Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅԿՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ



«ՀԱՅԿՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Հայկյան-2016» մրցանակաբաշխությունը, որը տարվա ընթացքում երիտասարդական ոլորտի աշխատանքներն ամփոփող միջոցառում է: 16 տարվա պատմություն ունեցող մրցանակաբաշխության նպատակն է բացահայտել, գնահատել այն անհատներին, կառույցները, որոնք տարվա ընթացքում նշանակալի մասնակցություն են ունեցել երիտասարդական դաշտում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը խրախուսում է երիտասարդության շրջանում նախաձեռնողականությունն ու ստեղծագործ միտքը, ինչի շնորհիվ մեծանում են հասարակության ինքնակազմակերպման կարողությունները՝ նպաստելով քաղաքացիական հասարակության ամրապնդմանն ու զարգացմանը: Արդեն ավանդական դարձած «Հայկյան» մրցանակաբաշխությունն այս անգամ նվիրված էր ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին։

«Հայկյան-2016» մրցանակներ շնորհվեցին 10 անվանակարգերում՝ «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր», «Լավագույն երիտասարդական հաղորդում», «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ», «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» եւ այլն:

«ՀԱՅԿՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՍահմանվել էին նաեւ հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հատուկ մրցանակներ շնորհվեցին Կոնստանտին Ենկոյանին՝ «Նոբելյան օրեր՝ Երեւանում» գիտական միջոցառումը նախաձեռնելու համար, Տիգրան Քոչարյանին՝ 2016 թվականին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը Հայաստանում կազմակերպելու եւ ինտելեկտուալ շարժումը զարգացնելու համար, «ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիր» կազմակերպությանը՝ «Երիտասարդության ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կազմակերպություն» անվանակարգում, Արթուր Ալեքսանյանին՝ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման եւ նվիրումի համար, Հենրիխ Մխիթարյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի եւ հայկական սպորտի հանրահռչակման համար:

«Հայկյան-2016» հատուկ մրցանակներ էին շնորհվել նաեւ 2016 թվականին ՀՀ «Մարտական խաչ» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշաններով պարգեւատրված 47 զինծառայողների, որոնք խորհրդանշական արձանիկներից բացի ստացան նաեւ «ԱրմԹաբ» հայկական պլանշետներ։

Մրցանակաբաշխության ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին՝ կարեւորելով ավանդական դարձած այս նախաձեռնությունը.

«ՀԱՅԿՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ-Ես մշտապես հաճույքով եմ հանդիպում երիտասարդների հետ՝ լինեն նրանք զինվորականներ, գիտնականներ, ուսանողներ, թե մեր կուսակից ընկերները: Սա նաեւ հնարավորություն է տալիս ճշտելու մեր ուղին, ճշգրտումներ մտցնելու մեր աշխատանքում: Իհարկե, թախիծով ու նաեւ հպարտությամբ շնորհավորում եմ հայրենիքի սահմանները պաշտպանելիս քաջի մահով ընկած մեր զինվորականներին ու նրանց ծնողներին: Թախիծով, բնականաբար, որովհետեւ նրանք չկան, ավելի ճիշտ՝ այս դահլիճում չեն, ու հպարտությամբ, որովհետեւ մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր ունեն արժանապատվություն, պարտքի զգացողություն, ովքեր ունեն հայրենասիրական ջերմ զգացումներ:

Իհարկե, շնորհավորում եմ նաեւ մյուս մրցանակակիրներին, որոնց պատմությունը հաջողությունների պատմություն է: Մենք պարտավոր ենք ուղղակի առանձնացնել եւ ուրիշներին ի ցույց դնել մեր լավագույններին՝ այն մարդկանց, ովքեր իրենց աշխատասիրությամբ, իրենց տաղանդի շնորհիվ կարողանում են հասնել հաջողությունների:

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

Լուս.՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

 

«ՀԱՅԿՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՀ.Գ. Նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակներ է հանձնում աչքի ընկած զինծառայողներին, հետմահու պարգեւատրվածների հարազատներին: Լեփլեցուն դահլիճը հուզված է, զգացված: Մոտ քսան րոպե հոտնկայս ծափահարությունները չեն դադարում: Համընդհանուր ոգեւորության ու իրարանցման մեջ մերթ ընդ մերթ լսվում է ինչ-որ մեկի «ցավդ տանեմը»… Շրջվում եմ անծանոթ ձայնի ուղղությամբ. երգչուհի Շուշան Պետրոսյանն է, որ արտասվախառն-հպարտ դեմքով բեմահարթակից հնչող յուրաքանչյուր անուն-ազգանվան հետ կողքիններին ոգեւորված հիշեցնում է՝ ով է պարգեւի արժանացած զինվորականը, ինչ վաստակ ունի: Եվ նորից ու նորից առանձնահատուկ մի ջերմությամբ շարունակում է՝ «ցավդ տանեմ, ցավդ տանեմ…»՝ միավորելով դահլիճի հուզմունքն ու ապրումները:

Խորագիր՝ #08 (1179) 01.03.2017 - 07.03.2017, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


01/03/2017