հասարակությունը, մեր բոլոր կառույցները արժանիորեն հանձնեցին իրենց առջեւ ծառացած շատ ծանր քննությունը»:

Նախարարը կարևորել է ռազմական բժիշկների դերն ու նշանակությունը հայրենիքի պաշտպանության գործում. «Երբ խոսում ենք համախմբվածության մասին, հատուկ պետք է նշենք մեր բժիշկների սխրանքը: Բժիշկը կրկնակի բեռ է կրում մարտի դաշտում, մի կողմից զենք է կրում եւ մյուս կողմից իր մասնագիտական պարտքն է կատարում: Մեր բժիշկները ապացուցել են, որ իրենք «ազգ-բանակ» գաղափարախոսության անմիջական կրողներն են»:

Վիգեն Սարգսյանը հավաստեց, որ պաշտպանության նախարարությունն ամեն ինչ կանի՝ ռազմաբժշկական ոլորտի լավ մասնագետներ կրթելու համար, կաջակցի արտասահմանում մասնագիտական օլիմպիադաներին ուսանողների մասնակցությունն ապահովելու հարցում: «Վստահեցնում եմ, որ կաջակցենք նման արտասահմանյան գործուղումների մեկնողներին, որովհետև հայրենիքի պատիվը ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև առօրյա մասնագիտական գործունեության մեջ պետք է բարձր պահել: Եվ եթե հնարավորություն կլինի միջազգային օլիմպիադաներում ցույց տալու մեր ինտելեկտի ուժը, ես միայն ուրախ կլինեմ և ամեն ինչ կանեմ, որ մասնակցության խնդիր չունենանք», – ասաց նախարարը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄՀարցուպատասխանի ընթացքում բժշկական համալսարանի ուսանողուհիներից մեկը նշեց, որ շատ աղջիկներ ցանկություն ունեն առաջնագծում օգտակար լինելու զինվորներին: Ապա հետաքրքրվեց աղջիկներին զինված ուժերում ընդգրկելու պայմանների մասին: Պաշտպանության նախարարը նշեց, որ այս պահին կանանց պարտադիր զինծառայության մեջ ընդգրկելու անհրաժեշտություն չկա, բայց նրանց մասնակցությունը ՀՀ զինված ուժերի տարբեր ոլորտներում տարեցտարի մեծանում է, մանավանդ, որ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Ուսանողները ցանկություն հայտնեցին ապրիլին ճանաչողական շրջայց կատարելու առաջնագիծ: Նախարարը խոստացավ նրանց խնդրանքը իրականացնել:

«Մենք, իրոք, շահագրգռված ենք, որ մեր հասարակությունն ավելի լավ պատկերացնի ծառայության մանրամասները: Մենք ոչ միայն թաքցնելու բան չունենք, այլև հետամուտ ենք, որ քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ օր օրի ուժեղանա և ամրապնդվի: Իսկ դրա ճանապարհը, իհարկե, հաճախակի շփումներն են: Բանակն ունի շատ գաղտնիքներ, բայց զինվորի կենցաղը, առօրյա ուսումնական գործընթացը, ծառայության պայմանները պետք է տեսանելի և հասկանալի լինեն հասարակությանը: Միայն այդ դեպքում կկարողանանք խորը, գիտակցված քայլ կատարել դեպի համընդհանուր հարգանք զինված ուժերի և սպայական մասնագիտության նկատմամբ»,-ասաց նախարարը:

Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտներից մեկն էլ հետաքրքրվեց՝ «կուրսանտը, որ նվազագույնը առաջին բուժօգնություն կարող է ցույց տալ, հնարավորություն կունենա՞ մեկնելու ռազմաճակատ»: Նախարարը պատասխանեց. «Նույնիսկ ամենակազմակերպված բանակում կամավորական շարժումը և օգտակար լինելու ձգտումը չեն կարող արգելք հանդիսանալ ուժերի ներածին չափով հայրենիքին պիտանի լինելու համար: Բայց վստահ եղեք, մեր զինված ուժերը բավականին ներուժ ունեն»:

♦♦♦

Այցի շրջանակում Վիգեն Սարգսյանը եղել է նաև երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում, ծանոթացել բժշկական հաստատությունում զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի ստեղծման աշխատանքներին:

Նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին, ինչպես նաեւ անդրադարձել շփման գծում տիրող իրավիճակին:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Ավ. լեյտենանտ

Խորագիր՝ #08 (1179) 01.03.2017 - 07.03.2017, Բանակ և հասարակություն


01/03/2017