Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՔՎԻ ՆՈՐ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽՈՂՎԵՑ



ԲԱՔՎԻ ՆՈՐ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽՈՂՎԵՑՎերջին շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում եւ ապատեղեկատվություն տարածում: Ապակողմնորոշելով սեփական ժողովրդին եւ միջազգային հանրությանը՝ ադրբեջանական ղեկավարությունը շարունակաբար խոսում էր «հայկական կողմի հարձակումների» մասին: Մինչդեռ հայկական կողմը պահպանում էր հրադադարի ռեժիմը  եւ շարունակ կոչ անում Ադրբեջանին՝ զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից:

Այդուհանդերձ, փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ժամը 03:00-ից 04:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, օգտագործելով ականազերծող հատուկ տեխնիկա եւ սպառազինության այլ միջոցներ, ձեռնարկել են հարձակման փորձ Արցախի Մարտունի եւ Ակնա բնակավայրերի ուղղությամբ:

Շփման գծի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը գործածել է ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկա եւ, զուգընթաց նռնականետներ ու խոշոր տրամաչափի զինատեսակներ կիրառելով, հարձակում սկսել հայկական դիրքերի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները, տեսադիտարկման սարքերի շնորհիվ հավաստանշելով հակառակորդի տեղաշարժը, դիմել են պատասխան գործողությունների եւ կանխել ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը՝ կորուստներ պատճառելով ետ շպրտել ելման դիրքեր: Հարավարեւելյան ուղղությամբ եւս հայկական կողմի պատասխան գործողությունների ճնշման հետեւանքով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը, կրելով կորուստներ, նահանջել է՝ շփման գծի չեզոք գոտում թողնելով սպանված զինծառայողների դիակներ: Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատարը, հետախույզ ու երկու այլ զինծառայող, որից մեկը՝ սակրավոր:

Փաստերի ճնշման տակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջապես հրապարակել է իր զոհերի անունները՝ Աբդուլլաեւ Ագշին Իսմայիլ օղլու, Նազարով Շահլար Յասար օղլու, Հաշիմլի Թուրալ Աբդուլ օղլու, Ղադիմով Զյուլֆյու Ռահիմ օղլու, Ջաֆարով Զաքիր Նազիմ օղլու:

Պաշտոնական Բաքուն կրկին խեղաթյուրել է փաստերը եւ հայտարարել, թե իբր հայկական զինված ստորաբաժանումներն են փորձել բարելավել դիրքերը եւ հայ-ադրբեջանական շփման գծի Խոջավենդ-Ֆիզուլի ուղղությամբ ձեռնարկել են հարձակում՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի: Իրենք էլ զոհեր տվել են պաշտպանվելիս: Այնինչ Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը ներկայացրել է գիշերվա ընթացքում հակառակորդի ձեռնարկած հարձակողական գործողությունների մասին վկայող տեսագրությունները, որոնցից մեկում պարզ երեւում են միջդիրքային չեզոք գոտում եւ հայկական խրամատների մոտ ադրբեջանցիների թողած դիակները:

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդները փետրվարի 25-ին հրավիրվել են ՀՀ պաշտպանության նախարարություն: Նրանց ներկայացվել է փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձերի, դրանց կասեցման ու հակառակորդի կրած կարուստների, ինչպես նաեւ առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն: Հայկական կողմը հույս է հայտնել, որ  Ադրբեջանը զերծ կմնա իրավիճակի հետագա լարումից: Նշվել է նաեւ, որ կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հակառակորդի հնարավոր նոր արկածախնդրությունը զսպելու համար:

Ադրբեջանական կողմը շարունակել է ապակայունացնել իրավիճակը սահմանին նաեւ հաջորդ օրը՝ այս անգամ արդեն կրակոցներ արձակելով ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի արոտավայրերի ուղղությամբ:

Ավելին, ադրբեջանցիները լրատվամիջոցներով տեղեկատվություն են տարածել, թե իրենց հաջողվել է ոչնչացնել հայկական զինուժին պատկանող երկարաժամկետ կրակակետ եւ անօդաչու թռչող սարք։ Այս ապատեղեկատվությունը հայկական կողմը հերքել է՝ անվանելով այն «հերթական չհաջողված քարոզչական հնարք»:

Եվս մեկ «հնարքի» հակառակորդը դիմել է իրենց դիակները տարհանելու գործողության ժամանակ: Փետրվարի 25-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ հակամարտ կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փետրվարի 26-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի էր ունեցել չեզոք գոտում մնացած ադրբեջանցի դիվերսանտների դիակների դուրսբերումը, որին սկզբում ադրբեջանական կողմը հակառակել էր այն պատճառաբանությամբ, թե արցախյան կողմը խոչընդոտում է գործընթացին՝ նոր պահանջներ առաջ քաշելով: Սակայն իրականում հենց ադրբեջանցիներն են խախտել բանակցությունների ընթացքում ձեռքբերված նախնական պայմանավորվածությունը: Լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում դիակների տարհանումն իրականացվել էր այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել էր արցախյան կողմը:

Հետագա օրերին նույնպես արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը 122մմ Դ-30 հաուբից եւ Դ-44 տիպի հրանոթներից, ականանետներից ու նռնականետներից: Հակառակորդը հրանոթներով կրակել է նաեւ Թալիշ գյուղի ուղղությամբ (18 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահությունը: Այժմ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է, նվազել է թե՛ կրակոցների քանակը, թե՛ օգտագործված զինատեսակների տրամաչափը:

Խորագիր՝ #08 (1179) 01.03.2017 - 07.03.2017, Ռազմական


01/03/2017