Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՆԱՏՕ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ



ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՆԱՏՕ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄԲելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ եւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Սերժ Սարգսյանը և Յենս Ստոլտենբերգը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

Այս տարի լրանում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության 25-ամյակը: Եվ ՀՀ նախագահը փաստել է, որ այս քառորդ դարի ընթացքում կառույցի հետ փոխգործակցությունը՝ ձեռք է բերել նոր բովանդակություն՝ վերածվելով Հայաստանի Հանրապետության բազմաշերտ անվտանգության համակարգի բաղադրիչներից մեկի: Իսկ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հարուստ օրակարգը ներառում է թե՛ ամենաբարձր մակարդակներում քաղաքական երկխոսություն և թե՛ կիրառելի համագործակցության բազմաթիվ օրինակներ:

Հաջողությամբ իրականացվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 4 ծրագիր, և ներկայումս եւս հաստատման փուլում է 2017-2019 թվականների համար արդեն հինգերորդ ծրագիրը:

-Հայաստանը շարունակում է իր կարևոր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության ու կայունության հաստատման հավաքական ջանքերում՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարի,-նշել է Սերժ Սարգսյանը: -Հայաստանն ինքը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության գործին՝ քաջ գիտակցելով, թե որքան է աշխարհն այսօր փոխկապակցված, և որ այլևս չկան առանձին պետությունների անվտանգային մարտահրավերներ: Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության արդյունքում զարգացնելով խաղաղապահության ոլորտում իր կարողությունները՝ Հայաստանը վերջին տարիներին ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունը. Կոսովոյում և Աֆղանստանում ընդգրկվածությանը զուգահեռ այսօր մեր զինվորականները մասնակցում են նաև ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում և Մալիում իրականացվող առաքելություններին: Ուրախությամբ եմ նշում, որ Հայաստանը Դաշինքի և անդամ պետությունների կողմից գնահատվում է որպես «ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկեր»:

Հպարտ եմ, որ մեր զինվորականները այս առաքելություններում գնահատվում են որպես պատրաստված, կարգապահ և պատասխանատու մասնակիցներ: Վստահ եմ, որ խաղաղապահ առաքելությունների շրջանակներում ձեռք բերված միջազգային փորձառությունն ու կարողությունները մեր զինվորականները լավագույնս կծառայեցնեն մեր բանակաշինության գործին:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մեր տարածաշրջանի ամենապայթյունավտանգ անվտանգային մարտահրավերին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին: Այս համատեքստում նա մեծապես կարևորել է ՆԱՏՕ-ի և անձամբ պարոն Ստոլտենբերգի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

-Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը՝ ծանր հրետանու և զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլևս այդ հակամարտությունն «ակտիվ» է, և այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին,-ասել է նախագահը:

Նա նաև վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ շարունակելու աշխույժ դրական օրակարգ ձևակերպել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության և անդամ պետությունների հետ՝ հանուն միջազգային խաղաղության և անվտանգության հետագա ամրապնդման:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում:

Խորագիր՝ #08 (1179) 01.03.2017 - 07.03.2017, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


01/03/2017